* Մեր հոգիներն անլույս ու կույր լապտերներ են, Ճոճվում են ՝ Առաստաղից ներքեւ դատարկության, Չգտնումի վայելքն օրորվելով:- Պատերի մեջ թաղված, Թախծից ժանգոտվում են Լույսի կոճակները:
* Կեսօր է: Միջօրե: Ու մարդիկ Ավազին փռվել են այս տապին: Իսկ անցնող ծովայինն, իհարկե, Անտեղի, իզուր է կատակում... Մի փոքրիկ աղջնակ ծովափին Փշրվող ալիքն է հավաքում:
* Դեռ առավոտ է, եւ ցողն ու շաղը Ծաղկաթերթերին ժպտում են, լալիս, Մի ալիք ճեղքում է շամանդաղը, Մյուսը... կարելով է գալիս: Ես ծովի ափին նստել, կարդում եմ Լի-Բոի տաղը՝ աշնան մասին, Եվ անցորդները տեսնում են հանկարծ Ինձ՝ առանց պատճառի ժպտալիս:
* Թռիր քամի շտապ անապատի վրա, Տներ չկան այնտեղ, փողոցներ ու մայթեր, Որ խանգարեն քեզ ու քո ընթացքը վայրի, Ծիծաղելով ասեն քեզ անտուն ու անտեր: Միայն պատմիր այնտեղ մի քիչ կյանքի մասին Կոմիտասը երգիր, սուլիր Վագներ, Թռիր շտապ, քամի, անապատի վրա, Չէ՞ որ դու սիրում ես ավերակներ:
Ես ծնվել եմ, Պիտի շռայլորեն ապրեմ, Ապրեմ երկրիս բախտով, Ապրեմ ձեզնով, Ինձնով, Ապրեմ, քանի դեռ կամ: Իսկ թե պետք է մեռնել Դավանանքի ճշմարտության համար, Այդ դեպքում հավատը կուզեկուզ թող չգա Մեր ետեւից, Մեր կոխած հողում տրորվելով Եվ երբեմն իմաստուն, Հաճախ անիմաստ մեր խոսքերից Օրորվելով:
* Ես մի ամբողջ գիշեր առավոտվա մասին մտածեցի: Կանաչ մասրենու մեջ զարմանալի աշնան մեռած թփեր կային: Մի մենավոր կաղնի՝ ժայռակողին, մի հին, մի խախքարի առջեւ, կատակերգակ տեսքով ողբերգություն խաղաց:- Մի խաչքարի ստվեր- ու մի խաչքար՝ թաղված: Մի մեծ կաղնու ստվեր- ու մի կաղնի թաղված: Մի հեթանոս երկինք- անդալուզյան արեւից տաք. Օ, դու արեւի մեջ վառված իմ Հայրենիք:
* Մի բեկոր ժայռ պոկեմ, Մի կտոր լերկ արեւ Եվ ծամելով քայլեմ այս լեռներով:
Նայեմ գազաների խոնավ աչքերի մեջ, Տեսնեմ արցունքների բնազդային ծնունդ ժայռերի մեջ մեխված երազների համար- Ննջեմ գազանների տաքուկ թեւերի տակ, Նրանց սառն աչքերից սառը ջուր խմեմ- Ու թե ոչինչ չկա իմ գոյության համար,
Մի բեկոր ժայռ պոկեմ, Մի կտոր լերկ արեւ Եվ ծամելով քայլեմ այս լեռներով: