ՍՈՒՄԳԱՅԻԹՅԱՆ ԵՂԵՌՆԻ ՀԵՏԱԳԻԾԸ
Նախնիներիս հայացքի լուսինը կարմիր
բարձրանում է վրեժի ամպերի միջից
և լուսավորում ավերակները խղճի:
Սև կետեր են դարձել բիբերը պատմության:
Եղեռնագործի հուշերը բանտախցե՜ր են,
ուր պետեպատ են խփվում երկինքները:
Ոսկորի լույսից կուրանու՜մ են աչքերը
Ոխի:
Մի բուռ խավար թաղելով հողում`
սպասում են (թուրքերը),
թե ուր որ է բուսնելու է լուսաբացը,
այնինչ ելնում են հողաթմբից ծաղիկներ
Ոսկորի...
Հիշողության թևերը խոցոտվում են գնդակներով:
Ցամաքած աղբյուրները գրիչներ են, որ այլևս
չե՜ն գրում: Նամակ է
շերտը հողի,
որից հառնու՜մ են նշանները Ելքի:
Ցավը զսպանակ է, որը դու՛րս է հրում
կափարիչը Ոգու:
Փախստական երկնքից հոսում է մրմուռը: Կարմիր,
կարմիր, կարմիր:
Վտանգավոր եզրերը խաղաղության
ծածկվու՜մ են փետուրներով Անհայտության:
Նժարներից հոսում է տատանու՜մը Կշռի...
Ճանապարհը ելնում է դեպի հորիզոնը`
Ապաշխարության բարու՜րը գրված:
Հիշողության թիկունքում շնչում է
հրեշտակը
և թևերով կշռում լռու՜թյունն այս հողի:
Սև՜ են ու կարմի՜ր առավոտները Համբարձման: