Harutin » 19 июн 2011, 10:17
Վերսփյուռ
Իրանից Ամերիկա մեկնելու ճամփում
Ո՜հ, այս բոլոր մեկնումներից ուժաթափ է իմ հոգին,
«Գնաք բարի» ասելներից ոգեթափ է իմ հոգին,
Որ գնում են հարազատներ ու ընկերներ սրտակից,
Տանում անդարձ սեր ու հուշեր... չեն կրկնվի էլ նորից:
Դատարկություն, տրտմություն է թափվում շուրջս հանց խաշամ,
Աշնանային տերևների կարծես թե չու՜ է թարշամ...
Սրտազգաց այս դատարկը էլ ես ինչո՞վ կլցնեմ,
Երբ գնում են... Ու եկածներն` գնացածի նման չեն:
Թեև արևն մեր փողոցի նույն պատից է սահում վեր,
Բայց օրերը էլ անցյալի այն օրերի նման չեն:
Նստեմ, մնամ էլ` չի օգնի, երբ չկա այն, ինչ որ կար,
Կա՜ր... Համայնքի ներփակ մի կյանք... Ու այդքանով բավարար...
Կքեց, սակայն, և չի կանգնի... Լուսաբացի երազ էր,
Որ պարուրեց, քաղցր համ տվեց... Բայց չհասավ մի եզերք:
Սև կատու է անցնում պատից... Շուք ու շվաք դավում են...
Ցանկություննե՜ր, օրորհիշի՜շ... Անամոք ու իզու՜ր են...
Այն կրակը, որ ընկել ու սրտեսիրտ է թափանցում,
Մեր անցյալի ցավոտ վերքը ներկային է կապակցում,
Որ ցնցում է հայսփյուռքը և ալիքվում մոլեգին,
Բայց ալիքը փոխան երկիր` վերսփյուռվում է կրկին...
Ու ցա'վ... Ու քե'ն... Գուցե զզվա՜նք... Չեմ իմանում ո՞րն զգալ,
Բայց զգում եմ` ի՜նչոր մի տեղ, ինչոր մի բան կա' սխալ:
Դա չի լուծվի մեկ հարցումով, պատասխանով միավանկ,
Լոկ լոզունգով պարմանականչ չի բացվի լույս անվկանդ:
Հայրենիքի ներկայության բացը մեր սիրտն է խոցում,
Ո՜ւր է... Լինե՜ր... Ու խմբվեինք հայրենական ամրոցում:
Կարծես չկա՜նք... Իսկ նա միայն ռադիոժամ է գգվանքի,
Դեռ "Կռունկ" է հեռարձակում, կորցրած մուլքեր ու այգի...
Մեր նոր բախտի արագիլը Սարդարապատ է թառել,
Մի ձեռք զորի` մեկ էլ քշի՜, որ ավարտի չուն վայել...
Ու թևերը կախ են արծվի, լոկ ճախարակն է մանում,
Այն էլ հեռու՜ սփյուռքներում, հանց հիշատակ ու անուն...
Նպատակը կանչում է դեռ, որպես զանգը հայ ժամի,
Սերունդներ է ոգեկոչում մի պահ, դիցուք մի քանի~...
Հուսկ բեկվում է ծլած շիվը, հատվող կանաչ հույսի պես,
Շա՜ղ է գալիս աստղաբույլը, վերսփյուռվում ցնդատես...
Հայ'րե'նի'քի' գիրկը պիտի, որ այս շաղը հավաքի,
Բայց պաշտպա՜նը... Ո՜ւր Հայկ Դյուցազն... Ո՜ւր կոչնակը հավատքի...
Եվ այն ինչ որ սփյուռվա՜ծ էր... Ու սփյուռք էր ջրերես,
Վերսփյուռվո՜ւմ է լիճ նետված խճի օղալիքի պես...
Հայրենիքի դիմավորման բացը մեր սիրտն է խոցում,
Ո՜ւր է... Լինե՜ր... Ու մեզ խնբեր հայրենական ամրոցում:
Ձայն են առնում նվիրումով մարգանեներ ուշացած
Միջարևել հայտնությունով կերտելու մի նո՜ր երազ...
Որ մո՜տ մնան հայրենիքին, բայց թե` չնկնեն նրա մեջ,
Էլ ո՞ր օրվան են սպասում... Որ մատուցմա՞մբ բացվի է՜ջ...
Լիբանանը հայրենիք չէ', ո'չ էլ Իրանը իսլամ,
Հայաստանից ի բաց մնա` սփյուռքը չի' շահի բան:
Չի շահի` մե'կ, դեռ վրան էլ կկորցնի կրկնակի'
Շուրջպարի մեջ լիբանանյան ու իրանյան կրակի...
Պատմության մեջ ե՞րբ է եղել, որ սփյուռը օրհասի
Միջարևել կարգերի մէջ քաղաքական խոսք ասի...
Ներկայի հետ ապագան էլ գորշ է անցյալի նման,
Տեղայնական մոլության մեջ հայն ենթակա է ճնշման:
Նույն մահիկն էր, որ անճիտեց ազգ ու հողի մեծ մասը,
Ո՞վ է կարծում, որ նա հիմա կհատուցի վնասը:
Միջարևելքը` ո~ղջ մահիկ, Հայաստա'նն է ժայռը լոկ,
Որի վրա կեռ մահիկի շեղբը բեկվեց ի վերջո...
Պատմականի մոխրակույտը հովն է անում ցանուցի՜ր,
Տրամաբան սիրտ չի մնում... Կյանքը դառնում է ձանձի՜ր...
Ծաղկաթափի այս օրերում իցիվ լինենք վարդասեր,
Բայց նախանձի տոթը խեղդուկ խանձում է ծիլ, փերթում` սեր...
Սև կատու է անցնում պատից... Շուք ու շվաք դավում են,
Ցանկություննե՜ր, օրորհիշի՜շ... Անամոք ու իզո՜ւր են...
Ու հորդում է քամին կրկին... Ո՜հ, հողմավա՜ր տերևներ...
Ե՜ս էլ, ահա, քամու թևի՜ն... Ափսոսանքով տարուբեր...
Որ մեկնում եմ... Ու մեկնումից ուժաթափ է իմ հոգին...
"Մնաք բարի՜" ասելներից ոգեթափ է իմ հոգին...
Աթենք, 1987/02/11