Կարինե Կարինե » 10 окт 2019, 15:09
ԵՐԿԱՐՈՒՄ Է ՕՐԸ
Արտասվաթոր էինք, արտասվահակ դարձանք,
Գերեվարված էինք, դարձանք ազատ...
Նմանվել ենք հանդում մայր կորցրած գառան`
Չկան բարեկամներ ու հարազատ:
Ողջը լքել վաղուց, գնացել են հեռու,
Անգղների ճանկում ճնճղուկ ենք մերկ,
Այլ տեղերում կյանքը հարուստ է ու բեղուն,
Երազ երկրի ցելը մնաց անհերկ…
Երկարում է օրը, երկարում է տարին,
Ու դարերի հետքով ձգվում անվերջ,
Ոսկե հասկի տեղում ծլարկում է գարին,
Հողին տեր են դառնում որդ ու բվեճ…
Կռունկների նման մեկ-մեկ ետ են գալիս
Հուշի արահետը թարմացնելու,
Տեղեկություն քաղում սրա, նրա հալից,
Շրջում պատանության փողոցներում…
Ու գնում են նորից, ու գնում են նորից,
Ու շատերին տանում իրենց հետքով,
Զավակներ են կտրում հայրենական հողից,
Մենք հիմար ենք մնում, իրենք` խելքով..
Ս. Մալխասյան 14.08.2003