Գլուխ Չորրորդ
Գնամ: Ուր որ է՝ ճերմակ շշուկով
Ձյունն իջնելու է կիրճերը փակի,
Եվ տխրությունս սպիտակ շուքով
Կփայլի որպես աստղոտ ապակի:
Բքի մեջ վայող ամեն մի հնչյուն
Էությանս մեջ արձագանք կտա,
Հուշերիս հովտում բուխարին մեր տան
Փափուկ կարոտով լուռ կկայծկլտա:
Եվ ես բուխարու ետեւից ընկած,
Նրան վերստին գտնելու հույսով,
Պաղ ձյուների մեջ գուցե թե սառչեմ,
Եվ իմ անցյալը չի լուսավորվի
Արծաթ ձյուների սառնաշունչ լույսով:
Բայց ի՞նչ եմ ասում, ու՞մ է հարկավոր
Իմ անցյալն անհույս, անդյուցազնական,
Իմ անցյալի մեջ ի՞նչ երազներով,
Ո՞վ է փնտրելու իր կույր ապագան:
Չ՞է որ բոլորս աշխարհ ենք գալիս
Եվ կույր վազում ենք մենք մեր ետեւից,
Մեր երազներին փայլ է խառնվում
Անցյալի ուրախ-տխուր գետերից:
Գնամ: Ուր որ է՝ ճերմակ շշուկով
Ձյունն իջնելու է ՝ կիրճերը փակի,
Եվ տխրությունը սպիտակ շուքով
Կծածկի բույրը իմ հին տնակի:
Հիմա խոր աշնան լույսն է օրորվում
Մանիշակագույն ճանապարհներին,
Գնամ, քանի դեռ հավատում եմ ինձ
Եվ իմ շալակած հույսերի բեռին:

