Harutin » 30 окт 2010, 12:19
Ի՛Մ ԱԶՆԱՎՈՒՐԻՆ
Ինձ տվեցին ձեռքեր, որ միանան վանքում,
Բայց ճակատիս դժո՞խք, թե՞ դրախտ է գրված...
Շառլ Ազնավուր
Սահեցի քո մեջ,
(քեզանից թաքուն),
հոսեցի, գլորվեցի, եկա
մինչև բոհեմը իմ…
Փորձում եմ հասկանալ քեզ
ի՛մ տարածքում –
(հաստա՛տ քեզնից թաքուն):
Դու վերապրում ես
կյանքդ հազարերորդ,-
ես՝ նորատունկ,
դեռ հաշիվն եմ խառնում աստղերի
ու չեմ հավատում
գոյությանը ժամանակի,
ամեն օր կտրում-անցնում եմ
լանդշաֆտը սրտիս՝
ստուգում ամեն ինչ,
նախապատրաստվում
հաջորդ ժամանակին,
չնայած՝ քիչ առաջ ասացի,
որ չեմ հավատում
գոյությանը ժամանակի.
(նա չի գալիս ու չի անցնում
և հորինում՝ վայրկյանն իրենց):
Դու քո կյանքերի ընդմիջումներին
խոսում ես թեթև, երգում ձեռքերով,
աչքերով գրում օրվա կտավին
ու փառաբանում Աստվածամորն այնպես,
որ ձայնդ լսվում է տիեզերքից անդին…
Մոմ եմ վառում քեզ համար
Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցում,
Արա լեռը շունչ է քաշում թեթևացած
ու ժպտում է հենց քեզ նման.
(ավա՜ղ, քեզնից հեռու, քեզնից թաքուն),
եկեղեցին հազար տարեկան է,
դու՝ չգիտեմ,
բայց նրա աչքերի աղավնիները
քեզ հիշում են վաղուց:-
«Մնաս բարով» երբեք մի՛ ասա,-
իմ սերը վկա և այս լեռները երեք՝
որպես վկայություն՝
Սուրբ Երրորդության պես,-
իմ սերը վկա
(հավերժ քեզնից թաքուն)…
Երեք լեռների զեփյուռները միանում,
գալիս են հեռվում քեզ գրկելու, շոյելու,
ո՞ր գիրքն է սեղանիդ՝ Նո՞ր Գիրքը,
թե՞ Բհագավատ Գիտան,
գուցե երկո՞ւսն էլ,-
(ասում եմ քեզնից թաքուն),
հավատալով, որ դեռ կլսեմ երգդ
իմ հորինած ուրիշ ժամանակում՝
(հավե՜տ թաքուն)…