Ես կուզեի քո առաջ
Հոգուս մատյանը բանալ,
Որ դյութեի թերթ առ թերթ
Իմ գույներով որդանի,
Ես կուզեի տարածվող
Փոթորկին այս դիմանալ.
Ծաղկես էջին մատյանիս
Առագաստը մեր նավի....
Հագցնեիր կուզեի`
Շքեղ շապիկն իմ արծաթ
Ու գրեիր քո ձեռամբ`
Ոսկեգիրն իմ մատյանի,
Եվ կուզեի, որ այնտեղ
Փոթոիիկն այդ ընթանար
Ու կործաներ իր խորքում
Մենությունը մեր ցավի...
Ես կուզեի ճշտեիր
Լինելությունը իմ պարզ`
Ինչպես ուսյալ մի դպիր`
Իմ կաշեկապ մատյանի,
Եվ կուզեի մնայի անվերջ,
Ինչպես չընթերցված
Ու սրբատառ էջերիս
Չխարդավվեր ոչ մի գիծ...
Ես կուզեի լինեի
Հավատամքը քո արթուն,
Անչափելի լինեի`
Խորին խորհուրդ` երկրային,
Եվ լինեի չերգված
Շարականը քո հոգու,
Չէ, սրբության խորանում
Մի ճառընտիր լինեի...
Ու թե մի օր գնայիր,
Պանդխտության ճամփեքով,
Տառապանքի ու փառքի
Քամիներով խռովված,
Ինձ մասնեմաս անեիր
Ու տանեիր քո ծոցում,
Կամ պահ տայիր, երկյուղով
Վերադարձիդ ծառի տակ....
1991թ
« Մեղսածառ »