Կարինե Կարինե » 06 мар 2019, 10:36
ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ԼԻՆԵՐ
Եթե այսպես լիներ, եթե այնպես լիներ,
Եթե սա չլիներ, չլիներ նա,
Եթե ամեն անտես հստակ ու պարզ լիներ,
Հողը պարարտ լիներ, փողն` անհմա.
Եթե հարցում լիներ, խորհրդածում լիներ
Իմաստունների հետ ծեր ու անչար,
Մի փակ դռան տեղում երեք բացում լիներ
Ու շտկվեր սխա՛լը չարաչար,
Իմաստության առաջ դուռը միշտ բաց լիներ,
Հայը չապրեր առանց Արարատի,
Դաշտերը միշտ վարած, հողը սերմած լիներ,
Պաշտեին և' մեծին, և' անհատին,
Եթե ամպի տեղակ Արև'ը լաց լիներ,
Սևանն անհա'րց լիներ ու բարձրաջու'ր,
Թե ուսումը ձրի, օրենքն անմա'ղձ լիներ,
Հայը սատա'ր լիներ համերկրացուն,
Եթե նախնյաց Ոգու' կարոտը հաց լիներ,
Ու ջահ լիներ պատգա'մը Մեծերի,
Եթե ամեն ասված մի՜ քիչ արված լիներ,
Մտքի' կարոտ լիներ, ո'չ գանձերի,
Եթե ամեն ճամփա ուղիղ ու հարթ լիներ,
Միտքը խորունկ լիներ ու անաչառ,
Մի քանդածի տեղում, թե երկուսը շինվեր,
Բարին հզո'ր լիներ, չարը` անճա'ր,
Եթե կռվի տեղակ սոսկ բանավեճ լիներ,
Սերը սուտ չլիներ, հավատը` սին,
Եթե մեկը խելոք, մեկը չար չլիներ,
Օրենքը դաս լիներ մեկ երկուսին,
Եթե հոգսը գետակ, հույսը կամուրջ լիներ,
Սերը նեցուկ լիներ ամպշող հույսին,
Խիղճը անվերջ սթափ, միտքը միշտ լուրջ լիներ,
Հավատն անխոնջ լիներ, մրմունջը` սին,
Եթե գարին ընկույզ ու հույսը կու'յս լիներ,
Չարիքն անգործ, անհույս, անապաստան,
Ողբ ու լացի տեղում խինդի արցունք լիներ,
Արդարացի լիներ գործ ու փաստարկ,
Եթե ամեն հարցում նորաբացում լիներ,
Հոգադարձում լիներ ու արթնացում,
Ետընթացի տեղակ առաջանցում լիներ,
Ըմբոստացում լիներ ամեն հարցում,
Եթե ամեն քայլով ավելացու'մ լիներ,
Ավերումի ուժը չեզոքացվե'ր,
Եթե անմիտ բիրտը անվեհացում լիներ,
Արարումի' ձիրքը ընտելացվեր,
Եթե նախանձն անքեն, քենը` անշունչ լիներ,
Բարությունը` կարող ու պատվական,
Եթե հաղթությունը անգոհացում լիներ,
Ուժը ճար չլիներ, փողը` մական,
Եթե շնորհ ու ձիրք աստվածացում լիներ,
Անկիրթ գոյությունը` աղերսական,
Եթե ամեն հարցով Նարեկացուն դիմվեր,
Արարատը լիներ մագնիսական,
Եթե օրենք ու դատ անթերացում լիներ,
Անմիտն ուժ չունենար ու զորություն,
Թե չարության դիմաց մի պատառ լաց լիներ,
Ապաշխարում լիներ ու թողություն.
Եթե ամեն հարկում գինի ու հաց լիներ,
Թե չլռեր հոգսը մարդկանց հոգում,
Եթե տոմսը ձրի ու ճամփան բաց լիներ,
Հավա’տն անդուրժ լիներ ու աննկուն...
Եթե այսպե'ս լիներ, եթե այնպե'ս լիներ,
Եթե սա' չլիներ, չլիներ նա',
Եթե վաղվա օրը Հասկանալի' լիներ`
Մարդը Հող չէ'ր լքի, ու չէ'ր գնա...
Ս. Մալխասյան 2003