*
Կախարդվածի պես կանգնել եմ այստեղ,
լսում եմ շշուկն ամեն տերեւի,
ամեն հնչումը նրա բազմաստեղ.-
սա կախարդական ծառ է երեւի:
Պիտի որ այսպես չլիներ բնավ,
պիտի որ դրան չհավատայի.-
կախարդվածի պես նայում եմ լուսնին,
թվում է՝ մեռած պատկերն է մահի:
Կախարդվածի պես կանգնել եմ տեղում,
թվում է՝ այդպես պիտի չլիներ,
թվում է՝ ջուրը անցյալն է պեղում,
լսում եմ կորած մարդկային ձայներ:
Եվ այդ ձայները ջրերի հանգով
թվում է՝ հոգնած մարմինս են տանում,
տանում են՝ փակեն համաշխարհային
մութ քաոսների անտակ զնդանում:
Թվում է՝ ոչինչ էլ չի մնացել,
որ գուրգուրի ինձ քնքշությամբ անհուն.-
Արթնացրեք ինձ այս դաժան քնից,
այս կախարդանքին էլ չեմ դիմանում:

