ԵՐԿՈՒ ՓՐԿՎԱԾ ԲԵԿՈՐ` ԿՈՐԱԾ ՊՈԵՄԻՑ
(բեկոր առաջին)
Թեև կոպերիդ խեցեփեղկերի տակ պահ էիր տվել
իրահեղձ աստղեր,
բայց երբ անվերծանելի բևեռանշաններդ փորագրեցիր
չթրծված կավին մենության,
նախարարչական հուշերով լեցուն մի պտուտահողմ
փաթաթվեց ինքն իր պարանոցին
ու խեղդամահ եղավ…
(բեկոր երկրորդ)
Այդ ո՞ր վաղուցն էր, երբ դուրս բերեցիր ջրերից
մարմինդ` պատված թեփուկներով ու ջրիմուռներով,
որպես մի կնքած գանձանակ-
ներսում խցանված բառերի բեռով:
Երկնքի թորած օվկիանոսից
թափվում էր անձրևը մխիթարության,
լվանում եղջերվաթաղանթներն աչքերիդ
աղաջրերի շերտից դառնահամ:
Եվ առաջին բառն ասացիր աչոք:
Ի՞նչ հորիզոններ բացվեցին, որ իրենց անունն էին
փնտրում աչքերիցդ ներս,
երբ քո ընդերքում շարժվում էին
խուլուհամրակույր բառերը,
ինչպես պտուղը պտղաջրերում արգանդի…