Պարտություններ են ինձ միշտ ուղեկցել,
Բայց, տեսա՞ր, վերջում՝ հաղթող դուրս եկա,
Ու թե որքա՜ն է ինձ կյանքը ծեծել,
Միայն Երկինքն ու իմ մաշկն են վկա –
Տարօրեն սիրո խրթին մի նմուշ՝
Ցավի միջոցով դաջվող մեր հոգուն,
Եվ մեր ցավերից՝ առավե՜լ անուշ,
Հավերժության պես անխախտ և կայուն։
–Սակայն ես ինչպե՞ս սերս թարգմանեմ
Մի կում լույս աղոտ՝ իմ խամ զավակին
Եվ, թաքուն լալով, Քո լույսին հանեմ
Իմ սիրով, մաքուր պահեմ իր հոգին...
Ես արդ չգիտեմ, ախ, ի՞նչպես, Տեր իմ,
Քանզի, բեռան տակ մեր հունքուբունքի,
Գիտեմ, որ անբիծ Քո՛ սերը ունի
Կորուստների համ ու հոտ արցունքի։
2019, Ուգլիչ