ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ ԱՆՏՈՒՆ ԹՌՉՈՒՆ
Հիշատակի երկինքն է խուլ արձագանքում
Սովյալների տխուր կանչին,
Եվ պատկերն էլ աղավաղված
Հեռանում է ծվեն-ծվեն
Ամպերի հետ, և ջրի մեջ
Աստղերի «խակ» կաղապարներն են առկայծում
Ձկնային պաղ հայացքներով:
Նա գալիս է հեռուներից`
Մահամերձ ու անցանկալի,
ՈՒր խավարըն էլ սենտիմենտալ
Թրթիռ է մի համատարած`
Նախորդ պահից մինչև հաջորդն ու շարունակ...
Եվ ժամանակն է անտարբեր
Ընթացքով իր հավերժական
Մեր մազերի սևը` ճերմակ
Եվ մարմինը սպիների ցանցով պատում:
ՈՒ մեղքերի խառնարանն էլ
Արթուն շան պես հսկում է
Մեր հաճույքներին:
Մեր տենչերի խաղողն էլ սև,
Կարմիր ու թունդ գինի դարձած.
Պանդոկների կիսամութում զգենում են
Մարմինները ծախու և նենգ
Մոռացության շապիկներով,
Եվ ազատում չկա անվերջ գրոհներից`
Գիշերային և տաղտկալի:
Եվ լուսինն է մելամաղձոտ ու լքյալի
Անփառունակ ճակատագրին արժանացած,
Չկա մեկը, որ հայացքով փնտրի նրան.
Ախ, աղջկա հրճվանքի մեջ կորել է նա
Քարայրներում անեղծելի :
Հիշողություն-անտու՛ն թռչուն,
Քնած ես դու տեղատարափ անձրևի տակ`
Ծիածանի յոթ գույներով շատ սպասելի,
Անսեռ, անսեր, աննյութեղեն
Ինչպես մի խեղճ թափառական,
Ցնցոտիներ` ընծա սիրո, ատելության,
Հիմա, սակայն, առանց հույզի, առանց խոհի,
Ախ, այտերս ես շոյում ձեռքով գուրգուրանքի:
Իսկ խռովյալ երկինքը դեռ արտասվում է,
ՈՒ Կույսերի քարավանն է արևմուտքի փարախներից
Ճանապարհի թելը ձգում մինչև հարավ և արևելք:
Ես աշխարհիկ վայելչությամբ
Կզարդարեմ մարմինս տաք
ԵՎ համարձակ կմոտենամ երանության եզրագծին...
Հիշողություն- անտու՛ն թռչուն,
Ես` քեզ նման, և քեզ բախտակից
Որոնում եմ մայրամուտի աչքը միակ...