СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяТегеран предупредил Анкару: Иран не допустит подрыва своих региональных связей из-за необдуманных заявленийИлон Маск предложил Владимиру Зеленскому сложить полномочия и покинуть территорию УкраиныВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом Трампом

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:50

Թ.
Այնքան դժվար գտած ՙդժվար՚ ընկերներով
ամեն երեկոյան մենք դուրս էինք գալիս.
չափում էինք աշնան փողոցները գերող,
հանդիսավոր, ջերմին քայլով մեր հարգալից:

Մինչեւ խորը գիշեր շրջում էինք տրտում,
մեր տրտմության շիլան խառնշտելով զվարթ
անպարտելի խոսքով՝ իբրեւ կյանքի երդում,
իբրեւ սկիզբ սիրո, այլ ոչ ավարտ:

Իջնում էինք այն հին Աստաֆյանով,
որ Աբովյան պայծառ անունով է կնքված,
եւ Չարենցի երգը, եռքը հոգի հանող
շտկրտում էր մեկից մեր ուսերը կքված:

Հետո ձգվում էինք,
ելնում էինք,
աճում՝
մինչ աստղերը, մինչեւ
լյառն Արարատ,
իսկ այնտեղից այն կողմ
երեւում էր գետը,
Ղարսաչայն էր զվարթ կանչում ու կարկաչում
անպարտելի երգի հովտում, ախ, ծաղկառատ:

Անպարտելի երգի չթառամող հովտում,
մեր հասակին ելած լեռան բարձրությունից
երեւում էր Վանա ծովը տրտում,
երեւում էր Խանասորը տրտում,
Սիսն էր ծնվում մուժի թանձրությունից,
Երզնկայի դաշտը, Մշո դաշտը ամբողջ
դեռ ծխում էր հայոց ուժի խանձվությունից:

Այդ բոլորը ահա
Երեւանն էր, որ կար,
այդ նա պիտի բոլոր
մեր ցավերը հոգար:

Ու պատանու խանդով՝ լոկ մաքրության ատակ,
ոչ թե գնում էինք, այլ համբառնում,
եւ Տերյանի պայծառ շշունջներին այն տաք
մեր տաք սրտի ՙախն՚ ու հառաչն էինք
խառնում,
թե՝ Անեյլա, ոչ ոք չի համբուրել, ախ, դեռ
շուրթերը քո մաքուր, կուրծքը քո դողդոջուն.-
եւ չկային սերը այլասերող ախտեր,
այլ կար սրտի մխանք եւ կարոտի գոչյուն:

Քայլում էինք, մինչեւ
մեր Անեյլան դուրս գար
պատշգամբը՝ որպես գիշերային շուշան,
մեզ նվիրեր մի ցոլք եւ հասկանար ինչե՜ր՝
մեր թագակիր սրտից՝ պատյանի մեջ
ՙխուժան՚:

ՙԽուժան՚ պատյանի մեջ՝ մանուշակներ,
վարդեր,
բուրումնավետ խոսքի հիացիտներ
պոռթկուն.-
այնքան նուրբ էր նա մեզ կանչել ու թակարդել,
որ թե՝ նա ու՞մ սերն էր-
մենք չէինք էլ հոգում:

Նա բոլորիս սերն էր, քանի որ մեզ նրան
պատգամել էր Վահան մեր եղբայրը անգին,
նա՝ Տերյանի խոսքի ցոլանքները վրան,
նրա բորբ կարոտի շղարշները հագին,

նրա թոքատապի բալասանը միակ,
նրան փրկող միակ ճառագայթը հույզի,
աշնան շրշյուններով մեզ կանչում էր անհագ
դեպի ախտափրկիչ ջերմությունը հույսի:

Առանց երկար-բարակ մտածելու եւ կամ՝
առանց երկար-բարակ խելքներիս զոռ տալու,
ՙդժվար՚ ընկերներով ու քայլերով տարտամ
մենք գնացինք՝ նրա գերեզմանին լալու:

Փնտրեցինք, որ գտնենք,
բայց գերեզման չկար,
հո մենք չէի՞նք եկել
առանց հասցե լալու.-
եւ մեր արցունքն այդպես
կախված մնաց երկար,
երկար փափուկ մնաց
եւ մեր սիրտը արու:

Եվ այդ փափկությունից
ազատվելու հույսով,
գնացինք, որ գտնենք
հզոր Եղիշեին.-
բայց մեզ շրջապատեց
հիշողության ի՜նչ սով.-
կարծես՝ չէր եղել նա,
չկար, որ չհիշեն:-

Նա, որ ոգեկոչեց տանջանքը մեր ցեղի,
եւ հաղթության դրոշ բռնած, քայլեց առաջ,
որ կենդանի լույսն էր մեռած մեր մեծերի՝
աշխարհն ընկած, քայլող լապտեր դառած,
կորած հետքն էր փնտրում կորած Աբովյանի
եւ Տերյանի շիրմի տեղը գիտեր,
ասում էինք՝ հենց նա պիտի գա, մեզ տանի
այն շիրիմին, որ մեզ հանեց սիրո եթեր...

Եվ փնտրեցինք երկար,
եւ շատ փնտրեցինք մենք,
բայց ոչ շիրիմը կար,
ոչ գոնե գեթ մի հետք.-կամ նշանի մի տեղ,
ուր արցունքը մեր տաք
դարձընեինք կանթեղ
երկնի կանթեղի տակ:

Փնտրեցինք, որ գտնենք,
բայց գերեզման չկար,
հո մենք չէի՞նք ծնվել՝
առանց հասցե լալու.-
եւ մեր արցունքն այդպես
կախված մնաց երկար,
երկար փափուկ մնաց
եւ մեր սիրտը արու...

Շունչ ու բերան դառած,
մենք կանչեցինք նրանց,
եւ մեր շուրջը հանկարծ
արձագանքը եռաց...
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:51

Ժ.
Այդ պատճառով ահա
ձեզ պատգամ եմ կարդում՝
-կանչեք իրար, հայեր,
թե քնած, թե արթուն.-
Օ, ձայն տվեք իրար,
կանչեք անուններով,
պապի անունն ասեք
եւ կամ՝ նախապապի,
թե ոչ՝ մեզ քշում են
մահի անհուններով,
հազար ձայն կա՝ որ մեզ
հազար ձեւով խաբի:

Օ, ձայն տվեք, հայեր,
խավարում թե լույսում,
ամենուրեք կանչեք,
ամեն քայլ ու պահի,
արեւելքում այրող,
ցրտում պաղ հյուսիսի,
արեւմուտքում թախծոտ,
տենդի մեջ հարավի.-

ցանեք ամենուրեք
սաղմերը ձեր ձայնի՝
ինքնագլուխ խելքի
անծայր անապատում,
վարդաստանում չքնաղ,
բրոնզի մեջ արձանի
ցանեք ձեր սաղմերը
թե քնած, թե արթուն:

Այս աշխարհում անտեր-
-ծաղրածուի, սգի-
ձայնեք իրար, հայեր,
հոգով ձեր տենչավառ.-
ձեզ է ուղղված աչքը
մարդակորույս զենքի,
զնգուն պատյաններով,
ներսը՝ անհուն խավար:

Ձայնեք, որ ձեր տեղը
չկորցընի հանկարծ
բիբլիական լեռը՝
օթեւանը ձեր հին
եւ, փրկության իր հին
առագաստը հագած,
ընդունի ձեզ մի նոր
ջրհեղեղի պահին:

Ձայնեք իրար, որ ձեզ
Երեւանը...
ախ, իի՜նչ
երկար շեղում էր այս՝
երեխայի բարբառ,
հայոց միասնության
տենչ էր գայթակղիչ,
որ թեւ տվեց հոգուս,
ապա նստեց սրտիս՝
որպես կապար...

Անասելի երկար,
երկար շեղում՝
Երեւանյան աշնան
բալասանի բույրից.-
ահա, վրաս մանր,
նուրբ անձրեւ է տեղում
իմ խենթ հոգու եւ իր
նուրբ համբույրից:
Երեւանյան աշնան
մեղմիվ անձրեւի տակ,
երեւանյան սիրո
թրթիռներով լեցուն,
մենք քայլեցինք դեպի
Պանթեոնը հայոց՝
դեղին-դեղնածավալ
աշնան այգու ծոցում.-
ՙԱխ, Անեյլա, ոչ ոք
չի համբուրել, ախ, դեռ,
շուրթերը քո մաքուր,
կուրծքը քո դողդոջուն՚-
անգերեզման հայի
օրենքը խիստ խախտել
հայոց հանճարներն են
այստեղ ննջում:

Տերեւները որպես
փսփսուքներ հոգու,
քսմսվում են նրանց
շիրիմներին սառչող՝
վերջին ջերմությունով
ու բառերով տաքուկ,
անհետացող կյանքի
երազանքով փախչող...
գգվում են պաղ քարին՝
գրանիտ ու մարմար.-
երգում են տաք տարին՝
ՙվար-վար արա, վար-վար...՚:

Եվ շրշում են անցած
հեքիաթները տաքուկ.-
ապագային բարձած
երազները փափուկ
եւ տենչերը, ավա՛ղ,
որ մնացին անտեր,
խնկարկում են խաղաղ՝
հանգստություն տուր, Տեր...

Նրանք հանգիստ են, օ,
Պանթեոնում հայոց,
հայոց հողի վրա՝
Երեւանի գրկում,
եւ խաղաղ է աչքը՝
Մասիսներին հայող,
եւ լռությունն անգամ
Օվսաննա է երգում:

Եվ նստեցինք երկար
այդ քարերի կողքին
եւ լսեցինք երկար
լռությունն այդ ոգիչ,
եւ նայեցինք գույն-գույն
տերեւների շողքին՝
ոգիները կանչող
կախարդանքով մոգի:

Մենք նստեցինք երկար
այդ քարերի կողքին,
եւ տեսանք, որ նրանք
ձայն են տալիս իրար.
Հայոց Պանթեոնը՝
հեռու Խոջիվանքին,
եւ ավելի հեռու՝
Բերա եւ Իսկյուտար:

Ձայնում են, եւ թող որ
Աստված չանի՝ հանկարծ
նրանց ոգու ձայնը
մի ակնթարթ լռի.-
ախ, կլռեն հավետ՝
մոռացություն հագած,
պանդուխտ շիրիմները
հեռու Սկյուտարի...

Եթե աճյունները
իրար ձայն են տալիս,
հայեր, դուք մի լռեք
աղմուկի մեջ դարիս.-

Դուք ձայն տվեք իրար,
հայոց երգով կանչեք,
հայոց հազարամյա
ու չմաշվող բառով,
որ գմբեթ է ոսկյա՝
գլխին՝ լույսը խաչե,
ոչ նվաճվել գիտի,
ոչ հանգչել է կարող.-

Կանչեք իրար հայոց
քարի լեզվով խարկված,
ավեր պալատներով,
տաճարներով կանգուն,
անդարձ կորուստների
պատվով մեր անարգված,
որ դեռ այսօր էլ է
մեր սիրտն ասպատակում:

... Այդպես նստել երկար,
խորհել այնքան երկար,
մինչեւ կյանքը մաշող միտքը ինքը մաշվի.-
Թե Տերյանը ելներ, կամ Չարենցը թե գար,
եւ իր քարի կողքին նստեր մեզ հետ հաշվի,
եւ գունագեղ աշնան հովտում բազմաքանքար
թե ցողեին երգերն իրենց՝ աշնան մասին.
կդառնար շուրջն ամբողջ գարուն ու տոթ
ամառ,
եւ կցնդեր իսպառ թախիծը սին:

Ախ, թե կարենայինք մենք մտածել այնքան,
որ մտածումն ինքը մաշվեր իսպառ, ցնդեր,
մարդուն ապրեցընող ուժը տիտանական
չէր սպառվի բնավ,
չէր խավարի բնավ,
այլ կդառնար կյանքի մի անըստույգ եդեմ:

Բայց մենք
մի քիչ միտքն ենք կտցահարում,
մի քիչ փորփրում ենք
իմաստը մեր գոյի,
եւ հեղում ենք անվերջ զգացմունքի արյուն՝
որպես արյունը տաք աշնան երեկոյի:

Ահա այդպես լրիվ թաթախված ու թրջված
աշնան մայրամուտի արյամբ ջերմին,
հոգու խորքից լրիվ դեպի մարդիկ շրջված,
մենք կանգնեցինք մեր տան մաշված շեմին:

Հայոց հանճարների Պանթեոնը մեզ հետ,
հայոց Արարատը մեր հոգու թաց հովտում,
կարծես իրար վաղուց չէինք տեսել,
խոսում էինք զվարթ, խմում՝ որպես երդում:

Նայում էինք իրար աչքերի մեջ կրկին.
այնտեղ էին նրանք՝ փնտրածները մեր մեծ,
Աստված վկա, նրանք խոսում պաղատագին
եւ գուրգուրում էին մեր զգացմունքն անեղծ:

Եվ մենք, հազարամյա ուժով գոտեպնդված,
եւ երջանիկ անչափ, անչափ ողբերգորեն,
Երեւանի աշնան արցունքի մեջ զտված,
մաղթում էինք իրար սքանչելի օրեր:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:51

ԺԱ.
Մեզ մի մեղադրեք,
եւ մեր աչքն է լիքը, եւ մեր սիրտն է լիքը.-
կար ժամանակ, երբ որ ճիշտ հավասար էին
եւ կարոտը հայի, եւ իր հայրենիքը:

Հետո հայրենիքը փոքրացավ, ախ, քիչ-քիչ,
հետո հայրենիքը նվազեց, ախ, սաստիկ,

եւ աննվազ մնաց կարոտն այն ամոքիչ՝
աննյութեղեն սնունդ-տենդն այդ
չարաբաստիկ:

...Երազանքը մեծ չէ հայրենիքից, օ, ոչ.-
հայրենիքի մեջ է նրա արմատն աճում,
նրա տերեւները՝ լույս ու լուսաբողբոջ,
հայրենիքի երկնի մեջ են լոկ կանաչում:

Հայրենիքից հեռու՝ երազանքը կրկին
հայրենիքն է միայն եւ կա՝ հանուն նրա.-
մինչդեռ կարոտն, ավաղ, աճում է տրտմագին
եւ տարածվում համայն տիեզերքի վրա:

Հիմա հասկացեք մեզ եւ մի մեղադրեք.-
հիմա մեր կարոտը
մեծ է շատ ավելի, քան մեր հայրենիքը,
մեծ է շատ ավելի,
քան մեր լեռը վսեմ,
այդ պատճառով ահա եւ մեր աչքն է լիքը,
եւ մեր սիրտն է լիքը
այն կարոտով, որ մեզ
ամեն առավոտյան արշալույսը որպես,
կյանքի համար, սիրո,
եղբայրության համար
կոչ է անում՝ ի զեն:

Ի զեն՝ հանուն սիրո,
հանուն արդար դատի,
հանուն երազանքի անորդակեր աճման,
ընդդեմ հոգին լափող վայրագ անապատի,
ընդդեմ հայակորույս Որդու կրկին խաչման:

Օ, Երեւան, սիրո եւ կարոտի,
ես քայլում եմ աշնան քո մրմունջի խորքում,
եւ կարոտը մեր մեծ ժողովրդի
գուրգուրում եմ սրտով ու բորբոքում՝
որ մեր հայրենիքը
լինի այնքան, որքան կարոտն է մեր.-
լինի ինքը իր չափ, ոչ ավելին,
մեր հողմակոծ սիրտը
տանենք մեր լեռն ի վեր
եւ արարենք մենք մեր բախտի անկարելին:

Ես քայլում եմ աշնան մրմունջների խորքում,
երազների գարնան ծաղկեփնջեր գրկած,
եւ գարունդ եմ երգում,
եւ ամառդ եմ երգում,
եւ ձմեռդ եմ երգում,
եւ այն բոլոր-բոլոր կարոտներդ չերգած՝
քո անսահման աշնան փխրուն տիեզերքում:

Եվ տանում եմ ինձ հետ
քո մեղեդին լուսե,
քո տրտմության խորքում փակվածների վրա
ցնցուղեմ տաք սիրով՝ որքան որ ով ուզե,
մինչեւ որ սիրտը փակ բացվի եւ վառվռա:

Անկրկնելի երգդ դեղին շշուկներով
իմ հոգնաբեկ սիրտը
թռցընում է՝ որպես
մի առասպել անհայտ, որ լուռ ու շիկնելով
համբուրում է սիրտդ
որդու նման, մոր պես:

Փողոցներդ, ահա, ջրանցքների նման,
վեր ու վար են հոսում,
լցված աշնան ջրով.-
եւ դու զուր ես, զուր ես քո այդ դեմքը վառման
զարդարում սուտ խոսքով
կամ կոչերով:

Եվ դու զուր ես, զուր ես նվիրումը քո մեծ
դարձընում խոսք թեթեւ՝
ամեն քամու շրթին.-
քո լուռ պահին անգամ
իմաստունը քեզնից իմաստություն քամեց,
եւ հիմարի համար-
-որքան էլ խոսք ասիր-
դու մնացիր խրթին:

Բայց քո սերը պարզ է
եւ հիմքիդ պես՝ ամուր,
անբեկ նվիրում է
եւ այսօրվան քո ջեռ,
եւ քո ապագային.-
քարը՝ քարի վրա,
քարը՝ քարի վրա,
կամքով միահամուռ.
քարը՝ քարի վրա,
քարը՝ քարի վրա.
-միլիոնավոր էջեր-
ելնում-բարձրանում ես
եղբայրներով մեկտեղ
ապագայիդ գահին:

Քարը՝ քարի վրա,
շյուղը` շյուղին կապած,
մեր արեւը՝ ճակտին,
մեր երկինքը հագած,
հայն՝ այդ հավերժական
ճամփորդն այս աշխարհի,
վեր է հառնում՝ որպես
զուգաճորդը քարի:

Ու թե ուզած քարը
հիմա հանկարծ ճեղքես,
նրա միջից մի հայ
կնայի քեզ.-
կամ հայերի ամբողջ
մի բազմություն,
որպես հայոց քարի
առանձնություն,
կարող է, որ քարից
դուրս խուժելով մեկից,
քարը արտաքսի
մարդու տիեզերքից:-

Քար սրտերը դառնան
մանուշակ ու վարդեր,
քար աչքերը՝ ծաղկունք
ճառագայթող զարդեր,
եւ քար հոգիները
դառնան անուշ հովիտ,
ուր մտնես ու լքես
ամբողջ սովորովիդ:-

Քարե գլուխները
արդյոք ի՞նչ կդառնան,
գուցե քար էլ մնա՞ն
դռների դեմ գարնան,
որ չփչի հանկարծ
նրանց քարե խելքին՝
քարը վերադարձնել
մարդու տիեզերքին.-
ասենք՝ աշնան տեղակ
փորձեն գարուն բերել,
եւ կամ՝ երկու ամառ
միեւնույն տարում բերել,
կամ թե՝ քամել մարդկանց
արյան շիթը վերջին,
հետո տիեզերքից
նրանց արյուն բերել.-
ձյուների մեջ ցանել
Ցորնահունդը ոսկի,
եւ հավաքել բերքը
ողկույզներով խոսքի.-

Գուցե քար էլ մնա՞ն
գլուխները քարե,
թե չէ՝ հանկարծ կելնի
մի մարգարե
եւ կստիպի գետին՝
ուղղահայաց հոսել,
եւ դա քիչ է, մարդու
ուժի մասին խոսել,
երգիչներին՝ այսու
երգել միայն պառկած,
տանը կորիզ տնկել,
հունդը ցանել խարկած.-
եւ դեռ փառաբանել
քարե միտքն էլ վսեմ,
որ նորության ցավով
կոչ է անում՝ ի զեն.-
քանդել տաճարները,
տեղը գոմեր շինել.-
կորցնել հանճարներին,
տեղը պահել շներ,
որ նրանք էլ իրենց
նոր գոմերը պահեն,
քարե գլխի միտքը
սիրեն ու փայփայեն...
Այս մասին ինձ ասաց
Փոքր Մհեր Որդին,
որ Ագռավու քարից
ծանր մի քար սրտին,
դեռ մնում է փակված
Ագռավու քար բանտում,
երկրորդ բանտն էլ այն է,
որ հավերժ է արթուն...

...Հասկացեք մեզ մի քիչ եւ մի մեղադրեք.-
եւ մեր աչքն է լիքը,
եւ մեր սիրտն է լիքը:
Կար ժամանակ, երբ որ ճիշտ հավասար էին
եւ կարոտը մեր մեծ, եւ մեր հայրենիքը:

Հետո հայրենիքը փոքրացավ, ախ, քիչ-քիչ,
հետո հայրենիքը նվազեց, ախ, սաստիկ,
եւ աննվազ մնաց կարոտն այն ամոքիչ՝
աննյութեղեն սնունդ-տենդն այդ
չարաբաստիկ:
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team

ՌԱԶՄԻԿ ԴԱՎՈՅԱՆ - Երեւանյան աշուն

Сообщение Harutin » 20 апр 2011, 21:51

ՎԵՐՋԵՐԳ
Կա՞ անստվեր աշխարհ,
կա՞ անթերի երկիր,
եւ անտագնապ քաղաք կա՞ այդ երկրի վրա.-
թե կա, ուրեմն՝ նա կարիք չունի երգի,
նա ինքը՝ երգ համակ, կապրի, կհուրհրա:

Բայց երկիրը համայն
եւ քաղաքներն ամեն
ծնունդ են նախ ահի, տագնապի ու փառքի.-
քարը քարին դրվեց նախ սարսափից անէ,
հետո նա փոխարկվեց ստեղծագործ ջանքի:

Եվ քանի որ քոնը
ջանք է ստեղծագործ,
եւ հանճար է, եւ կամք արդարագույն գոյի,
ուրեմն՝ թող լսեն զավակները քո որձ,
որ էլ տուն չեն շինում այսօր ընդդեմ ահի:

Ահն ավելի մեծ է,
քան ամեն մի շինվածք,
ահը այսօր համայն տիեզերքն է պատում,
ահը ագահության տենդ է եւ մրցավազք,
ահը-
ահը-
ահը-
կյանքի անապատում:

Ստեղծագործ ջանքդ
թող բորբոքվի այնպես,
ինչպես որ հայրենյաց կարոտն է բորբոքվում,
եւ սրտի ու հոգու մեր մորենին անկեզ
թող որ անբոց այրվի մեր գոյության խորքում:

Օ, Երեւան, երբ դու,
եւ բոլորը քեզ հետ
լինենք հանուն սիրո, եւ սարսափին՝ ընդդեմ,
գուցե խղճի, սիրո սաղմերը առհավետ
ահի մանրէներին ուղեղներում ջարդեն:

Ուղեղները հիմա
դաշտ են պատերազմի,
այնտեղ բորբոքվում են արյունալի մարտեր,
պատերազմ է, եւ պիղծ մանրէները ահի
կարող են սուրբ սիրո ողջ սաղմերը ջարդել:

Պատերազմի դաշտ է ուղեղները մարդկանց
ամեն վայրկյան, րոպե,
ամեն ժամ ու տարի,
այնտեղ սիրո անթիվ դիակներ են պառկած
անդուլ ասպատակող
ոտքերի տակ ահի:

Պատերազմի դաշտը
ուղեղներն են մարդկանց,
ոչ Անգոլա, Լիբիա,
ոչ Լիբանան ու Չադ,
մարդկանց դիակները նախ գլխում են
պառկած,
ուղեղում են ամեն եւ գուրգուրանք, եւ ջարդ:

...Աշու՜ն, բուժի՛չ աշուն,
Երեւանյան աշուն,
բալասանիդ սյուքով հարություն տուր նրանց,
սիրո սուրբ սաղմերին՝ ահի խաժամուժում:

Հարություն տուր: Ահա
աչքս ճանապարհիդ
սպասեցի այնքան, մինչեւ որ դու եկար,
դու՝ քրմուհիդ նրբին, դու՝ քնքշորեն բարիդ,
դու՝ գունագեղ հոգու թախծաշաղախ նկար
Եկար, ու ես կրկին
ահա սոխակ դարձա,
որ չի չվում քեզնից՝ տաք ամառը թեւին,
այլ ընդունում է քեզ՝ իբրեւ փխրուն ընծա
ահից ասպատակող բոլոր հոգիներին...

Օ՛, չասացի լրիվ
այն ամենը, որ ես
ահով պահպանում եմ իմ սրտի խոր խորքում,
երբ գա մի օր, եւ դու երգս կրկին նորես,
ես ամեն բան կասեմ իմ նորօրյա երգում:

Օ՛, Երեւան, սիրո եւ կարոտի,
չէ՞ որ հայոց կյանքի տիրակալն ես դու մեծ.-
ես քեզ համար չունեմ բառեր օտարոտի...

Իսկ դու, երանելիդ,
դու ամեն ինչ ունես.
եւ հրաշքներ բազում, եւ... մեծ մի թերություն,
անմեղության մի մեղք-անմիտ եղելություն՝
այն, որ քո մեջ չապրեց մայրըս եւ չտեսավ
ոչ քո մառախուղը բիբլիական,
ոչ քո բիբլիական մառախուղից ծնվող
քո թագավոր Լեռը բիբլիական...
եւ այն, որ նա ինքը թագուհի էր ծնվել
եւ ուզում էր մտնել արքայական քաղաք...
Նա զրկվեց իր թագից,
դու՝ թագուհուց...
1985-86թթ.
Изображение
Аватара пользователя
Harutin (Автор темы)
Gisher.Ru Team
Gisher.Ru Team



Вернуться в Պոեմներ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение