Harutin » 20 апр 2011, 21:30
Եվ Մարդիկ Կարծես Աշխարհ են Գալիս...
Տեր ճշմարտություն.-
Մարդիկ քո անվամբ իբրեւ թե հպարտ,
Իբրեւ թե հզոր եւ անխոցելի՝
Իրարից քիչ-քիչ հեռու են քայլում,
Դեմք են շուռ տալիս.
Կույր երազների անմտության մեջ
Հարթ ճակատները բախում են իրար,
Ընկրկում են միշտ
Թիկունքում պահված սրերի վրա:
Եվ մարդիկ կարծես աշխարհ են գալիս
Որպես մարդասպան,
Կամ որպես նրանց հետապնդողներ:
Ու «թեւ մենք էլ անասունների հոտերի նման
Կապված ենք մահին».
Մի՞թե ավելին չէ երկարակյաց
Մեր ստեղմանը,-
Բայց ոչ մշտական,
Հավիտենական:
Եվ անչափելի ժամանակի ծույլ,
Անտանիք, անդուռ
Եվ անպատուհան տարածության մեջ
Մի՞թե մեր ազնիվ դեմքը չի հոսում՝
Մեր ստեղծածի հյուլեին կպած:
Մի՞թե անօգուտ երազել ենք մենք
Եվ մնացել ենք հավիտյան ունայն՝
Մեր նկրտումի թեւերում անզոր,
Մեր կարոտների հիվանդ մորմոքում,
Մեր հոգիների փակ դռների մեջ,
Մեր հույսի աբված արտացոլանքում-
Մի՞թե անօգուտ երազել ենք մենք
Եվ մնացել ենք հավիտյան ունայն
Խումբ-ընտրյալների անապատի մեջ:
Տե՜ր ճշմարտություն.
Մենք քեզնով լցված փակ անոթ էինք,
Երբ դատարկ էին դեռ մեր աչքերը,
Փոքրիկ աչքերը՝
Անգիտակ ու փակ
Մեծ արեւի դեմ:
Եվ ժամանակը
Արեւագալի ձեռքերով ոսկե
Բացեց կապտամութ գիշերվա առաջ
Մեր աչքերը փակ.-
Եվ ինչպես հեղեղ՝ գահավիժանքով
Եվ հորդանալով անաստղ գիշերվա խավարի նման
Աշխարհը իր չորս ծայրերից լցվեց
Մեր աչքերի մեջ.-
Հորդացավ հեղեղ
Դեպի մեր հոգու անսահմանն ամա,
Դեպի մեր սրտի ընդգրկող հեռուն.-
Լցվեց անզգույշ իր գեղեցկությամբ,
Միայն ու միմիայն իր գեղեցկությամբ:
Լուսազարմ էինք եւ ազատածին.-
Ամենամեծը երկինքն էր դարձյալ,
Ամենաշատը եւ անմատչելին երկինքն էր նորից,
Ամենաազատն ու անչափելին երկինքն էր դարձյալ.-
Երկինքն էր նորից սերն ամենամեծ:
Կյանքը մեզ համար
Անկապ-անկապանք ստինքն էր մեր մոր,
Մեր աստվածամոր
(Մենք Աստված էինք),
Որ թվում էր, թե մինչեւ կյանքի վերջ
Պիտի ծծեինք:
Մեզ անծանոթ էր
Մահը
Եվ մահվան անհայրատ ոգին:
Իսկ ուրիշները, որ քայլել էին
Ջարդված օրերի գիշերվա միջով,
Եվ իրենց նիհար սրունքների հետ
Քարշ էին տվել ողորկ ճամփաներ,
Որ կախվել էին իրենց սեփական
Կոկորդների մեջ՝
Իրենց ձայների կախաղաններից,
Եվ իրենց լեզուն ոլորել էին պարանի նման,
Կապել սեփական ատամնաշարի
Տափակ սյուներին.-
Այդ ուրիշները բարձր ձայներով
Ողբեր ողբացին,
Թե՝ հավատացեք, մահ կա աշխարհում:
Անժպիտ արցունք
Թափեցին թավշե մեր ափերի մեջ՝
Մահ կա աշխարհում:
Մեր ժպիտները
Կախվեցին գունատ մեր շրթունքներից
Կոտրված, թոշնած ծաղիկների պես՝
Մահ կա աշխարհում:
Սրեր ցույց տվին,
Տեգեր, նիզակներ,
Ապա ականներ ցույց տվին հատ-հատ,
Արկերի լեռներ,
Բլուրներ խոսքի
Եվ հայացքների գոսացած կույտեր՝
Մահ կա աշխարհում.-
Ապա հրթիռներ
Ցույց տվին իրենց
Միշտ անգերազանց սլացքների մեջ՝
Մահ կա աշխարհում:
Ու թեւ կյանքում բաներ կան, որոնց
Մենք չենք հավատում
Ու չենք հավատա,
Բայց անկապտելի մահվան գոյության
Մենք հավատացինք:
Եվ իրոք, որ կա մի մահ բնական,
Որ զարհուրելի չէ բնավ այնքան,
Որքան ողբերի աղաղակներում,
Հայացքների մեջ,
Սրերի սայրին,
Եվ հրթիռների փայլի մեջ զնգուն:
Կա մի մահ, որ լուռ, անստվերագիր
Պառկում է անդարձ
Ճերմակ մազերի ալքերով հոսող
Դաշտերի վրա,
Պառկում է թափուր երազների հետ,
Թափուր ձեռքերով՝
Անվրդով, ինչպես պաղ ցայգալույսի
Ժայռերը գունատ,
Անտրտունջ, ինչպես հողին շղթայված
Լեռները բոլոր,
Անկապանք, անշարժ,
Անխաբ-հողի պես:-
Մարդկության կեսը,
Որ սպանում է այն մյուս կեսին,
Խեղում է մահվան գեղեցկությունը,
Երազն է խեղում՝
Արյունոտելով կարոտի լույսը:
Մեկտեղ սպանված
Մահվան ու կյանքի զարհուրանքն է, որ
Զորեղ է բոլոր եղերերգերից,
Ողբերից աղի,
Մեռնող ձանձրույթից,
Օրերից անվեճ.-
Օ, այս բոլորը ակնթարթորեն
Մեռնում են մեկտեղ՝
Մեկտեղ սպանված մահվան ու կյանքի
Զարհուրանքի մեջ:
