Harutin » 12 июн 2011, 14:37
ՀՆԴԿՈՒՀՈՒՆ
«Ինտրայի համար հոսեք, օ՜ կաթիլներ»
Ռիգվեդա
Մեր պատահական ամուսնությունն եմ ես այսօր հիշում,
Եվ անեծքի վեդաներ եմ հյուսում քեզ տվող ու խլող աստվածներին,
Թող Սոման ցամաքի, Ինտրան զրկվի հերոսությունից,
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....
Պսակվեցինք, որովհետև աստվածներին նոր զարմ էր հարկավոր.
Սոման հարբեցրեց ինձ, Բրահմանը Սոմայի ուժն իմ երակներից առավ,
Խորամանկ Ինտրան հուշեց գիշերն ու Կամա Սուտրան....
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....
Շիվան ճակատագիրս ծամածռեց ճոճապարում,
Ագնին բորբոքեց կրքերիս հուրը բոցավառվող,
Միամի՜տ ենք, հնդկուհի՜ս, կամ ու կացի մեջ հայտնվեցի,
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....
Եվ ձեր երկրում, ուր տարածությունը երկրի երկինքն է համբուրում,
Մեր զավակը ծնվեց՝ նոր զարմն աստվածների,
Ու ոտքիս կապերն ամուր համարելով՝ աստվածները տարան ինչ տվեցին....
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....
Եվ այդժամ ես մարմինդ մերկ Շիվայի քառաթիկունք գրկում գտա
(տաճարի դռները փակելու համար Շիվայի չորս ձեռքերը չէին բավել).
Օձապտույտ մերկապարում իմ բախտի պես քո մարմինն էր ծամածռվում....
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....
Քո մարմինը մեղկ էր օձապտույտ ճոճապարում,
Ես ցանկացա Շիվային ձեռնատել,
Սակայն Ագնին տաճարի դուռը սեպեց և ասաց՝ հեռացի՛ր։
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....
Եվ ես հիշեցի մատուռներն իմ սուրբ երկրի,
Որտեղ կանայք քողերով են միշտ աղոթում,
Ու Տերը մեր, ուր Տերը մեր չի մերձենում Աստվածամորն անգամ։
Այս սրբության պես հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....
Աստվածամոր աչքերի պես հեռացումի բիլ Գանգեսը ես բռնեցի,
Քեզ թողեցի վավաշաշուրթ ագնիների հրայրքներում,
Թող որ մարեն, թող ցամաքեն ու չորանան,
Իմ սիրո համար հոսեցեք, օ՜ արցունքի կաթիլներ....