ԱՅԴ ՕՐԸ ԿԳԱ ’
Հոգնել եմ անդուլ ոտնաձայներից`
Խաբկանք ու ստի`
Ապրող մեր կյանքի հորձանուտների Ամեն անկյունում,
Չարի անխորտակ խարդավանքից եմ հոգնել անթաքույց,
Որ մեզ ուղղակի դժոխք է տանում:
Հոգնել եմ նորի
Գենետիկական անճարությունից
Ու նոր փաստարկի Անազնվացեղ ազնվացումից,
Անմեղսահարույց անմեղ նվիրման
Կործանման ահից,
Մեր կործանարար Անտարբերության Անխոնջ վերելքից
Եվ անճարության անբոց թոնրից եմ Հոգնել ես վաղուց...
Չեմ ուզում լինել վկան հնաոճ լուռ ստորացման,
Ջուր ավելացնել առվին այլաբավ ջրաղացների,
Լինել լռելայն համակարծիքը Անպատիժ ուծման
Կամ պատվանդանը
Հավերժահառաչ Համլետյան հարցի:
Հոգնել եմ անխորք` անվերջ սատարվող,
Խոհի անխոհեմ վայրիվերումից,
Անդուլ, անվախճան Սայթաքումներից խելահասների,
Մեր, անմտածին, հեզ համբերության
Տողադարձումից
Եվ դեղնակտուց դեռահասների Զազրապաշտումից...
Հայոց քարաստան կղզու այրերի
Ոճրաբարտավան անբերրությունն է Հոգնեցրել արդեն,
Եվ խորշոմածածկ արտասվագութը Անցած Եդեմի,
Որ հիմարախիտ սպասումներ է ծնում հարատև:
Հոգնել եմ մտքի ամորձատումից` Նենգ ու տմարդի,
Եվ անձնվիրության մոռացումից եմ հոգնել վերջապես,
Մեր հորիզոնում դեռ չերևացող
Հեռու ու անտես արևի դալուկ փայլից անխանդաղ,
Երկնի լազուրում թևածող անմեղ
Հրեղեն հավքի Հեքիաթից ոսկե:
Մեր երազանքի կապույտ թռչունի`
Հազարամյակներ երկնքում թևող,
Բայց երբեք, երբեք Հայք հողին չիջած
Անհուր Հեքիաթի դավից եմ հոգնել…
Հայոց մեր Նավի ղեկին ուզում եմ տեսնել Անհատի,
Որ այս քարքարոտ երկրին Տեր կանգնի որպես զավակի,
Ծնողի գորով- խանդաղատանքով
Սիրի Հայրենիքն իր պապենական
Եվ հզոր նախնյաց անվերջ երազած
Եդեմ դրախտը առաջնորդի մեզ`
Մեծ Վստահության լիահույս լույսով.
Նվիրյալներին սատար կանգնի միշտ,
Եվ պատին գամի դավաճանների ոհմակներն ընդմիշտ,
Հանճարին թև տա, տաղանդին` բազուկ,
Շնորհաշատին` հանի պատվանդան,
Ապաշնորհին իրեն արժանի տեղը ցուցանի,
Աշխարհի առաջ ծածանի վառքը մեր իմաստնության։
Արժանապատիվ ապրելու կամքը
Դարձնի սրբասուրբ աղոթամատյան
Եվ մեր Ինքնության Հիմնի վերածած,
Հայկ նահապետի Պատիվն ու Խիղճը,
Մեր Արդարամիտ պատվախնդրության`
Արժանապատիվ վեհ առագաստով,
Նոր ու նորօրյա նվաճումների լույսով ողողված,
Հինգհազարամյա անխոնջ ձիրքը մեր,
Մեր Գիրն ու Բառը, Արվեստն ու Միտքը
Համայն մարդկության
Փառքի կենսալույս սեղանին հանի:
Սրտիս անարար սպասումներից հոգնել,
Սակայն դեռ`
Հին երազանքիս հնազանդ գերի,
Սպասում եմ դեռ, որ վերջիվերջո
Մեր բազմաշնորհ ամբողջ Հայության Անվերջ երազած Տերն այդ կլինի,
Եվ Օրն այդ, կգա’. ..
Այդ Օրը ,Կգա’:
Սեյրան Մալխասյան 2002
Օրն այդ եկել է, Իմ Հայ Ժողովուրդ`
Քո իմաստությամբ և հոգուդ կանչով։
