Ձեռնափայտի վրա հենված մարդն ու Գյումրին
Կարծես թե ես կամ ու չկամ,
Դա պարզ է, ինչպես հին հանելուկ,
Եվ իմ չլինելն օրեցօր,
Նմանվում է իմ լինելուն:
Շատերը դեռ նստած իմ կողքին,
Շատերը հեռացել են վաղուց,
Եվ նրանց ստվերները արդեն,
Արևի հետ են խաղում:
Իսկ իմ ստվերը թաքնվել,
Մարդկանց անզիջում աչքերից,
Եվ ինձ իրավունք է տվել,
Աշխարհին նայելու վերից:
Աշխարհն էլ կարծես կա, ու չկա,
Եվ ոչ ոք մեղավոր չէ դրանում,
Ով այստեղ է ՝ նա դարձել է վկա,
Թե այնտեղ ինչեր են անում:
Արևն էլ կա, ու չկա,
Բայց Գյումրին իրիկուն է սիրում,
Ու թե նա սիրեց մի անգամ,
Բառեր էլ կգտնի ասելու:
Կասի, - ես էլ կամ, ու չկամ,
Եվ դա պարզ է, ինչպես հին հանելուկ,
Եվ չլինելն իմ ոչնչով,
Չի տարբերվում իմ լինելուց: