ՄԵԽ
Սա այն կարծրացած ճիչն է մարդու,
Որ կաթեց հողին,
Եվ մետաղացավ դարերով քարթու
Ընդերքում հողի,
Կացավ պեղողին,
Որ եկավ դարիս հսկա գիտությամբ,
Փորեց շերտերը մայր հողագնդի,
Գտավ, հասկացավ խոր տարողությամբ
Բողոքի ճիչը մարդ տառապողի.
Ապա իր զորեղ թևերը սոթտած
Նա կուռ դարբնեց մետաղը ճչի,
Ձև տվեց, շինեց օղակ կլորած,
Հանց ազատության մի խորհրդանիշ...
Բայց օղը փոխան
Ազատությունը խորհրդանշի,
Դարձավ մի շղթա
Եվ կապտեց իր իսկ կերտողի ձեռքերն
Բռնությամբ դժնյա...
Ու նույն կարծրացած ճիչն էր մարդու,
Որ կաթեց հողին,
Եվ մետաղացավ դարերով քարթու
Ընդերքում հողի,
Կացավ պեղողին,
Որ եկավ դարիս հսկա գիտությամբ
Փորեց խավարը մայր գնդահողի,
Գտավ, հասկացավ խոր տարողությամբ
Բողոքի ճիչը մարդ տառապողի.
Ապա հեսանած իր միտքը ահուր
Նա պինդ կռանեց մետաղը ճչի,
Ձև տվեց, շինեց սրասայր մի սուր,
Հանց արդարության մի խորհրդանիշ...
Բայց սուրը փոխան
Արդարադատեր,
Դարձավ արնախում բռնության միջոց,
Արդարությանը գլխատեց անտեր,
Բացավ հավիտյան անդարման մի խոց...
Ու նույն կարծրացած ճիչն էր մարդու,
Որ կաթեց հողին,
Եվ մետաղացած դարերով քարթու
Ընդերքում հողի
էլ չի սպասում ո՛չ մի պեղողի...
էլ ոչ մի պեղող չի կարող գտնել
Տառապած մարդու ճիչը մետաղե,
Վերստին կապտել,
Երկաթագործել որպես բրածո,
Ձուլել ու ձևել որպես կոփածո
Մի զինանշան,
Մի գերբ, մի խորհուրդ,
Որ բազմից անգամ դարբնվեց հույսով,
Բայց հուսախաբվեց,
Որ տեսավ միայն ազատության սով,
Որ տեսավ միայն արդարության սով
Աշխարհում տխեղծ։
Տառապյալ մարդու
Կարծրացած ճչի մետաղը զնգուն
Այժմ ծանր է նստել
Աշխարհի խղճին,
Որ մրափում է մեղկությամբ փքուն,
Ու խուլ է մարդու բողոքի ճչին,
Իր իսկ կործանման ժահոտ մահիճում...
Եվ գալարվում է ալքը աշխարհի,
Գեհեն է վառում հրով ահռելի...
Տառապած մարդու
Ահագնած ճչի մետաղն է եռում
Հուսկ ու գերագույն րմբոստացումի
Շիկնած հնոցում,
Ու պիտի պայթի,
Ու պայթի պիտի
ճչի կարծրույթից կռած երկաթե
Մեխը կոփելու ճիշտ առ որ անկ է։
Թեհրան, 1973-12-01