ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
«Ներաշխարհի լռությունը» շարքից
1.
Մարմնական նեղլիկ կաղապարից, ինչպես միապաղաղ խաղուպարից,
ծույլ հանկերգի նման իր շրջանը քաշող, ձանձրացել է հոգիս,
հոգիս խռովել է նրա տեսանելի, անտես արատներից:
Ես չգիտեմ` ո՞վ եմ – մարմի՞նը, թե հոգին,
Ես չգիտեմ, թե ո՞ւմ ապավինեմ:
Ախ, երևի արդեն ծերացել եմ,
ախ, երևի արդեն մոտեցել է`
կնճիռների ծովում անկանգ նավարկելով,
կնճիռների պրկված, ջղուտ թիակներով:
Ախ, երևի արդեն մոտեցել է…
Ժամանակն է, ասի, ոչ ոք թող չխոսի,
ոչ ոք թող չլսի, ոչինչ թող չհոսի
և ինձանից ոչ ոք չբամբասի, ժամանակն է, ասի, դողէրոցքի…
Ախր շա՛տ ձանձրացա ես ինձանից
և ձեզանից, անշուշտ, շատ ձանձրացա.
ես իմ միջով հազար մազե կամուրջ անցա,
իմ մեջ ես գործեցի հազար ու մի հանցանք`
իբրև անլույս անձավ և անկատար բաղձանք,
և էլ տեղ չմնաց ապաշխարման:
Գուցե հենց այդպե՛ս է` վերջը միշտ գալիս է,
երբ որ ապաշխարման և՛ ցանկություն, և՛ սիրտ,
և՛ տեղ չեն մնացել,
ախ, անպայման այդպե՛ս` հենց այդպե՛ս է որ կա:
Ժամանակն է, ասի, ոչ ոք թող չխոսի,
ոչ ոք թող չլսի, ոչինչ թող չհոսի
և ինձանից ոչ ոք չբամբասի,
ժամանակն է, ասի, դողէրոցքի…
Ո՛չ միամիտ հիացք, ո՛չ անտարբեր հայացք,
ո՛չ գթություն, ո՛չ թույն,
այս ձանձրույթի պահին, առանց աճող ահի,
առանց ցավի, դավի, առանց ատելության,
տեսնես` ի՞նչ է ասել հոգու ու մարմնի ինքնամատույց մահին,
ի՞նչ է ասել ծովում լողորդ Նարեկացին,
և Տերյանը Վահան այս ձանձրույթի պահին ի՞նչ է ասել մահին:
Իրենց հոգու խորքում` մթնում մտած խոր քուն, անգտնելի թաքուն,
իբրև ճգնավորի մաքրամաքուր մատուռ,
նրանք տեղ են թողել ապաշխարման,
թե չէ անհնար է և չամոքող ցավ է այս ձանձրույթը քարե
բաց վերքի պես մաշող և շարունակ ճնշող
մորմոքի հետ պահել մշտահոլով ջահել
հոգում և մարմընում.
ինչ-որ մեկը այնտեղ պիտի որ ծերանա…
Չծերանա՜ այնտեղ այրը Նարեկացի,
և Տերյանը Վահան այնտեղ չծերանա…
Խեղվածներին բոլոր, շեղվածներին մոլոր,
իբրև գիլ ու գլոր տանող թիակ,
ես եմ վերջին, միակ մոլորվողը ծովում`
ուրիշների համար և ինքըս ինձ համար
թիավարող համառ,
ապաշխարման մի վայր չգտնելով հարմար,
իբրև ձանձրույթը խոր չհանդուրժող նավազ
կամ քավության նոխազ մի գորշավազ,
այս ձանձրույթի պահին, ոչինչ չասած մահին,
ես եմ վերջին, միակ մոհիկանը ծովում: