Harutin » 20 апр 2011, 21:49
Ե.
Ահա աշնանացող հովը դեռ տաք,
շուլալվելով նրանց ծույլ երազին, ամեն աշխարհներից
քո լույս սրբարանը
ուխտի եկած հայոց ոտքերի տակ
տերեւներ է փռում-օ՛, գույնզգույն հուշեր-
անցնող-անցած-անցնող կյանքի մասին:
Ինչպես տերեւները՝ ոտքերի տակ,
այդպես նրանց մտքերի մեջ
հուշերն են խշխշում,
եւ նրանք, կուլ տալով իրենց արցունքը տաք,
մրմնջում են լռին՝
ՙԱշու՛ն, բուժի՜չ աշուն,
Երեւանյա՜ն աշուն...՚:-
Օ, հիրավի, նրանց սիրտը վերքապատար
ունի կարիքը քո բուժիչ բալասանի,
նրանք պատառ-պատառ,
պատառ-պատառ-պատառ,
ողջ աշխարհի վրա՝ եւ կիրճերով խորունկ,
եւ լեռ-բլուրներով կոտորակվող
արձագանքն են հայոց չխոնարհվող ձայնի:-
Օ, հիրավի, նրանց սիրտը վերքապատար
ունի կարիքը քո բուժիչ բալասանի:
Գեղեցկուհին գալիս՝
քեզնից աղաչում է գեղեցկություն,
զորավարը գալիս՝
սպասում է վեհիդ հրամանին,
նեղված հոգին գալիս՝
քո ոտքերի առջեւ
թոթափում է ամեն նեղ անձկություն,
երգիչները գալիս՝
ծունկ են իջնում վսեմ տաճարիդ մեջ,
որ հաղորդես ոգի իրենց բանին.-
քաջը գալիս՝ քեզնից
քաջություն է խնդրում,
եւ տկարը գալիս՝
նորոգվում է հոգով,
անիմաստը քո մեջ իր իմաստն է փնտրում,
պարտվածը ետ ճամփին
կարծես ետ է դառնում անպարտելի զորքով:
Հասուն այրը քեզ հետ մանկանում է կրկին,
եւ պատանին այրի խոհերով է օժտվում,
փիլիսոփան քո դեմ
ամոթով է նայում իր մտային բերքին,
անհաշտն անգամ քեզ հետ
բնավ չի էլ գժտվում:
...Ահա, նայիր նրանց-աշնան մրգերիդ մեջ
ծերերն են ման գալիս՝ իբրեւ հուշկապարիկ,
ոգիների նման՝ եւ անմեկին, եւ խեղճ,
առասպելներ լինեն կարծես թե թափառիկ:
Հասուն մրգերի մեջ, մրգերից էլ հասուն,
եւ տխրության որդը սրտերի մեջ պահած,
երբ չեն խոսում անգամ՝
կրկին թվում է, թե խոսում են ու խոսում
իրենց նախնիների բարբառը բարբառած:
Ես ասացի՝ ՙհասուն՚- մրգերի մեջ հասուն,
սակայն նրանք հաճախ
խակ-խակ չորացած պտուղներ են կարծես.-
պտուղն օտար հողում ե՞րբ է կարգին հասնում՝
որ սերմացու դառնա,
պիտի իր հայրենի հողով, օդով, ջրով,
պիտի իր հայրենի արեգակով թրծես,
որ թե գետին ընկնի՝
կրկին վեր բարձրանա:
...Խելամիտը գալիս՝
խելք է խնդրում քեզնից,
թուլամիտը գալիս՝
ելք է խնդրում քեզնից,
փառավորը գալիս՝
փառք է խնդրում քեզնից,
դարավորը գալիս՝
իր գոյության համար
վարկ է խնդրում քեզնից:-
Շինարարը գալիս՝
տուն է խնդրում,
գույնի տերը գալիս՝
գույն է խնդրում...
Եվ դու շռայլորեն տալիս ես ու տալիս,
քանի զավակներդ գալիս են ու գալիս:
Եվ պիտի տաս՝ որքան կամքն է հայոց ազգի,
որ չփչվի հունդը հայոց անմեռ հասկի:
Ես տեսել եմ նրանց
հեռու աշխարհների հրապուրիչ տոթում,
գայթակղիչ, հեշտին ալիքների վրա
օրորվելիս,
ես տեսել եմ նրանց այն ցուրտ եզերքներին՝
ճնճղուկների նման սառած օտար օդում,
եւ կամ՝ սոսկ գոյության կռվում հոլովվելիս.-
Եվ ամենուր՝ որպես գոյամարտը կյանքի,
ինչպես հսկայական նավը՝ իր խարիսխից,
այդպես անհայտության ամենակուլ ծովում
նրանք անունիցդ՝
այդ մի բառից կախված, ճոճվում էին...
...Լուսարարը գալիս՝
լույս է խնդրում քեզնից,
հուսավառը գալիս՝
հույս է խնդրում քեզնից,
կամքի տերը գալիս՝
կամք է խնդրում քեզնից,
կյանքի տերը գալիս՝
կյանք է խնդրում քեզնից.-
Եվ դու մեծանում ես, ելնում-մեծանում ես,
հավատամքիդ ծառը բազմախորհուրդ բոցում
ցույց է տալիս մարդկանց՝
որ դու ոչ թե միայն մեծ անուն ես,
այլեւ մտքի թուրմ ես
եւ ոգեղեն բոցյուն
բոլոր նրանց համար, ովքեր երազում են
թեկուզ մի ակնթարթ-հավերժության չափով-
կամ մի հավերժություն-նույնն է, թե՝
ակնթարթ-
իբրեւ քար՝ քո հողին
եւ կամ՝ իբրեւ աստըղ, շողալ քո տաք ծոցում:
Բայց եւ քո գոյության ամենօրյա վազքում
երբեմն անտեսելով հսկայական միտքը,
խոշոր այդ իմաստը քո կոչումի,
ոչ ոգեղեն-
ուրիշ-
որկորային քո ընթացքում
հաճախ մոռանում ես,
թե հայը ի՞նչ ունի,
կամ ի՞նչ ուներ
եւ կամ՝
նրան ի՞նչ է,
ի՞նչ է,
ի՞նչ է, ա՛խ, հարկավոր.-
ների՛ր, այս հարցերը մորուքավոր
չեն ծերանում եւ չեն ծերանալու...
...Ահա, վտակ-վտակ,
ահա, առու-առու,
ահա, կապույտի պես երազային
նրանք հոսում են քո
դեղին-դեղնածավալ աշնան միջով,
նրանք՝ որդիները քո տարագիր,
նրանք՝ հարցերը քո մշտաբնակ՝
նրանք վտակ-վտակ,
նրանք առու-առու
հոսում են քո ոսկի,
ոսկի-ոսկեվորած աշնան միջով.
չեն ծերանում եւ չեն ծերանալու:
...Եթե աղքատը գար,
եթե թույլը խնդրեր,
եթե անօգը քեզ
խնդրանքի ձեռք մեկներ,
եթե անապաստան, անտունը գար քեզ մոտ
եւ ապաստան փնտրեր,
եթե մոլորյալը խնդրեր ուղի ցույց տալ,
եւ սոսկ խռովյալը խնդրեր անդորրություն,
քո արածը կլիներ՝ պարտքի տակից դուրս գալ,
եւ վաստակիդ դիմաց
կստանայիր պարզուկ մի գոհություն:
Բայց դու մեծանում ես,
ելնում-մեծանում ես,
հավատամքիդ ծառը բազմախորհուրդ բոցում
եւ ճչում է մարդկանց,
որ դու ոչ միայն մեծ անուն ես,
այլ հավատի թուրմ ես
եւ ոգեղեն բոցյուն...
