Harutin » 28 сен 2010, 21:01
ԵՍ ԿԳԱՄ
Երբ դահճի ձեռքերը
Մերկացնում են պարանոցը երազիդ,
Որ Գողգոթայով տանեն,
ՈՒրեմն,
Աշխարհը քնած է դեռ,
Քանի քնած է
Բանաստեղծությունը,
Որ տանելու է մեզ
ՍԿԻԶԲԸ դեպի…
ՈՒրեմն,
Քնած է բանաստեղծությունը,
Որ անհավատների տաճարում
Մեղմելու է
Սանձակոտոր վազքը ժամանակի…
Սպասիր ինձ,
Ես կգամ,
Բոլոր փորձությունները
Թող մնան ինձ.
Եվ հողը,
Մա՜յր հողը,
Իր անհանգիստ ընդերքի տարողությամբ
Եվ գոտկատեղի համբերատար պարարտությամբ
Կընդունի հեշտալի
Արցունքները կանանց,
Որոնց համար զվարճանք է սերը…
Ես կգա՜մ,
Կգա՜մ,
Կգա՜մ…
Տարվա այս եղանակին
Ես ողջու՜յն կհղեմ,
Եվ նռնածաղիկը կկրկնի ինձ,
Եվ կրկին կփորձեմ աչքերիս
Չերևացող կապույտ երակներում
Համբերատար տեղավորել
Երկիր կոչված մոլորակի
Գնդերը արյան…
Ես կգամ,
Կգամ,
Հպատակման ցավից
Թող ոռնան
Հազարավոր անհայտ օվկիանոսներ,
Եվ սիրտը`
Հրաժեշտի հեռավոր ձայնից
խաղաղված,
Թող կրկնի իրեն`
Լինելության բոլոր երազների
Սառը աղոթքներում…
Ես կգամ,
Ինձ թող`
Ձմռան մերկ սառնությունը
Եվ մաքրությունը ձյան…