Harutin » 20 апр 2011, 21:39
Մենախոսություն
Եթե մարգարեներ կան դեռ այս աշխարհում,
Եթե եղել են մարգարեներ՝ կիզիչ իմատությամբ,
Եթե եղել են մտքի հնձանները քամած
Երգեցիկ ճշմարտության այրեր՝ խոնա՜րհ, խոհու՜ն,
Եթե եղել են ու կան դեռ,
Արդյոք ինչի՞ է հասցրել մեզ
Նրանց տառապանքը անհուն,
Նրանց մտքի ճիգը՝ ազնիվ ու ծանրաբեռ,
Նրանց երազների ճախրանքը՝ մաքուր եւ անանուն.-
Այդ ամենը արդյոք ինչի՞ է հասցրել մեզ,
Եվ մեր վաղը արդյոք դեպի ու՞ր է տանում:
Մի՞թե նրանք մերկ ու անապաստան
Չնստեցին իրենց քանդված, խարխուլ տակառներում,
Մի՞թե որպես ծաղիկ, որպես
Բնության ձայնը մերկ
Չբուսնեցին նրանք հողե ծաղկամանում,
Եվ բիրտ քամիների երթերի տակ հանգան.-
Նրանց կողքով անցավ կյանքի ընթացքն անկանգ՝
Իմաստության համար հավերժորեն պարտված,
Սակայն արշավանքով զորեղ ու հաղթական:
Նրանք լույսը իրենց տկլոր մարմիններին
Որպես զգեստ հագան,
Եվ ձեռքերին բռնած փոքրիկ լապտերիկներ՝
Մարդ փնտրեցին այս գորշ
Ամբոխի մեջ անծայր,
Եվ Ի՞նչ թողեցին մեզ, բացի
Չքնաղ մի լեգենդից,
Միֆից, առասպելից՝ զարմանալի պայծառ:
Ախր ի՞նչ թողեցին մեզ,
Նրանք ի՞նչ թողեցին մեզ
Եվ ի՞նչ կարող էին թողնել,
Երբ մսեղեն զորքը
Պաշարում էր նրանց
իմաստությունն անեզր,
Պաշարում էր նրանց միտքը,
Որպեսզի այն օրհներ
Գահերի ցնծությունն ու արյան խրախճանքը անսեռ:
Այդ մսեղեն զորքը ասպատակում,
Գրոհում էր տաճարներ ու բերդեր,
Տափաստաննե՜ր, լեռնե՜ր,
Օվկիաններ ու գետեր,
Գրոհում էր այն ամենը, որ կար,
Որ ապրում էր արյան մեջ մեր հին,
Որ պահանջում էր կորով ու քանքար
Եվ մեզ, օրորելով,
Ապրեցնում էր դարձյալ անդունդների զեհին:
Նրանց ոգին՝ որպես փառքը իրենց ժամանակի,
Խաղում էր նիզակների սայրին,
Փայլում էր, շողում, շողշողում,
Երգում էր արեւող օրհներգը իրենց տան,
Թեեւ նիզակները
Իրենց ճառագայթը բորբոք
Այլ տեղ էին ուղղում
Եվ նրանք էին որոշում ընթացքը պատմության:
Իսկ հետո մարգարեներ՝ զորքով, զորագնդով,
Մարգարեներ եւ ի՜նչ մարգարեներ,
Նրանք քառատում էին ամբոխը
Զարմանալի խանդով,
Բաժան-բաժան անում ու բզկտում ավերջ,
Նրանք իրենց բարբաջանքը աննյութ
Մաղում էին տարտամ հոգիների վրա՝
Որպես սուրբ միջնորդներ
Անհուն ժողովրդի,
Նաեւ
Բազմապատիկ անհուն Աստծո մեջ:
Նրանք ժողովրդին բաժանեցին անմիտ բաժակների՝
Անհավատներ,
Հետո՝
Հավատավոր բանակ.-
Եվ մարգարեն մի՞թե պիտի խելագարվի այնքան,
Որ բարբաջի՝ «Նրանք
Փափագում են, որ դուք անհավատներ դառնաք:
Անհավատներ դառնաք, ինչպես
Անհավատ են իրենք
Եվ հավասար դառնաք...
Ուրեմն՝ բարեկամներ դուք չեք լինի, քանի
Դեռ չեն գաղթել նրանք ճանապարհով Աստծո:
Ու թե մերժեն հանկարծ՝
Դուք բռնեցեք նրանց,
Սպանեցեք նրանց,
Ուր էլ գտնեք նրանց...»:
Իսկ մեզ ի՞նչ է թողել
Նրա «իմաստությունն անքննելի»,
Նրա ջանքը, տագնապը, եռանդը,
Նրա միտքը, որ այսօր էլ էլի
Դեռ բորբոք է պահում իր նախնական խանդը:-
Նա մեզ ի՞նչ է թողել,
Ի՞նչ է թողել նա մեզ.
Մեզ թողել է զոհե՜ր, կրկին զոհե՜ր, զոհե՜ր,
Զոհված երազների հիշատակներ անմար,
Քանզի այս աշխարհում միշտ եղել են ու կան
Միլիոնավոր սրտեր,
Որոնք պատրաստ են, ախ, որ թիրախներ դառնան
Մի մոռացված կամ նոր գաղափարի համար:
Մի՞թե նա թողեց մեզ գոնե մի ձեռք,
Մի քնքշություն անհուն,
Որ համբույրի նման իջներ մեր վերքերի վրա,
Մի աչք, որ շոյեր մեզ
Եվ տար համբերություն մի մեծ,
Ինչպես այն տառապյալ Որդին,
Որ հավաքեց բույրերն ամեն ծաղիկներից,
Որ բնության մաքուր արցունքի մեջ շաղվեց,
Դրեց մեր վերքերին,
Որ քարի հետ քաղվեց,
Որ հողի հետ մաղվեց,
Որ աշխարհի վշտից քամվեց, անվերջ քամվեց,
Մաքրեց հոգիները թույնից, դավից, քենից,
Էհ, այդքան թույն ու դավ ինչպե՞ս եւ ի՞նչ պիտի աներ:
Նիզակը որոշում էր ընթացքը պատմության,
Իսկ նա մնացել էր անորդի ու անհեր:
Նա որբ է մնացել,
Կամ գուցե նա չկար,
Կամ գուցե չէր եղել, զառանցանք էր, չկար...
Ինչպես որ չկա այլեւս
Աշխարհը հին,
Սակայն այցելում է մեզ մեկ-մեկ
Վհատության, ցավի կամ հաղթության պահին:
Նա չէր եղել, չկար.-
Իսկ մեզ հարկավոր էր, որ ամրանա ոգին,
Որ մաքրվի մարդը թույնից, դավից, քենից,
Որ սարսափի առջեւ նա չմնա տկար,
Վախով քուն չմտնի ու չարթնանա քնից:
Իսկ ի՞նչ թողեց նա մեզ.-
Երկար դարերի մեջ
Կարծես ցնդեց, անցավ հեքիաթը բարության,
Եվ մնաց մեզ սարսափ մի անանուն,
Մի վախ
Անտանելի,
Մի զարհուրանք անհուն,
Դատաստանի տագնապ, որ մեզ
Անդամալույծ անում
Եվ մեր հոգիներից անվերջ ու անդադար
Քավության թե ցավի արցունքներ էր քամում:
Իսկ մեզ հարկավոր էր, որ ինչ-որ տեղ մարդը
Մարդավայել մի մեծ կռվից հետո
Վերջացներ պայքարն ինքը իր մեջ.
Կռիվն ընդդեմ չարի, գարշության դեմ քծու:
Ընսսեմ ավերակող ու ճարակող հրի,
Եվ կռիվ տար ոչ թե ընդդե՜մ, ընդդե՞մ, ընդդե՜մ,
Այլ լոկ
Հանու՜ն,
Հանու՜ն,
Հանու՜ն ուրիշների: