Harutin » 09 окт 2010, 09:48
Եթե միաբանվեք մեկընդմիշտ
Եթե մի անգամ փորձեք
ձեր աճեցրած խնձորը,
ցորենը, խիղճը, կարտոֆիլը
չվաճառել անբաններին,
շատ բան կփոխվի աշխարհում:
Եթե ծեր տղաները
չծառայեն նրանց,
չդառնան չարիքի թիկնապահը,
եթե ձեր աղջիկները չտրվեն նրանց,
սերը չի այլասերվի աշխարհում:
Եթե գործ չունենաք բանկերի,
տոկոսների, թակարդների,
վարկերի ու դատավորների հետ,
աշխարհը կսկսի ապրել
իր նախնական արդարությամբ:
Եթե մաքուր պահեք ձեր բերանը,
լեզուն, մտքերը, ցանկությունները,
եթե ձեր սրբությունները չկիսեք
պղծվածների հետ,
շատ բան կփոխվի աշխարհում:
Եթե դուք մի օր որոշեք
միաբանվել իրար հետ
խղճի թելադրանքով`
թշվառների արցունքով սնվող
չարիքի արմատները կսկսեն չորանալ:
Լացը կփոխվի ծիծաղի,
բնազդային սխալները
չեն բարձրանա գոտկատեղից վեր,
և սերը, հավատն ու պատիվը
չեն հայտնվի անբանների ոտքերի տակ:
Եթե դուք մի օր որոշեք
մեկընդմիշտ միաբանվել իրար հետ,
ձեր աճեցրած խաղողը, հույսը,
սերն ու սրբությունը չտալ անբաններին,
շատ բան կփոխվի աշխարհում: