Harutin » 29 сен 2010, 20:12
ՕՐ ԱՆԱԿՆԿԱԼ
Ա
Հաղորդակից դեպքերի զավեշտական ընթացքին,
Դուք, պայտարներ պայտեցեք նժույգն իմ այս աննման,
Եվ մենազեն ես կանցնեմ մինչև հարավ և հյուսիս,
Ախ, ո՞ւմ սրտի մեջ հարյավ վերջին հատիկը հույսիս:
Ես, որ անսեր մեծացա սերս կտամ ամենքին,
Որ մտահան դուք չանեք հրճվանքների իմ կույսին.
Եվ ինչ մնա` ինձ մնա, և՛ կորամեջք մի լուսին,
Ե՛վ կարոտն իմ համբարձող պատառիկները...
Բազմաշնորհ, դուք բազում, կապեք կապարճ և ասպար,
Զարկեք թմբուկ, ծնծղա, բռնեք հաղթողի շուրջպար,
Ես գալիս եմ եկվորի վայելչությամբ թագակիր,
Դուք մեծարեք ընթացքն իմ դեպի քաղաքն ԱՐՄԱՎԻՐ:
Պահեք ծայրն այս կծիկի և այն նետեք` երազի
Յոթնաբաժանը դեպի...
Ախ, դեռ պիտի ես անցնեմ ճանապարհը ՂԱՐՍԻ,
Հետո բոբիկ ոտքերով ճամփան բռնեմ ԱՐՑԱԽԻ
Եվ քուղերն իմ հավատի ՎԱՆՈՒՄ ներկեմ ես կարմիր,
ՄՈՒՍԱ ԼԵՌԱՆ բարձունքից, քաջամարտիկ և հերոս,
Ղողանջները լսեմ ես բացվող օրվա հարահոս,
Եվ թռչուններին հանգույն ես ընթացքով երկնային
Հասնեմ մինչև ՍԵԲԱՍՏԻԱ, մտնեմ հողը ՄԱՐԱՇԻ:
Եվ յոթ տարի շարունակ, թափառ կյանքի ջատագով,
Ես բաժանեմ` գտնելով երազներն իմ հեռավոր,
Հետո միայն մկրտվեմ, ՍՈՒՐԲ ԿԱՐԱՊԵՏ դու վկա,
Ախ, ո՞վ իմ ձեռքը կտահաղթանակի սուր ոսկյա...
Բ
Դուք, արժանի և հմուտ երգասացներ լռության,
Սպասավորներ հույսի և հավատի վանական,
Առաջնորդեք ինձ «ԱՅԲ»-ով, «ԲԵՆ»-ը կապեք բազուկիս,
«ԳԻՄ»-ով օծեք մարմինն իմ, ես գալիս եմ ահա ձեզ:
«ԴԱ»-ն ավերված մի մատուռ,
«ԵՉ»-ը մորթված մի խաչքար,
«ԶԱ»-ն մոռացված ոսկյա զանգ,
«Է»-ն. էլ հիշելու բա՞ն մնաց.
Է, մնաց ողջ երկրով մեկ ցրված հույսի բեկորներ,
Բացվեք դռներ ցնծության, արձագանքեք փողհարներ:
Ախ, այս գիշեր երկնքի պաղ անձրևն ինձ կարեկից,
Ես կջնջեմ պատկերն իմ ԵՐԵՎԱՆԻ նկարից,
Ես` ուխտավոր, և քամին կսրբի իմ այտերից
Ճանապարհի տաք փոշին և ապտակները բախտի...