Կատուն
Մի կատու կար սովորական,
Մեծանում էր խոհանոցում,
Նրա համար սուտ էր «չկան»,
Ուտում էր միշտ յուղ ու մածուն:
Անվերջ քեֆեր ու կերուխում,
Օրվա ոգի, օրվա շունչ էր,
Բայց էկրան էլ ելնում... տխուր,
Ժողովուրդը սոված է, չէ՞...
Լաց էր լինում, սուգ էր ասում,
Ողբում կյանքը կատուների,
Որոնց փորը բան չի տեսնում
Եվ անբախտ են, անտուն էլի:
Ու այնպես լավ մռռալ գիտեր՝
Ուրիշների ցավով տրտում.
Թախտին նստել, ունքը կիտել,
Երկրի բախտն էր սգում կատուն:
Թե նոր ֆիլմում տեսներ մի շուն՝
Առաջվա պես չէր վախենում,
Բայց աննկատ պոչը քաշում,
Իր գործին էր նորից կենում:
Վաստակել էր սեր ու պատիվ,
Կոչում էին՝ Կոշկա Մարկիչ.
Միտք էր անում գիշեր ու տիվ,
Կատու չէր նա, այլ մաքուր խիղճ:
Անզուգական մլավանի
Փառք ձեռք բերեց ողջ աշխարհքում.
Մկնագետ էր նա անվանի,
Թեպետ մուկ չէր տեսել կյանքում:
Թագավորի դուռն էր հասել,
Դարձել կատու պալատական,
Մկների փուչ «ցեղն անիծել»,
Անուն հանել խիստ պատվական:
Մոռացել էր պարոն Կոշկան
Իր անցյալը աղքատ ու խեղճ,
Եղել էր մերկ մի կոշկակար,
Քնել անգամ հին կոշկի մեջ:
Մեկ այս, մեկ այն ծխնելույզում
Պահ էր մտնում՝ կողը քերած.
Ձու գողանում, ծիտ էր որսում,
Բայց շատ հաճախ՝ շան ծեծ կերած:
Կյանքը փոխվեց... Ինքն էլ փոխվեց,
Փոխեց եւ հին, գզված մորթին,
Ինչ հնոտիք ուներ՝ ծախեց,
Շնորհ վերցրին լոթի-մոթի:
Օրերի հետ ճոխահանդես
Կյանքն անցնում էր՝ ոնց երազում...
Եվ ապրում էր կատուն այնպես,
Ինչպես որ իր սիրտն էր ուզում:
Առյուծի մոտ մլավում էր
Հույժ քաղցրալուր, փաղաքշաբա՜ր,
Տաք քսմսվում ու հալվում էր
Որպես քիմքին դրված շաքար:
Կապիկուհին ճա՞շ էր եփում
Կատուն քաղցր խնդմնդում էր,
Հովհար Հավին փափուկ-փափուկ
Խոսքեր ասում, կեռ ժպտում էր:
Բաժակ նայող Աղվեսուհու
Այտն էր պաչում հուզումնաշատ,
Նրա համար ծոցում պահում
Մի նոր ճարմանդ, հուլունքաշար:
Արջուկի հետ նա թավալվում,
Հաշտ սողում էր Մողեսի հետ,
Այծիկին, որ տուն է ավլում,
Ընդունում էր խինդով անհերթ:
Մեկ Փղիկի կնճիթին էր,
Մեկ տաք թեւն էր մտնում Գայլի,
Մեկ էլ՝ Ուղտի սապատին էր...
Ծանոթներ են՝ ամեն քայլի:
Օձին անգամ սրտակցում էր,
Էշին՝ առնում ծաղկով պոչի,
Փոխարքային ուղեկցում էր,
Թե որ պետք է՝ մինչեւ Սոչի:
Մառաններում ոսկի ու փող,
Փակում էր բաց ամեն բերան.
Իրենից վեր՝ այնքա՜ն լափող,
Մեկին՝ մի ծեղ, մեկին՝ գերան:
Այդպես էր նա կռվում շահում...
Քառսուն գոմեշ ու քառսուն ցուլ,
Բենզին, ցորեն... Ընտրարշավում
Շարժվեցին և կացին ու սուր:
Ոտքի ելան վստահված անձ,
Քավոր, քենի, ամեն մի թաղ...
Այնպես արին՝ մարդն էլ մեռած
Վեր կենա գա, իր ձայնը տա:
Դրսում անգամ չկար դադար՝
Նոր օգնություն, զորքեր բարի...
Որ մեր ազգը պարզ ու արդար
Ընտրությունն իր ճիշտ կատարի:
Խոստումները՝ լալ, մարգարիտ,
Մեղրածորիկ, հնդու գաթա,
Ամեն մեկը՝ խիստ ճշմարիտ,
Մարդ, ախր, ո՞նց չհավատա:
Գեղգեղում էր. «Թե ինձ ընտրեք՝
Ընտրվում է ձեր... ապագան,
Ուրեմն, ինչ ուզեք՝ խնդրեմ,
Պանիր ու կաթ, յուղ ու շաքար:
Ի՞նչ գործարան, ի՞նչ աշխատանք,
Չարչարանքի դարը գնաց...
Թախտին պառկած՝ փող կստանաք,
Անգամ թե որ լինեք քնած...
Ետ կբերեմ ես Մուշ ու Վան,
Արցախ, Մասիս՝ գլխիս վրա.
Եվ Տարոնից մինչեւ Սեւան
Կերգի հավքը մեր հազարան»:
Սոված օրեր՝ սոված փորեր...
Ամենքը, ով նրան լսում,
Հանում լեզուն եւ քաղցրորեն
Չոր շուրթերն էր համով լիզում:
Անգին գանձ էր ամեն խոստում,
Դեմք էր արդեն համբավավոր...
Եվ ընտրվեց մեր ջոջ կատուն
Պառլամենտի պատգամավոր:
Ի՛նչ կայֆ էր դա... Բավական էր,
Ուրիշ պաշտոն պետք չէր արդեն,
Սուրբ երազը իրական էր,
Բացվել էին ճամփին վարդեր:
Նորից շտկեց կատուն իրեն՝
Էլ ի՞նչ խմել, էլ ի՞նչ հաշիշ.
Բախտը ոսկե ձուկ էր բերել,
Մնացածը՝ ջուր տուր, քշիր:
Բեղերը՝ ձիգ, սիրունատես,
Նա կար ամեն հավաքույթում.
Ինչ կոնֆերանս, կամ ինչ հանդես,
Թե իր ճառը չասեր կատուն:
Հենց մռլտար՝ փլան-փստան
Դառնում էին թան ընկած ճանճ,
Հուրան-Թուրան, Ֆռանգստան
Դողում էին կատվի առաջ:
Նրա անվամբ էին երդվում
Կատվաստանի ցեղեր ու ազգ.
Երբ հազում էր կամ փռշտում,
Թերթն «այդ մասին տպում էր ազդ»:
Սիրում էր միշտ աղմուկ ու քեֆ,
Ժպտար՝ տակից տրվող դեղ է.
Ասես մորից ծնված էր... շեֆ,
Թեպետ՝ կատու, վագրացեղ էր:
Միշտ փողկապով, միշտ՝ պատվելի,
Նրան խորթ չէր ոչ-ոք, ոչինչ,
Բայց թե խոսքին մի խոսք բերիր՝
Ունեցածդ վերցրու, քոչիր:
Իսկը՝ աղա, թուրքի փաշա,
ՈՒրի՜շ էր մեր անմահ կատուն.
Նա իր կյանքում, է՛հ, ի՞նչ կաշառք,
Սիրո տուրք էր միայն ուտում:
Բա ամո՞թ չէ՝ սուտի-մուտի
Գործեր բռնի, կաշառք ուտի.
Կաշառքն էլ հո գիտեք ինչ է,
Որքան որ տան՝ էնքան քիչ է:
Կռվի տարում կատուն չկար,
Դեռ չէր ծնվել, ո՞վ չգիտե,
Կռվից հուշեր թողեց սակայն...
Ինչ գործ բռներ՝ հին վարպետ էր:
Կատվուհիներ պահում պես-պես,
Այցելում էր ամեն մեկին,
Անուշիկ սեր, քնքուշիկ սեքս
Եվ նվերներ շատ թանկագին:
Ընծաների նրբին հարցում
Ամեն ինչի չէր տալիս տոն,
Թե մուշտակ չէր մեկին հասնում,
Նվիրում էր մի լավ պաշտոն:
Բայց մի օր էլ ամպը պատեց,
Դեմը մի մուկ ելավ հանկարծ...
Վախից կատվի սիրտը պայթեց,
Ինֆարկտ... Նա մեզ լքեց անդարձ:
Իշխանական պատիվ ու կարգ,
Նվագախումբ պալատական...
Ի՛նչ թաղում էր... Սգո սեւ կառք,
Ոսկի դագաղ՝ մինչեւ անգամ:
Ու պանթեոն տարան կատվին՝
Շուք ու փառքով հերոսական.
Հետմահու եւ մեդալ տվին
Եվ լաց ու կոծ արին այնքան:
Ու ողբասաց բերին վարձու,
Չոր քարից էլ լաց էր հանում.
Էնպես էր բաց կուրծքը ծեծում,
Որ երկինք էր ձենը հասնում:
«Մեզ ո՞վ պիտի պահի, կատո՛ւ,
Մեր իմաստուն, նախշուն կատու,
Մեր վիզն ինչո՞ւ ծուռ թողեցիր,
Դու մեր սուփրի իշխան, կատու:
Մեր աննման, մեր սիրավոր,
Մեր հույս ու փառք, մեր թա՛գ, կատու,
Առյուծաբաշ ու զոլավոր,
Մեր ազնավուր, մեր կյանք, կատո՛ւ:
Դու շատգիտ ես ու հմայուն,
Մահից էլ ելք կգտնես դու...
Եվ, տես, շուրջդ ոնց են վայում,
Իրենց պատին տալիս, կատու:
Էդ քո չինար բոյը հիմա
Ինչպես հանձնենք այս ցուրտ հողին.
Պատկերդ՝ զարդ, աստղի նման,
Ոնց թաղենք մեզ լույս տվողին:
Ո՞ւմ աչքն էիր հանել, կատու,
Ո՞ւմ տեղն էիր վարել, կատու,
Որ զոհ դարձար... Մեզ որբ թողիր,
Մեր հեր ու մեր, մեր տեր, կատու»:
Ողբասացը շրջվում, մեկ էլ
Նոր եկողի սիրտն է մտնում.
«Մի տե՛ս, Մարկիչ, ով է եկել,
Վե՛ր, թանկ հյուրիդ ընդունիր դու:
Դե, վեր կաց վեր, մեր մինուճար,
Մեր փուչ կյանքի դարման ու ճար,
Ազգի պատիվ, հզոր հանճար,
Մեր խոսք ու ճառ, անչար կատու»:
Սապատներն է ուղտը ցնցում.
-Կատուն ո՞րն է, թռչկան ասեք...
Մողեսիկն է վայում ցածում.
-Վո՜ւյ, մեր կատուն մեռավ, հասեք...
Նոր «սիգար» է Գայլը վառում.
-Մեր տունը մեր գլխին քանդվեց...
Փիղը գայլի խոսքն է առնում.
-Քանդվե՜ց, քանդվեց... Աղետ է մեծ...
Կապիկուհին կուրծքն է ծեծում.
-Ղուրբան լինեմ փակ աչքերին...
Իր սեւ բախտն է Հավն անիծում.
-Ո՞վ մեզ համար կուտ կբերի...
Արջն իր գլխին տալիս է, թե.
-Անզարթ քնից զարթնիր, կատու...
Իր զոռոցն է Էշը զլել.
-Ո՞ւմ ես թողնում «Ջիպդ», կատու:
Սիրամարգն է հոնգուր լացում.
-Դեհ, վեր կաց, վեր, խորն ես քնում...
Կողքից Օձն է ֆշշացնում.
-Աղջի, սո՛ւս, իր տունն է գնում:
Աղվեսը սուտ ուշքից գնաց.
-Աստված, էս ինչ ծանր պահ է...
Վագր քեռին խուլ մռնչաց.
-Թեպետ մեռավ, բայց անմահ է:
Ճանկռոտում են երեսն իրենց,
Մազեր փետում, ողբ են ասում
Տղամարդիկ, փոքրիկ ու մեծ,
Սիրուհիներ, կին սիրասուն...
Էլ Ռնգեղջյուր, էլ Ձի ու Խոզ,
Ընձուղտ, Ոչխար, Խխունջունի,
Շիլ նապաստակ, Կոկորդիլոս...
Թափորը ծայր ու վերջ չունի:
«Նիկոլոգը», թերթում տպված,
Ձեռքից ձեռք է կամաց անցնում,
Աչքները՝ թաց, լեզուն՝ կապված
Մեկը մեկին բան չի հարցնում:
Քելեխատուն... Սեղան բացել,
Երկնքի տակ ինչ կար-չկար,
Բերել են ու այդտեղ լցրել՝
Թե ձուկ, թե միրգ, միս, խավիար:
Այծն իր պոզով բացեց շիշը,
Պարտկոմ Ջորին խոսքը առավ.
-Ողորմի տանք... մեր Մարկիչը
Հազար տարվա մեռել դառավ:
Թամադա է Ուղտը կարգվում՝
Պռոշը կախ ու սրտաբեկ.
-Նա քեֆ սիրող մարդ էր կյանքում,
Մենք էլ առատ ուտենք, խմենք:
Ու սկսվեց... Ու մոռացան
Մարկիչ ու մահ, թունդ կոնծեցին...
Մի քիչ էլ՝ եւ... երգի անցան,
Վերջում հասան ծեծկռտոցի:
Ոտքը գետնին խփեց Արքան,
Խոսքը խլեց հարբած այծից,
Հուզիչ բաներ ասաց այնքան,
Ծով գոյացավ մի նոր լացի:
Բայց ինչ օգուտ, կատուն գնաց,
Ո՞ր մեռածն է լացով զարթնում,
Տեղը նրա թափուր մնաց,
Փոխարինող չուներ կատուն:
Կռիվ տվին տեղի համար,
Մեռած կատվին ախպեր դարձան.
Զարկին-զարկվան, ջարդին իրար
Ու նոր միայն հանգստացան:
Բացին կատվի տուն-թանգարան.
Մկան թակարդ, գահ ու նկար,
«Մենյու», թեսթեր... Այնտեղ տարան
Կատվի տանը ինչ կար-չկար:
Քանի՜, քանի մլավկանի
Նշանակվեց ցմահ թոշակ.
Որ Մարկիչի թախտե գահին
Փռել են մի բարձ կամ դոշակ:
Որ, ճեմելիս, կատվի պոչից
Բռնել են ու բարձր պահել,
Որ վերցրել են ճամփից փոշին,
Մի տաք խոսքով սիրտը շահել:
Եվ անունը հերոս կատվի՝
ԿՈՇԿԱ ՄԱՐԿԻՉ ՎԱԳՐԱՄՈՐԹՅԱՆ,
Ոսկետառվեց իր տան պատին՝
Նշանի հետ հավերժության:
Իսկ տան բակում՝ կատվի համար,
Մահից երեք օր էլ չանցավ,
Գրանիտից կապույտ ու վառ
Կանգնեցրին մի հուշարձան:
Կատվամեծար մեր օրերում
Քանդակեցին այսպես նրան.
Ժողովրդի վիշտն աչքերում,
Թաթը՝ դրված մկան վրա:
Ծաղիկ դնում ամեն եկող,
Թախծում է եւ խոնարհ լռում.
Միայն շունն է նայում դժգոհ,
Հաչում, ապա՝ երկա՜ր մռռում:
Ցավ է հիմա երկրի սրտում,
Մկները՝ շատ, չունենք փրկիչ...
Ա՜խ, ո՞ւր ես մեր անբախտ կատու,
Մեր անմոռաց Կոշկա Մարկիչ...