Harutin » 29 июн 2011, 15:45
***
Քրոջս ականջը կլանեց ավտոբուսների,
միկրոավտոբուսների,
մարդատարների, բեռնատարների ձայները
ու սկսեց խշշալ, ինչպես
խեցին ծովի ձայնից:
«Սկզբում հոգնեցին ականջներս»,-
մտածեց նա`
կարոտելով ժամացույցի ձայնը,
որ չէր լսվում:
«Ձեւացրու, թե չես լսում,
ձեւացրու, թե չես ուզում քնել:
Տերեւները ձյան պես գալիս են ամպերից,
բայց ամպերն այսօր չեն ազդել մեքենաների վրա,
աթոռով ձի քշողների վրա էլ չեն ազդել.
բոլորը արթուն են,
մեքենաները մեքենաներ են տեղափոխում,
բռնակները շարժվում են ընթացքից`
կախված օդում,
մենակ լինելու ժամին
մետրոյի հասարակության մեջ...
Ձայնախլացուցիչ է պետք ականջների համար:
...Մի տեղ լռություն էր կիսով չափ
առավոտ, երբ հոգնած արթնացա:
«Ինչ-որ բան ինձ հետ կապ ունի,
բայց հեռու է»,- մտածեցի:
«Հայլուրը» խանձվում է տանը`
կաթսաների կողքին.
ուժեղ թշշում է»,-
երազում ասացի հարեւանուհուս,
իսկ զարթնելուց հետո դուրս եկա
խլացող լուսամուտների
ու լուսանցիկ կոպերի սենյակից:
«Երբ արեւի ձայնը հասնի ինձ
ձայնամեկուսիչ ապակիների միջով,
ես կփակեմ, հետո կբացեմ աչքերս,
կկոցեմ աչքերս եւ կլինեմ
անձայնանցիկ երազների ու փողոցի միջեւ,
իսկ իջնելիս քաղաքը նորից կխշշա.
քաղաքի շրջադարձերից բացվում են
քաղաքի թեքությունները
գնչուական երկրի,
որտեղ ամեն ինչ սկսել է գնալ
ժամացույցի ավանդական կտկտոցից հեռու»...
Քրոջս ականջը կլանեց
գնչուների շարժումի ձայնը,
բայց քույրս բժշկի չգնաց...