Գրչերգ
Իմ ցավաքաշ բարեկամ,
խենթ ու խելառ իմ գրիչ,
քեզնից թափվում են այնքան
զգացմունքներ գրգռիչ,
այնքան մաքուր երազի
անկրկնելի շող ու փայլ,
քաղցր սիրո եւ հույսի
մտերմական խոսք ու բառ.-
տառապանքի այնքան նուրբ
հյուսքե՜ր, հյուսքե՜ր անքննին,
հավատամքի ցավը սուրբ,
որ ուղղված է երկնին.-
այնքան թավիշ մեղմություն,
այնքան կարոտ մեղմության,
հոգու այնքան սեղմություն,
եւ արցունքներ սեղմության.-
այնքան առատ, զվարթ լույս,
շողարձակվող անրջանք,
հառաչանքներ երկնասույզ,
հառաչանքի ներշնչանք,
երջանկության տխուր կանչ,
կանչի թախծոտ զրնգոց,
հայտնվելը նրա կարճ
եւ կորչելը համր ու գոց.-
Իմ ցավաքաշ բարեկամ,
միակ լեզու – կարեկցանք,
քեզնից թափվում է այնքան
հավատի սերմ, հույսի ցանք,
այնքան բողոք վշտալի՝
անմարդկային դարի դեմ,
որ թվում է, թե դարի
ցավերը քեզ կխեղդեն,
կամ ծառաները դարի
կախաղանեն քեզ պիտի...-
Բայց դու մեջտեղ ես գալիս
շարժումներով հտպիտի,
եւ սրտիդ մեջ ծով-արցունք,
կատակներ ես շաղ տալիս,
եւ հոգիները անձուկ
ծիծաղում են ու լալիս:
Եվ դու հոգնած, դատարկված,
կորստյան ախ ու վախով,
կրկին լցվում ես նրանց
արցունքով ու ծիծաղով:
Եվ դու հորդում ես դարձյալ
եւ հողով, եւ եթերով՝
քո սպառման լեգենդին
ծիծաղի ցոլք նետելով,
իմ ցավաքաշ բարեկամ,
խենթ ու խելառ իմ գրիչ...
իմ գերիչ ու ավերիչ: