ՎԱՌԼԵՆ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ՁԱՅՆԻՍ ՀԵՏ
Առավոտյան արձակված գնդակից
գլուխս խույս տալով`
հեռանում է դեպի բնական մահ -
թախիծը, քաղցր բառերի բույլի տեսքով,
բանտարկյալ զգացմունքները
բաց է թողնում երկիր:
«Գիտե՞ս,- ասում է ինձ ներքին ձայնս,-
հիմա, երբ դու դարձել ես հավանական թիրախ,
ուզում եմ հայտնել,
որ քո կյանքը կարող էր լինել
արձակ բանաստեղծություն,
եթե չունենայիր այն հոռի գծերը,
որոնց համար քեզ շարունակ
պարսավում են մերձավորներդ...»:
Մինչ գնդակն անվրեպ սուրում է դեպի թիրախը,
զղջման ու մեղքի ծանր ապտակները
շրխկոցով իջնում են բաց ներվերիդ-
ումի՞ց ներում հայցես,
ո՞ր համոզված գուշակը կհավատա
քո ուշացած զեղումներին,
այդ ե՞րբ ավարտվեց խոստովանանքի քո ժամանակը,
և հիմա ո՞վ իր մեղադրելու իրավունքը
կփոխանակի արդարացման քո անզոր ճիգերի հետ...
Դու, ժամանակավրեպ վերջին բանաստեղծ,
անցյալ դարավերջի կեցվածքով արարած,
մինչ գնդակը համառորեն գալիս է քո հետևից,
դու արդեն չես հիշում,
ավելի ճիշտ` մոռանում ես,
թե հարազատներդ վերջին անգամ
խանդաղատանքով ե՞րբ հպվեցին կրծքիդ,
և ահա, սպասումներդ բաց ատամնաշարով
հեգնալից ժեստեր են հղում դեպի քեզ`
վերադարձնելով քեզ քո իսկ անիմաստ հանելուկը`
անլուծելի, հիմար ու թերարժեք...
Այդուհանդերրձ, երբևէ չհուսաս`
գնդակն այդ թեև շարունակ գալիս է քո հետևից,
բայց երբեք, երբեք չի հասնելու քեզ,
դու այս ծանր ու բութ զգացումը
դեռ երկար պիտի շալակած տանես,
դեռ երկար քո քիմքը աղի,
տտիպ ու դառնահամ կմնա,
մինչև ցորենը հանց մասուր լինի,
կամ մինչև գարին հանց ընկույզ դառնա,,,