ՈՒՐ Է ԵՐԱԶԸ ՄԵՐ
Ու՞ր է երազը մեր,
Ո՞ր մայթերի փոշու
Գորշ ամպերն է երկինք նա բարձրացնում,
Եվ որտե՞ղ է հիմա նա պահ տրվել հուշին,
Ու՞մ սրտում է գցել իրարանցում...
եվ օրերից մի օր ետ կդառնա՞ արդյոք,
Հետք թողնելու ծանոթ արահետում,
Թե՞ կկորչի օտար ճամփաներում մոլոր,
Երազներում անբոց ու բեկբեկուն:
Դարերի համ ունի երազը մեր մաքուր.
Մաքառող է, անեղծ ու անդավան,
Այն ապրում է այլոց երազներից թաքուն
Ժամանակի հոսքում անապական:
Ու՞ր է երազը մեր, ո՞ր մայթերի փոշում,
Թանձրացե՞լ է արդյոք, թե՞ նվաղել:
Ու՞մ է հայրենի տան ծանոթ ուղին հուշում,
Ու՞մ մտքերի հունն է աղավաղել…
Ս.Մալխասյան 4.09.2003
