Harutin » 02 окт 2010, 18:52
ՎԱՐԴԵՐԻ ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ
1. ԳՅՈԹԵԻ ՎԱՐԴԸ
Փոքրիկ տղա, դու տեսար ինձ ու մոտեցար։
Բայց ես փթթել եմ քո լուռ հիացմունքի համար (դա քի՞չ է...)-
ուրեմն՝ ինչու պոկել... Ըստ այդմ էլ՝ իմ փշերը...
Լավ է՝ երեխա ես (երեխայի հոգում
ես լրիվ եմ բացվում)։ Արյունոտ են մատներդ,
սակայն վնաս չունի, քո դասը դեռ կառնես...
Մեծերն են վտանգավոր, որ գափս են
ձեռնոցներով ու մկրատներով։ Դրանց մեջ էլ
այգեպանն է լավ, որ խնամելու միտք ունի
(իմ Պատկերի մեջ էլ իր հոգին է խնամվում)։
2. ԴԱՆԹԵԻ ՎԱՐԴԸ
Դրախտում եմ բացվում,
իսկ արմատս այդտեղ՝ ձեր մոտ, հողի մեջ է։
Ինձ տեսնում է նա, ով հայացքր բարձրացնում է
ցողունիս ուղղությամբ (դա մի կյանք է տևում)։
Կան զեռուններ անթիվ՝ արմատներս են կրծում–
պարզ սննդի հոգսն է։ Անձրևաորդերը
(դրանք պոետներն են) հողս են փխրեցնում՝
ոգեշնչման վարդագույն գալարումների մեջ։
Կույր են նրանք, սակայն
ներքին տեսողությամբ
ավելին են տեսնում։
3. ՌԻԼԿԵԻ ՎԱՐԴԸ
Այսքան կոպերի տակ
ոչ մեկի քունը չեմ։
Ուխտի ծիածանն եմ
շողշողուն - կամարը՝
բացված երկսյան վրա։
Մի սյան վրա, քանզի,
կամար չի կառուցվի:
Դուք ասում եք՝ չարն ու բարի՞ն են սյուները...
Դա ձեր գործն է։ Միայն կասեմ՝ պարադոքսն է
Աստվորը, նաև՝ մարդն՝ իր զույգ ոտքերին։
4. ՊԱՐԶԱՊԵՍ ՄԻ ՎԱՐԴ
Մայիսին ես բացվում եմ Աչքի համար,
իբրև տեսողության երանություն՝
մի ողջ ամառ...
Երբ ձմեռն է գալիս
(մուրաբայի հոգսը),
ես ձեր Զոհն եմ դառնում։
Մինչև մյուս Մայիս...