ՍԵՐԸ
Զգացմունքները չեն խոսքապատում,
Զգացմունքները ասես ճչում են
Աչքերի միջով
Ու մեր մենության թավ քողը հատում,
Երբ ինչ-որ մեկում մեր սիրտը կիզող
Հուր ենք նկատում…
Սերը` ծնվելով մեր կամքից անկախ,
Այցելում է միշտ անհայտությունից,
Դառնում ակնբախ, հանում հին հունից
Ու նոր արահետ բացում անճանաչ
Մեր սրտի, հոգու ու մտքի առաջ,
Սարից գլորվող ձնագնդի պես
Աճում, ուռճանում
Անհավանական զգացմունքների
Հեղեղ է դառնում,
Ջնջում մեր սրտից կարոտները հին
Ու նրա տերը դառնում ակնբախ
ու անվերապահ…
Դեպի սիրեցյալ մղում անհապաղ,
Ոնց հավատարիմ սրտի թիկնապահ,
Սիրտը դարձնում անկուշտ ու ագահ,
Մեր կամքից անկախ…
Այն գորովագութ ծնողի նման,
Միտքը սնում է երազանքներով,
Ջերմացնում հոգին
Ու մարդուն մղում բարձունքներն անհաս,
Որտեղ մեր թաքուն սպասումների
Աստվածավայել հավերժացումն է
Մարմնացել ասես:
Եվ ամեն անգամ
Սերն այցելում է անսպասելի,
Երբեք չսպասված անհայտությունից,
Բացում մենության թախծոտ մշուշով
պատված մեր հոգին,
Կառչում անարև օրերում ննջող
Սրտին մեր ավեր,
Հմայում հոգին իր լույս ճաճանչով,
Մեզ նոր, անճանաչ դրախտի դուռն է
Ցուցանում հանկարծ,
Դառնում մեր երազն իրականացած
Ու մեզ թվում է,
Որ մի մատնաչափ հեռու մնալով սիրած էակից,
Մենք մեզ խաչում ենք բախտի սև խաչին,
Մեզ մինչև հիմա ահայտ մի ինչ-որ զգայարանով,
Զգում, հավատում, որ առանց նրա,
Առանց մեր սրտի նորահայտ կուռքի,
Ապրել չենք կարող,
Ապրել չենք ուզում,
Ու կխենթանանք,
Եթե չհասնենք մեր որոնածին…
Աստծո կերպարով, թեկուզ հողածին…
Սերն այսպիսին է`
Խենթ է ու բորբոք, ջերմագին ու տաք,
Երբ մերը չէ դեռ,
Բայց ավաղ, հաճախ դառնում է ապտակ,
Երբ մեր իղձերը թողնելով անտեր,
Լքում, գնում է
Դեպ ամսահմանի եզերքները հեռ,
Երբ սիրո տեղակ
Դատարկ պատյան ենք գտնում նրա մեջ,
Ով մեզ աստված էր թվում մի անհաս,
Սրբության Սրբոց,
Կամ անձեռակերտ հայտնություն Տիրոջ,
Երբ էությունը հայտնի չէր դեռ մեզ
Ու ողջ խորությամբ չէինք ճանաչում,
Քանզի մերը չէր ու ապրում էր լոկ
Երազանքներում մեր հեքիաթային,
Ոնց գարնանային ցնծուն առավոտ…
Քավ լիցի, սերը կույր է թեկուզև,
Եվ ոչ միշտ է, որ
Կարող է ընտրել մեր որոնածին.
Բայց ինչ էլ լինի, կարևորն այն է,
Որ Սիրելով է մարդը Մարդանում,
Անաղարտանում,
Եվ սփռում չորսդին իր սիրտն ու հոգին…
Ու թե Աստվածն է այդ չնաշխարիկ
Սուրբ զգացմունքը ներարկել մեր մեջ,
Նման դեպքերում,
Մարդ դրախտում է ապրում անընդմեջ,
Թեկուզև հոգու ու երազային,
Զի այդ պահերին` սիրելով անհուն,
Անկախ իր գոյի դրսևորումից,
Մարդկային սիրտը, մտքերն ու հոգին.
Լույս են ճառագում,
Բարություն ու Սեր
Ողջ տիեզերիքին,
Ողջ տիեզերքին…
Սեյրան Մալխասյան
