Inna » 15 янв 2009, 16:20
Կինը աստծո հարսն է
Կինը աստծո հարսն է, ասին,
Աստծո գինու թասն է, ասին,
Ա՜խ, չէ, աստծո հարճն է կինը,
Աստծո գինու փարչն է կինը:
Աստծո գինին անմահական`
Հարբեցնում`աստծուն անգամ,
Սուրբ գրկի մեջ աստվածային,
Ծախվում է միշտ սատանային…
Այնինչ, որպես իր մորն արթուն`
Աստված էլ է մորը պաշտում:
Լռիր, անմիտ սիրտ իմ անհաշտ,
Մեղք է մայրս աստվածապաշտ:
Ինչո՞ւ ընկնես մորս աչքից,
Ո՞նց ձեռ քաշենք այն հրաշքից,
Որ մեծ մայրն է մորս կյանքի,
Հրաշք մայրն է տիեզերքի:
***
ՀԱՅՐԵՆԱՊԱՏՈՒՄ
Արազ, երբ երբ որ դու մեկ լալով, մեկ խնդալով կընթանաս,
Երբ քո խռով զույգ ափերին ծաղկունք տալով կընթանաս,
Արդյոք գիտե՞ս, որ հավիտյան հայ շուրթերն ես համբուրում
Երբ մինչև ծով զույգ ափերդ համբուրելով կընթանաս:
ՄԱՅՐԱՊԱՏՈՒՄ
Մայրե՛ր, ես ձեր խղճին մատաղ, դուք եք կյանքը նուրբ պահում,
Դուք եք միակ սփոփանքս, դուք եք վանքը սուրբ պահում,
Ձեզ երգելով` մորս եմ երգում, մորս գովքով` ձեզ կերգեմ,
Երկրի աղը մայրն է միայն` խիղճն է կյանքը նուրբ պահում:
ԽՈՀԱՊԱՏՈՒՄ
Այսքան տարի այս երգերով միտք եմ անում, ի՞նչ արի,
Այս երգերով, այս վերքերով ինչ որ արի` շատ արի,
Ես իմ մահը հազար տարով դուրս վանեցի աշխարհից,-
Թեկուզ հազար երազ լինի` արթուն վիշտս նինջ արի:
ԼՈՒՍՆԱՊԱՏՈՒՄ
Լուսնի վրա ես ման եկա` չկար գարուն ինձ նման,
Քարացել է մահն ամենուր ու մենությունն ինձ նման,
Ա՜խ, այստեղ էլ կյանք է եղել ու բանաստեղծ միգուցե,
Թափառել է ու երազել անմահություն, ինձ նման:
ՍԻՐԱՊԱՏՈՒՄ
Ասի` թողնեմ կին ու գինի, ճգնավորի պես ապրեմ,
Քաշվեմ սարը, սար ու ձորի մենավորի պես ապրեմ,
Բայց սարում էլ սարի մարալն հուրի թվաց իմ աչքին,-
Քանի վառ ես, սի՛րտ իմ, ես ո՞նց ալևորի պես ապրեմ…
ՀԱՎԱՏԱՊԱՏՈՒՄ
Աղոթքի պես է հոսում արյունս իմ երակներում,
Ոսկի խունկի պես վառվում է ոսկի սրտիս բուրվառում,
Խունկիս բուրմունքը աչքերիս լույսն է, որ թռչում է քեզ,
Ով սիրո աստված, քո ետևից է կյանքս թափառում:
ՀԵՌԱՊԱՏՈՒՄ
Գիտեմ` ինչ են ծով աստղերը` գալիքների ծով պաշար,
Տիեզերքի տիրակալն է հերթի դրել շարեշար,
Որ երբ հսկա արևն հանգչի, մի աստղ դնե նրա տեղ,
Որ կյանքն հավերժ ու դու հավերժ հրաշք մնաս, ո՜վ աշխարհ: