Կարինե Կարինե » 30 янв 2019, 12:30
ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ԼԻՆԵՐ
Եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ,
Եթե սա' չլիներ, չլիներ նա',
Եթե ամեն անտես հստակ ու պարզ լիներ,
Հողը պարարտ լիներ, փողն` անհմա.
Եթե հարցում լիներ, խորհրդածում լիներ
Իմաստունների հետ ծեր ու անչար,
Մի փակ դռան տեղում երեք բացում լիներ
Ու շտկվեր սխալը չարաչար,
Իմաստության առաջ դուռը միշտ բաց լիներ,
Հայը չապրեր առանց Արարատի,
Դաշտերը միշտ վարած, հողը սերմած լիներ,
Պաշտեին և' մեծին, և' անհատին,
Եթե ամպի տեղակ Արև'ը լաց լիներ,
Սևանն անհա'րց լիներ ու բարձրաջուր,
Թե ուսումը ձրի', օրենքն անմա'ղձ լիներ,
Հայը սատա'ր լիներ համերկրացուն,
Եթե նախնյաց Ոգու' կարոտը հաց լիներ,
Ու ջահ լիներ պատգա'մը Մեծերի,
Եթե ամեն ասված մի քիչ արվա'ծ լիներ,
Մտքի' կարոտ լիներ, ոչ գանձերի,
Եթե ամեն ճամփա ուղիղ ու հարթ լիներ,
Միտքը խորունկ լիներ ու անաչառ,
Մի քանդածի տեղում, թե երկուսը շինվեր,
Բարին հզոր լիներ, չարը` անճար,
Եթե կռվի տեղակ սոսկ բանավեճ լիներ,
Սերը սուտ չլիներ, հավատը` սին,
Եթե մեկը` խելոք, մյուսը չար չլիներ,
Օրենքը դա'ս լիներ մեկ երկուսին,
Եթե հոգսը գետակ, հույսը կամուրջ լիներ,
Սերը նեցուկ լիներ ամպշող հույսին,
Խիղճը անվերջ սթափ, միտքը միշտ լուրջ լիներ,
Հավա'տն անխոնջ լիներ, մրմունջը` սին,
Եթե գարին ընկույզ ու հույսը կու'յս լիներ,
Չարիքն` անգործ, անհույս, անապաստան,
Ողբ ու լացի տեղակ խինդի' արցունք լիներ,
Արդարացի' լիներ գործ ու փաստարկ,
Եթե ամեն հարցում նորաբացում լիներ,
Հոգեդարձում լիներ ու արթնացում,
Ետընթացի տեղակ առաջանցու'մ լիներ,
Ըմբոստացու'մ լիներ ամեն հարցում,
Եթե ամեն քայլով ավելացում լիներ,
Ավերումի ուժը չեզոքացվե'ր,
Եթե անմիտ բիրտը անվեհացում լիներ,
Արարումի' ձիրքը ընտելացվեր,
Եթե նախանձն` անքեն, քենը անշունչ լիներ,
Բարությունը` կարո'ղ ու պատվական,
Եթե հաղթությունը անգոհացու'մ լիներ,
Ուժը ճար չլիներ, փողը` մական,
Եթե շնորհ ու ձիրք աստվածացու'մ լիներ,
Անկիրթ գոյությունը` աղերսական,
Եթե ամեն հարցով Նարեկացու'ն դիմվեր,
Արարատը լիներ մագնիսական,
Եթե օրենք ու դատ անթերացու'մ լիներ,
Անմիտն ուժ չունենար ու զորություն,
Թե չարության դիմաց մի պատառ լա'ց լիներ,
Ապաշխարու'մ լիներ ու թողություն.
Եթե ամեն հարկում գինի ու հաց լիներ,
Թե չլռե'ր հոգսը մարդկանց հոգում,
Եթե տոմսը ձրի ու ճամփան բաց լիներ,
Հավա’տն անդուրժ լիներ ու աննկուն…
Եթե այսպե'ս լիներ, եթե այնպե'ս լիներ,
Եթե սա' չլիներ, չլիներ նա',
Եթե վաղվա օրը Հասկանալի' լիներ`
Մարդը Հող չէ'ր լքի, ու չէ'ր գնա...
Սեյրան Մալխասյան 28.08.2003