Մի քիչ էլ բեր ոտքս
Կախ գցեմ ու գնամ,
Գարուն գա արևոտ,
Շաղ գցեմ ու գնամ,
Բացատում` մասրենու
Մամխենու թփերով
Մի պուճուր դրախտան-
Բաղ գցեմ ու գնամ...
Խաղ գցեմ երգասաց
Սոխակին ու ծտին
Ձեն- ձենի մի սիրուն
Տաղ կցեմ ու գնամ.
Երկինքն ու երկիրը,
Ասում եմ, էս ցրտին
Վեր կենամ, մի օրով
Հալ գցեմ ու գնամ...
Խառնվեմ ջրերին,
Քամուն թե` կրակին,
Կառ գցեմ սիրահար
Սրտերը ու գնամ,
Աշխարհի էս անհամ
Կիսաեփ խորակին,
Ջիգյարով, մի պտղունց
Աղ գցեմ ու գնամ...
................
Բառուբանիս հետ
Կաթիդ համն առա,
Թե հենց կաթդ էր
Բառուբանն իմ հին,
Մայրիկ, եկել եմ,
Ինձ նանիկ արա
Ճոճքս կախ գցած՝
Խնձորի ճյուղին...
Ոտքերս կապիր
Ծաղկե փաթթանով,
Ու քարկապ գցիր
Պորատալիս հետ,
Խրատդ արա
Խոսքերիդ թանով,
Որ էլ չփնտրեմ
Օտար արահետ․․․
Թող , թափվեն վերից
Շաքար խնձորներ,
Հեքիաթիդ պստիկ
Աղջկա համար,
Թող գյուղս հսկեն
Ափլան - Ղափլաններ,
Դիվարյուն խմեն
Տամար առ տամար...
Ուրիշ հեքիաթ էլ
Հորինիր, մայրիկ,
Էգուցվա պայծառ
Օրերը գրկած,
Որ հետո զարթնած
Աղջիկըդ քայլի
Այրվող աշխարհի
Բարուրը փրկած․․․
.............
Թող չարթնանա վայրին անվերջ,
Դառնամ քնքու՜շ, ամաչկոտ կին
Եվ քո կողքին, նաև քո մեջ,
Ողջ սերերից լինեմ հարգին․․․
Չէ, դառնամ մի չալ դեղձանիկ
Եվ ծլվլամ ականջիդ տակ,
Դու հենց միայն հեռվից ձայնի՛ր,
Վանդակով էլ թռած կգամ..․
Թող ես լինեմ շունդ՝ տանու,
Անունս դիր Բողար կամ՝ Ջեք,
Ոտքերիդ մոտ խանում- մանում,
Թաթս թաթիդ երկա՜ր ննջենք․․․
Կամ էլ դառնամ բառը՝ շուրթիդ,
Շիրայի պես կպչեմ, մնամ,
Ամեն մի նոր սիրո փորձից
Համս քիչ էլ ավելանա․․․
Թող վերանա ամեն կասկած,
Ամեն տագնապ՝ վերքս քերող,
Թե՝ ի՞նչ գտար մեջս հանկարծ,
Տեսք էլ չունեմ, ախր, գերող․․․
Թե ի՞նչն իմ մեջ հավանեցիր,
Ի՞նչ կորցրիր, կամ ի՞նչ գտար,
Քանիսին էլ ետ վանեցիր,
Մինչև սառցե սիրտս մտար․․․
Ամառ, ձմեռ , կարևոր չէ,
Քոնն եմ, ասեմ, մնամ կողքիդ,
Թեկուզ կյանքս արևոտ չէ,
Բայց դե վրաս տա՜ք է հոգիդ..
................
Ամեն կաթիլ արցունքի մեջ
Մոլորակ կա կախված,
Զգույշ եղիր, կկործանվի
Մի լուսավոր աշխարհ...
Ամեն բարի խոսքերի հետ
Ողջ տիեզերքն է լցվում,
Երբ որ դեմքին անհույս մեկի,
Պարզ ժպիտն է գծվում...
Անգամ սոված անտեր շան մեջ
Մի մարդաչափ սեր կա,
Մարդս մարդուն հասկանալու
Հազար ու մի ձև կա․․․
Ափս պարզեմ, ոչ մի արցունք
Թող չկաթի հողին,
Չխառնվի ցավ ու թախիծ
Խատուտիկիս ցողին․․․
..................
Հողս ձեռքերի
Կոշտացած ափն է,
Երբ ափիս միջին
Սեղմում եմ ամուր,
Գարնան գոլորշին`
Քրտինքի քափն է,
Ճիշտ հորս նման,
Երբ փոր էր անում...
Հողս ծաղիկի
Էն ծանոթ հոտն է,
Կաթի համ ունի
Եվ թոնրահացի,
Հենց թիկն եմ տալիս`
Ես մորս մոտն եմ,
Որ միշտ սաստողն է `
Սիրտ քամող լացիս...
Հորս հոգու պես
Էս թավշե խոտն էլ,
Միշտ շաղը վրան,
Հա կխրատե`
Մորդ ծոցն ընկար,
Դեռ էն գիժ հորթն ես,
Քամին պնչիդ մեջ
Հանդը կչափես...
.............
Ասացիր, թե՝ վաղը ես կգամ...
Սխ, այդ վաղը բայց ե՞րբ է գալու,
Աննահանջ խավար է դեռ՝ չկամ,
Սպասման փշփշոտ այս խալուն...
Չի լինում աչքերս ՝ էլ փակել,
Չի թողնում զարկերակը քունքիս,
Թվում է, թե դուռս ես թակել,
Չեն հասել ձայները՝ խուլ ունկիս...
Ու դու ես, ես չկամ այլևս,
Սրտիկիս փոքր ու մեծ փորոքում
Եվ այդ քո արյունն է, արևս,
Կուրծքս իր խշշոցով ոռոգում...
Ու սիրուն բառերս խտտած,
Թեքել եմ գիշերվա թուշը պիրկ,
Տես, նորից քեզանով եմ փթթած,
Մի չքնաղ առավոտ՝ սիրագիրկ...
..................
Խաբար արի, որ գաս,
Քեզ կարոտել էի,
Ոչինչ, որ մեղքերիդ
Լավ -վատ ծանոթ էի,
Ասի մի անգամ էլ
Մարդուն պիտի ներեմ,
Բոլոր լավ բաները
Նորից ի մի բերեմ...
Շատից- քչից, թե որ,
Մարդ է, ասենք զգաց,
Կորցնելու համար
Գիտեմ պիտի սգա,
Պիտի զղջա, որ թե
Մի քիչ շատ չի սիրել,
Թե փորձել է միայն
Մերկությունս տիրել...
Ու զանգեցի քիչ է,
Դեռ կանչեցի՛, բա ՝ չէ,
Ուզածս էլ այնպես,
Մի կարևոր բան չէր,
Մահանա էր, նորից
Տեսնվելու համար,
Ի՜չ հաշտվելու պատճառ,
Սրանից էլ հարմար...
Թե էսքանից հետո,
Մարդ ես, եկար` եկար,
Չեկար, ուրեմն ի՞նչ կա
Մտածելու երկար,
Որ քիշմիշի գինին
Ժամանակն էլ ետ տար,
Սեր չի դառնա արդեն,
Անգամ պաչս` նեկտար..