Սարգիս Վահագն
Ծնվել է 1927 թվին, Բեյրութում: 1945 թվին, ավարտել է տեղի ֆրանսիական Լիսե վարժարանի առևտրական ու հաշվապահական ճյուղը:
Սիրել է գրականությունը և գրել է սկսել պատանի հասակից, նախ՝ չափածո, բայց շուտով ներգրավվել է արձակի մեջ: Կատարել է նաև թարգմանություններ, մեծ մասամբ բանաստեղծություններ, միջազգային ճանաչված գրողներից:
1954 թվից սկսած իր գրությունները լույս են տեսել տեղի զանազան գրական ամսագրերում, իսկ վաթսունական թվականներին ընտրվել է «Շիրակ» ամսագրի խմբագրության անդամ ու վարել դրա միջազգային գրականության բաժինը:
Գրականությանը համընթաց, նա լուրջ հետաքրքություն է ցույցաբերել թատրոնի և կինոյի նկատմամբ. 1958-1959 թվերին, հրատարակել է «Նոր սինեմա» արվեստի հանդեսը:
Իր հրատարակված գործերն են՝
Պատմվածքների ժողովածուներ՝ «Մատանիներ», 1969 թ., Բեյրութ, «Արմատներ», 1981թ., Երևան , «Տագնապը» , 2000 թ. Լոս Անջելես:
Թատերգություններ՝ «Նաիրյան մորմոք» 1982 թ., Բեյրութ, «Աշոտ Ողորմած», 1991թ., Լոս Անջելես:
Վեպ՝ «Արշիլ Կորքի» (Գորկի), 2004 թ. (արժանացել է ՀՀ-ի Թեքեյան Մշակութային Միության Գրական, ինչպես նաև «Հայկաշեն Ուզունյան » մրցանականերին):
Փորձագրություն (գրական դիմաստվերների ու գրախոսականների հատընտիր)՝ «Գրական համաստեղություն», 2008 թ., Լոս Անջելես: Շահան Շահնուր- Արմեն Լյուպենի ֆրանսերեն բանաստեղծությունների ամբողջական թարգմանություն՝ «Շուրջը ոչի՛նչ», 2007 թ., Լոս Անջելես:
Փետրվար 18, 2008 թվակիր սրբատառ կոնդակով, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ.-ն, առ ի գնահատանք Սարգիս Վահագնի հիսնամյա գրական վաստակի, նրան շնորհել է Ս. Սահակ, Ս. Մեսրոպի պատվո շքանշան: