Harutin » 20 апр 2011, 21:36
Տվեք ինձ իմ աչքերը
Խաղաղ առավոտ է,
Խաղաղ երեկո է.
Խաղաղ միջօրե է՝
Ալեկոծված սրտի անմեղության վրա.-
Եթե արեւն այսօր հալեցրել է ձեզ,
Ձեզ,
Որ երկրագնդի ամեն խաչմերուկում
Ամեն ճշմարտության, ազնիվ բանի առջեւ
Կանգնած եք մաքսատան պես.-
Մաքսանենգի նման
Ավերում եք երգի քարավաններ զնգուն,
Դուք, որ ամենուրեք այս աշխարհի վրա
Անդունդներ եք, չարի աչքն եք
հավերժորեն արթուն.-
Եթե արեւն ստիպում է,
Որ ձեր միջից դուրս գա վերջիվերջո
Թաքցրած ճշմարտության փշրանքները վերջին՝
Փաթաթեք ձեր ձեռքերին նրա մազերը «լիրբ».
Խոնարհեցրեք նրա գլուխը փառահեղ,
Խոնարհեցրեք ձեր պիրկ բռունցքների միջին...
Կանե՜ք..
Ես արեւի քրքիջներն եմ լսում.
Նրա ամեն շողը ձեզ կծեփի պատին,
Ձեզ կդարձնի չնչին, անօգնական ստվեր,
Իսկ եթե փոքր-ինչանգամ մոտենա ձեզ,
Դուք կփոխվեք դժգույն անապատի,
Ձեր ածխացած արմատների վրա էլ չէք կարող կանգնել,
Էլ չի լինի այնպես,
Որ դուք լինեք ստրուկ, նաեւ արքա, Աստված,
Էլ չէք կարող լույսի պերճանքները հագնել,
Եվ դուք կմնաք լուռ, հավերժորեն սաստված.-
Այս քո ճշմարիտն է, արքա-արեւ-աստված:
Ես իմ ճշմարիտը բացում եմ ձեր առջեւ,
Բացում եմ իմ հոգին,
Բացում եմ երկնքի պես,
Իսկ դուք, պտտվելով իմ գոյության շուրջը,
Ինչ-որ փոքրիկ մի անցք, ինչ-որ դուռ եք փնտրում,
Որ մտնեք ներս.-
Է, ու՞ր պիտի փնտրեք դուռը տիեզերքի.-
Իմ բաց տանիքի տակ, իմ դռների առջեւ
Ես տեսնում եմ ահա ձեր դեմքերը ուժատ, անօգնական
Եվ ձեր փնտրումները, դռան փնտրումները,
Որ անապատ է դարձընում ձեզ:
Սակայն այդուհանդերձ բացում եմ իմ հոգին,
Ազատությունն իմ մեծ,
Իմ կարոտը,
Որ տեղ-տեղ կուտակվելով
Երջանկության կանաչ բլուրների փոխվեց,
Իմ ձայնը,
Որ խուլ մի լռությամբ խաչակնքվեց,
Եվ երբ ձայն չէր, արդեն աղաղակ էր դարձել՝
Քնած ուղեղներում ջրվեց, քարվեց, հողվեց:
«Չկան, դռներ չկան».
Ձեր անվերջ գանգատն այս կաթում է աչքերիս մեջ
Միլիոն տարի առաջ
Միլիոն անգամ հայտնի
Արցունքների նման,
Որ բախտը հանճարների ուղիղ ճանապարհով
Հասցնում է մեզ.-
Եվ վերջապես հոգին պոռնկատուն հո չի՞,
Որ ամեն մեկն ուզի ու մտնի ներս:
Սակայն ես վերստին իմ հոգին եմ բացում,
Բացում եմ ձեզ,
Բացում եմ ձեռքերիս պես,
Երբ ազնիվ երաժշտություն է մտնում նյարդերիս մեջ.
Տվե՜ք ինձ իմ ձեռքերը,
Եվ ձեզ համար գույն-գույն լույսեր կքաղեմ ես,
Կհավաքեմ ծաղիկների շշուկները մեկ-մեկ-
Ձայների թրթռումը կբռնեմ օդի մեջ,
Կբռնեմ ամպերի զնգոցն անբռնելի,
Մաքուր ջրվեժների շոգի մեջ կլվանամ,
Բռիս մեջ կքամեմ ծովի ջուրը աղի,
Մի քիչ աղ կցանեմ ձեր պատառին անհամ,
Ես մատներով ձայներ կհանեմ շրթունքներից
Եվ հողմերի միջից կքամեմ ադամանդներ,
Տվե՜ք ինձ իմ ձեռքերը,
Եվ ես կամուրջներ կկապեմ ձեզ համար,
Կգուրգուրեմ հողը, նա կդառնա բերրի,
Կշոյեմ դժգույն սարերի ճակատները խոնավ,
Նրանք փակ կրծքերից աղբյուրներ կհանեն,
Քարերը օրհնանք կասեն սֆինքսների խոսքով...
Տվե՜ք ինձ իմ աչքերը,
Որ ձեզ տեսնեմ այնպես,
Ինչպես արարել է ձեզ բնության ոգին.-
Թող կույր չմնամ ես.-
Տվե՜ք ինձ իմ աչքերը,
Տվե՜ք,
Կարեկցանքով նայեմ կարեկցանքին:
Իմ սի՜րտը տվեք ինձ.
Սրտի տեղ կրծքիս մեջ մի հոգնա՜ծ, քրքրվա՜ծ արարած եք դրել.
Որ ես քարշ եմ տալիս հոգնած իմ ծնկներում,
Տանում եմ:
Եվ ինքն ինձ տանում է.
Մենք իրար տանում ենք անհայտության խուլ-խուլ
ճամփաներով,
Տվե՜ք ինձ իմ սիրտը.
Եվ ես կհավաքեմ ձեր վշտերը բոլոր,
Կքամեմ ձեր թախիծը ձեր աչքերի միջից
Եվ խնդության լույսեր կցանեմ ձեր հոգուն:
Տվե՜ք ինձ իմ շուրթերը.-
Ես նրանցով հողից ծաղիկներ կհանեմ,
Կհամբուրեմ ժայռը եւ նա կդառնա վանք,
Կհամբուրեմ ձեր աչքերը, ձեր շուրթերը, ձայնը,
Կհպվեմ ջրերին, ջրերը կքրքջան,
Կհամբուրեմ լռությունը,
Եվ նա կբարբառի հեքիաթային խոսքեր:-
Կհամբուրեմ գույները, նրանք լաց կլինեն,
Երջանկության դողով կխառնվեն իրար,
Եվ մենք կմոլորվենք գույների մեջ:
Տվե՜ք ինձ իմ շուրթերը.
Որ ձեզ համար գտնեմ բառեր անգտնելի,
Հնչյունները դարձնեմ կախարդական ճյուղեր
Եվ գտած իմ բառերը
Ծաղիկների նման կախեմ այդ ճյուղերից:
Տվե՜ք ինձ իմ շուրթերը,
Որ ձեզ համար երգեմ,
Ձեզ համար հանգստյան պատարագ կերգեմ,
Կմրմնջամ աղոթք,
Եվ կամարները կբարձրանան երկինք...
