Կարինե Կարինե » 12 окт 2019, 13:25
Հայրի՜կ․․․
Մարոյի շիրիմին կից, նրա հայրիկի՝ քեռի Գարեգինի շիրիմն է, որ գտնվում է հենց իրենց տան դեմ-դիմաց: Ձորակի մի լանջին տունն է, մյուս լանջին՝ ննջում են շիրիմները, կարծես հսկելով իրենց ձեռքերով կերտած տունը։ Քեռի Գարեգինի շիրիմաքարի հակառակ կողմում գրված է՝ ՀԱՅՐԻԿ․․․ Երբ աչքս ընկավ գրվածքին, մեկեն հիշեցի իմ առաջին այցը Մարոյի հայրական տուն։
Մարոն շրջապատում խոսում էր գեղեցիկ գրական հայերենով, սակայն չէի պատկերացնում, որ նա տանը նույնպես այդպես է խոսում։ Առաջին բանը որ ինձ անչափ զարմացրեց և հիացրեց, դա Մարոյի դիմելաձևն էր ծնողներին։ Առաջին անգամ երբ նրա շուրթերից լսեցի ՀԱՅՐԻԿ բառը, հազարապատիկ անգամ բարձրացավ աչքիս Մարոն, այն սերն ու գորվը, որ արտահայտում էր Հայրիկ ասելիս, ես երբևէ չեմ լսել որևէ մեկի շուրթերից․․․ Միևնույն պահին մտքիս մեջ խստորեն դատապարտեցի մեզ օտարամուտ բառը այսպես հարազատորեն ընդունելու և մասսայաբար օգտագործելու համար։
Բանաստեղծուհին մեծ սիրով ու գորովով էր շրջապատում ծնողներին, բայց առավել պաշտում էր հայրիկին՝ քեռի Գարեգինին։ Եվ, թեպետ նրան նվիրված բանաստեղծությունները ավելի քիչ են, քան մայրական մոտիվով գրվածները, բայց բազմաթիվ ստեղծագործույունների մեջ տեսնում եմ հայ հայրիկի նվիրական կերպարը։ Իր բանաստեղծություններից մեկում նա գրում է․
Հորս տղան էի,
Իզուր աղջիկ եղա,
Մի քիչ ուշ ծնվեի
Ի՞նչ կլիներ,
Մեկ է, ըստ էության
Միայն ընկեր չեղա,
Կողքին էի՝
Ինչ գործ որ կշիներ․․․
Ուզում եմ ասել՝ հայրիկի բառի այդչափ գորովալից լինելը հենց այնպես չէր։ Մարոն պաշում էր հայրիկին և ըստ էության նրա աջ թևն էր, իր փխրուն ու կանացի ուսերին կրում էր որդիական ծանր բեռը։ Ծնողների հոգսը քաշելուց զատ օգնում էր հորը ամեն ինչում՝ նույնիսկ պատ շարելիս և ցեխ շաղախելիս․․․
Եղա թասընկերն ու
Խորհրդատուն հպարտ,
Նաև՝ մորս ձեռքի
Փոքրիկ թաշկինակը,
Այո, նաև թասընկեր էր Մարոն, իսկ հայրը ամեն ինչում պիտի հաշվի առներ Մարոյի հեղինակավոր կարծիքը։ Մարոն էլ հարահաս էր, Հացը կթխեր, կլցներ պարկի մեջ ու շալակով կհասցներ Մշկավանք, ուր ծնողների ամառանոցն էր և նույն իրիկունն էլ մութ անտառով, մեն-մենակ կկտրեր կանցներ անտառամիջյան ահով, գել ու գազանով լի անտառի միջով, որ հաջորդ առավոտ հասցնի աշխատանքի գնալ։ Էլի ոչինչ, երբ լուսնյակ գիշերներ էին լինում, թեպետ խավար գիշերներն էլ արգելք չէին Մարոյի համար։ Նա գիտեր ամեն կածանի, ամեն մի կեռմանի, ծառ ու թփի կոորդինատները և աչքերը փակ կարող էր գտնել ճանապարհը։ Կատակով ասած՝ դա Մարոյի «զոնան» էր․․․
Ամեն մատս, ասին՝
Մի կին , մի տղամարդ,
Ու՞մ հարեհաս չեղա,
Ես՝ մենակս․․․․
Այո, Մարոյի ամեն մի մատը մի՛ կին, մի՛ տղամարդ էր․․․ Սա ինքնագովասանք չէ, Մարոն հրաշալի տնտեսուհի էր, ոչնչից կարող էր այնպիսի բաներ ստեղծել, որ հավատդ չէր գա, նա ստեղծագործում էր նաև ճաշ եփելիս, կերակուրն էլ յուրահատուկ ստեղծագործություն էր դառնում։ Մարոյի տոնական սեղանները, Մարոյի զարդարած տոնածառը, Մարոյի պատրաստած գինիները, բաստուրման, չրերը, չուչխելն ու մուրաբաները առանձնահատուկ էին․․․ երկար, շատ երկար կարելի է թվել Մարոյի կանացի նուրբ շնորհների մասին։
Ու՞մ հարեհաս չեղա,
Ես՝ մենակս․․․
Հիշում եմ, իննսունականների մութ ու ցուրտ տարիները, մարդկանց օգնում էր իր քրտնաջան աշխատանքից մաս հանելով շատ մարդկանց․․․ / Ով ուրանա՝ թող կուրանա /
Անգիր գիտեր, ճանաչում էր Հաայաստանի դեղաբույսերն ու անձամբ հավաքում էր։ Քանի քանի անգամ է իր խորհուրդներով օգնել ինձ ու շատ շատերին։ Հիշում եմ մի անգամ նա մահից փրկեց մի փոքրիկի, որին բժիշկները անհույս տուն էին ուղարկել։ Մարոն իր հավաքած դեղաբույսերով փրկեց փոքրիկին։ Մարոն ասում էր, որ իր հայրական տատը հեքիմ է եղել և այդ մի շնորհն էլ նրանից է ժառանգել։ Մարոյի հետաքրքրություններից շատերն էլ դառնում էին նաև իմ հետաքրքրությունը։ Նրա շնորհիվ ես էլ սկսեցի ուսումնասիրել ժողովրդական բժշկությունը։
Երբ հիվանդացել էր քեռի Գարեգինը, նա մտել էր բժշկի առանձնասենյակ և ասել․ « Քամի՛ր մինչև վերջին կաթիլ արյունս, միայն թե փրկիր հայրիկիս․․․» բժիշկը պատասխանել է, որ այլևս անիմաստ է արյան ներարկումը։ Մարոն ցավով ու ափսոսանքով էր պատմում այդ մասին, երբ խոսում էինք հեռախոսով։
Անձնուրացությունն ու նվիրումը Մարոյի արյան մեջ էր, կարող էր հոգին տալ և՛ ծնողների համար, և՛ լավ ընկերոջ համար, և հարազատի, և անծանոթի համար, եթե պետք էր, իր հողի ու ժողովրդի համար։ Ցավոք այդ աստիճան նվիրումները շատ հաճախ հանգեցնում էին խոր հիասթափության, ինչես որ պատահեց իր պայքարի ճանապարհին։ Այս մասին չեմ ուզում խորանալ, քանզի մի օր կտպագրվի նրա « Պայքար, պայքար մինչև վերջ․․․» ստեղծագործությունը, որտեղ անխնա կերպով ձաղկում է իր պայքարի ընկերներին, որոնց այնպես կուրորեն նվիրվել էր։
Ճի՞շտ ապրեցի, սխա՞լ,
Չեք իմանա,
Առանց սխալ ճիշտը
Կասե՞ք ո՞րն է լինում,
Կյանքի մարոյական փիլիսոփայություն․․․ «Առանց սխալ ճիշտը ո՞նց է լինում»
Հորս կորստյանը
Մի կերպ կդիմանամ,
Մորս մենությանը
Չեմ դիմանում․․․
Այստեղ արդեն խոսքերն ու մեկնաբանություններն ավելորդ են, ամեն ինչ ասված է և լռությամբ թող ամեն ոք յուրովի զգա ու մեկնաբանի քառյակի ինաստը․․․
/ Նինա Ալավերդյան /