СТАНЬ VIP
The Washington Post сообщает, что европейские разведывательные службы получили документ, содержащий жёсткие переговорные требования РоссииТрамп заявил, что ранее Зеленский, похоже, не стремился к миру в Украине, но теперь изменил свою позицию и согласилсяТегеран предупредил Анкару: Иран не допустит подрыва своих региональных связей из-за необдуманных заявленийПутин заявил, что главная цель — как можно быстрее нанести окончательное поражение противникуВладимир Зеленский выступил с предложением о «перемирии в небе и на море», а также выразил сожаление по поводу инцидента, произошедшего во время его встречи с Дональдом ТрампомИлон Маск предложил Владимиру Зеленскому сложить полномочия и покинуть территорию Украины

Ռուբեն Սևակ

В этом разделе запрещается писать русскими или латинскими буквами.
Այս բաժնում կարելի է գրել միայն հայերեն տառերով

Ռուբեն Սևակ

Сообщение Армине » 01 окт 2008, 00:12

Կենսագրությունը

Ռուբեն Սևակ
(1885 -1915 թ.)
Текст:
Սևակ Ռուբեն (Չիլինկիրյան Ռուբեն Հովհաննեսի) (փետրվարի 15, 1885 թ., գյուղ Սիլիվրի (Կ.Պոլսի մոտ)– օգոստոսի 26, 1915 թ.) ― հայ բանաստեղծ, արձակագիր, բժիշկ։
Կրթությունը
Սովորել է ծննդավայրի Ասքանազյան նախակրթարանում, այնուհետև՝ Պարտիզակի վարժարանում (մինչև 1901–ը)։ Ավարտել է Կ.Պոլիսի Պերպերյան վարժարանը (1905), Լոզանի համալսարանի բժշկական ֆակուլտետը (1911)։ 1911-14–ին աշխատել է Լոզանի հիվանդանոցներից մեկում։
Ռուբեն Սևակը և Հայոց Ցեղասպանությունը
Ռուբեն Սևակը իր շատ նշանավոր ժամանակակիցներից ավելի շուտ զգաց ու նկատեց արևմտահայությանը սպառնացող ողբերգության հեռանկարը։ Սևակը իրեն դրսևորեց որպես հասուն ազգային ու քաղաքական գործիչ և իր ստեղծագործություններով զգոնության կոչ էր անում, ընդգծելով համազգային միասնության կարևորությունը։
1909 թ. գարնանը, երբ Ադանա քաղաքում երիտթուրքական իշխանությունների կազմակերպած արյունահեղությանը զոհ դարձավ 30 հազար հայ, Ռուբեն Սևակը եղավ այն ազգային գործիչներից մեկը, որը երիտթուրքական հեղափոխությունից «գինովցածներին» Արշակ Չոպանյանի, Անդրանիկ Օզանյանի, Փարամազի և մյուսների նման զգուշացնում էր ահագնացող վտանգի մասին։
Եվ այդ զգուշացումը Ռուբեն Սևակը ոչ միայն արտահայտում էր իր բանաստեղծությունների մեջ, ինչպես օրինակ «Գիւղական եկեղեցիին մէջ», «Գիւղական գերեզմանին մէջ», «Վրէժին սերմնացանը», «Վերջին օրօր», «Վերջին հայերը» ստեղծագործություններում, այլև նամակներում ու հրապարակախոսական ելույթներում։
«Ամբողջ Եվրոպայի մէջ աշխարհի էն շքեղ կեդրոններէն մինչև ամենամութ ու խաւարին անկիւնները ես չեմ տեսեր ու չեմ ալ կրնար հաւատալ, որ գտնուի տակաւին ՄԷԿ ՈՒՐԻՇ ԱԶԳ, որ ամէն օր ու ամէն վայրկեան ապրէր դերասանի ճշմարտապէս կեղծ ու գերեզմանօրէն ծիծաղելի այն կեանքը, որ դարերէ ի վեր մեր կեանքը եղաւ մեր ստրկացած թրքահայերուս կեանքը… Տառապիլ ու ստիպուած ըլլալ ամենաերջանիկ կերպարանք մը ցոյց տալու… անպատուուիլ, բռնաբարուիլ, գետնաքարշ տապալիլ ու ստիպուած ըլլալ գոհութեան ջերմագին աղաղակներ բարձրացնելու… ժպտիլ այնպիսի մէկ վայրկեանիդ, որ արիւն արցունք պիտի պոռտկար աչերէդ, մաղթանքի ճիչեր հանել կոկորդէդ այն բռնակալ ձեռքին համար, որ զքեզ կը խեղդէ, մեռնիլ ու հոգեպէս մեռնիլ ու ապրիլ ձևացնել, ահա դերասանական ահռելիօրէն կեղծ կեանքը, որ մերը եղաւ այնքան երկար տարիներ։ Արդ ինչպէ՞ս կ'ուզեք որ այսպիսի պայմաններու մէջ ժառանգօրէն ու բնածինօրէն մեր ամենաանկեղծ յատկութիւնը մեր կեղծելը չ՛ըլլար ու մեր բնական յարմարութիւնը` դերասանութիւնը»։
Այնուհետև Ռուբեն Սևակը զգուշացնում էր. «Ներսի գաւառներու մէջ կոտորածի վախ կայ, կը լսէ՞ք ԿՈՏՈՐԱԾԻ ՎԱԽԸ» ու պահանջում էր «մարդկօրէն կատղիլ», այսինքն զինված ազատագրական պայքար մղել։
Մահը
Բայց 1915 թ. թուրքական յաթաղանի զոհ դարձած Ռուբեն Սևակը ոչ միայն խոսքով ու գրչով էր պաշտպանում իր գաղափարները, այլև կյանքի գնով ապացուցեց ժողովրդին անմնացորդ նվիրվածությունը։
1915–ին վերադարձել է Կ.Պոլիս, ձերբակալվել է և աքսորի ճանապարհին նահատակվել այն խմբի հետ, որի մեջ էին նաև Դանիել Վարուժանը, Սիամանթոն և ուրիշներ։
Մահից առաջ թուրք դահիճները Ռուբեն Սևակին առաջարկեցին ընդունել մահմեդականություն, ամուսնանալ թուրք պաշտոնյայի աղջկա հետ և փրկել իր կյանքը։ Ռուբեն Սևակի հետ աքսորավայրում գտնվող երևելի հայ գործիչները համոզում էին նրան ընդունել առաջարկությունը և փրկվել։
Սակայն Ռուբեն Սևակը հավատարիմ մնաց իր ընտանիքին, իր զավակներին։ Նա հավատարիմ մնաց իր ժողովրդին և գերադասեց մահը կյանքը ստորաբար շարունակելու ողորմելի հեռանկարից…
Ետմահու
Երևանում գործում է Ռուբեն Սևակի անվան դպրոց։
Ֆրանսիայի Նիս քաղաքում գտնվում է Ռուբեն Սևակի Հիշատակի տունը, որը հիմնադրվել է Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ։ Հովհաննես Չիլինկիրյանը Ռուբեն Սևակի եղբոր որդին է և պաշտպանում ու զարգացնում է նրա գաղափարները։ Նա նաև մեծ ուշադրություն է դարձնում Երևանում գտնվող Ռուբեն Սևակի անվան դպրոցին, ցույց տալով անհրաժեշտ օգնություն ու աջակցություն։
Ստեղծագործական աշխատանք
Սևակի առաջին բանաստեղծությունը «Բաժանման խոսքեր» տպագրվել է 1905–ին, «Մասիս» հանդեսում։ 1910–ին հրատարակվել է նրա «Կարմիր գիրքը» բանաստեղծությունների ժողվածուն։ Բանաստեղծը նպատակ է ունեցել ի մի հավաքել տարբեր շրջաններում գրած իր բանաստեղծությունները և հրատարակել «Սիրո գիրքը», «Քաոսը», «Վերջին հայերը» խորագրով ժողովածուներ, սակայն ողբերգական մահն անկատար է թողել նրա այս և շատ ուրիշ մտահղացումներ. Սևակի գործերը ցրված են մնացել պարբերականների էջերում։
Սևակի ստեղծագործությունը վերաբերում է որպես հայկական նեոռոմանտիզմ բնութագրող գրական ուղղությունը, սակայն աշխարհայացքով, գեղարվեստական մտածողությամբ ու ոճով ինքնուրույն տեղ է գրավում XX դ. սկզբի արևմտահայ գրական շարժման մեջ։ Սևակը գրել է սիրո, բնության, սոցիալական, ազգային–հայրենասիրական թեմաներով։
Սոցիալական անարդարության, բողոքի և ընդվզման գաղափարը գեղարվեստական մեծ ուժով արտահայտված է «Դրամին աղոթքը», «Կարմիր դրոշակը» բանաստեղծություններում և «Այս դանակը», «Թրուպադուրները», «Փողոց ավլողը», «Մարդերգություն» պոեմներում, որոնք արևմտահայ պոեզիայում այս թեմայով ստեղծված լավագույն ու ինքնքտիպ գործերից են։
Սևակի ազգային–հայրենասիրական բանաստեղծություններն ու պոեմները գրված են 1909–ի կիլիկյան ջարդերի անմիջական տպավորության տակ։ «Զանգակներ, զանգակներ», «Ով իմ հայրենիքս», «Հայաստան» քերթվածներում, որ իրավամբ դրվում են Սիամանթոյի և Դ. Վարուժանի ստեղծագործությունների կողքին, բարձրացված է ժողովրդի ողբերգական ճակատագրի թեման։
Սևակը առավելապես հայտնի է որպես քնարերգու բանաստեղծ։ Շարունակելով հայ սիրային քնարերգության ավանդույթները՝ Սևակը ստեղծել է սիրո երգերի մի ամբողջ շարք, որն աչքի է ընկնում զգացմունքի նրբությամբ ու խորությամբ, արտահայտչական միջոցների թարմությամբ։ Նրա պոեզիային բնորոշ են լեզվի մաքրությունն ու հարստությունը, տաղաչափական արվեստի բազմազանությունը, երաժշտականությունը։
Սևակի արձակ գործերը, ժանրային իմաստով, բազմազան են՝ հոդվածներ, հանրամատչելի զրույցներ, քննադատական խորհրդածություններ։ 1911-1914–ին հիվանդանոցում աշխատելիս բանաստեղծն ականատես է եղել մարդկային բազմատեսակ ողբերգությունների, որոնց ետևում նշմարել է հասարակության բարոյական պատկերը ներկայացնող կենսական խոր դրամա։ Այդ էլ ընկած է «Բժշկին գիրքեն վրցված էջեր» գրքի պատմվածքների հիմքում. դրանք բժշկի օրագրություններ են, որտեղ հեղինակը կենդանի ու բնական գույներով ներկայացրել է ստացական ախտերի ամբողջ սարսափը՝ ատելություն ու նողկանք առաջացնելով դրանց նկատմամբ «Ապրիլը հաղթել է», «Կռունկը», «Ահավոր տարակույսը»։ Այս գործերում առանձին հստակությամբ է ուրվագծվում հայրենասեր և հումանիստ բանաստեղծի քաղաքացիական բարձր նկարագիրը։ Սևակը արևմտահայ գրականության պատմության մեջ ըստ էության ստեղծում էր արձակի նոր ժանր։
Ետմահու հրատարակություններ
2007 թվականին հրատարակել է Ռուբեն Սևակի բանաստեղծությունների «Հատընտիրը» հայերեն ու ֆրանսերեն` Անահիտ Օհանյանի թարգմանությամբ։ Այնտեղ ընթերցողի ուշադրությանն է հանձվել Սևակի այն գործերը, որոնք բանաստեղծի ընտրությամբ տպագրվել էին 1910 թ. լույս տեսած նրա «Կարմիր գրքում»։
«Հատընտիրը» տպագրվել է Ֆրանսիայի Նիս քաղաքում գտնվող Ռուբեն Սևակի Հիշատակի տան հիմնադիր Հովհաննես Չիլինկիրյանի հովանավորությամբ։
Հովհաննես Չիլինկիրյանը Ռուբեն Սևակի եղբոր որդին է և պաշտպանում ու զարգացնում է նրա գաղափարները։ Նա նաև մեծ ուշադրություն է դարձնում Երևանում գտնվող Ռուբեն Սևակի անվան դպրոցին, ցույց տալով անհրաժեշտ օգնություն ու աջակցություն։


  • Ռուբեն Սևակ
    • Կենսագրություն
    • Արցունքին քերթվածը
    • Եկո՜ւր
    • Երթա՜լ
    • Ցնծուն մահ
    • Հոգիս
    • Գիշերն իջավ
    • Դրամին աղոթքը
    • Ինչո՞ւ
    • Զանգակնե՜ր, զանգակնե՜ր…
    • Սիրո մրմունջ
    • Սիրո աղբյուր
    • Հավիտենական հեքիաթը
    • Հին եղանակ
    • Կարմիր դրոշակը
    • Թափառումը
    • Ինչո՞ւ ոմանք սնդուսներով օրորուն
    • Ծերը դողդոջ իջավ կառքեն այն խարխու
    • Վայրա՜գ գոռյուն մը գիշերին մեջ թնդա՜ց
    • ԵՐԳ ԵՐԳՈՑ
    • ԵՐՆԵ՜Կ, ՋՈ՜ՒՐ
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ռուբեն Սևակ

Сообщение Армине » 01 окт 2008, 00:14

Արցունքին քերթվածը

Այտերն ի վար, այտերն ի վար ուր հավետ
Կը տոչորի հետքը վերջին համբույրին,
Իջի՛ր արցունք, զովությանդ մեջ երկնավետ,
Թող սերերու հետին բոցերը մարին։

Գգվանքներու ծովուն վրա ալեվետ,
Մեռած, թոշնած խոստումներուն վրա ցրտին՝
Իջիր, արցունք, զովությանդ մեջ կենսավետ,
Իջիր սառած երազներուն վրա սրտին։

Համբույրներս թերթերուն վրա ցիրուցան,
Անոնց վրա որ ժպտեցան ու անցան․
Ու խեղճ սրտին մոխիրներուն վրա տրտում
Փլատակներուն վրա տենչին ու հույսին․

Իջի՛ր, արցունք, գորովանքովդ անդադրում
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ռուբեն Սևակ

Сообщение Армине » 01 окт 2008, 00:15

Եկո՜ւր

Եկո՜ւր, եկո՜ւր, ճամփաներեն անուրջիս,
Սրտիս ջահերն այրեցի քեզ ի հանդես,
Վերջին անցորդ տառապանքի կամուրջես,
Երգի մը պես, քրոջ մը պես, մոր մը պես
Եկո՜ւր, եկո՜ւր ճամփաներեն անուրջիս․․․

Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա՛ ու գերի,
Ես, մեղապարտ անոթը սուրբ համբույրիդ․․․
Հևքս աղոթքի պես դեմքիդ շուրջ կ'դեգերի,
Պաշտամունքիդ ես խնկանոթ միամիտ։
Եկո՜ւր, ես քուկդ եմ, քեզ արքա ու գերի․․․

Քու տաճարիդ ես քուրմ երգիչն եմ դողդոջ.
Ու դուն մարմինն ես անմարմին երգերուս,
Խենթեցընող հավերժահարսը բողբոջ,
Ցող մահացնող սրտի հազար վերքերուս.
Սուրբ տաճարիդ ես քուրմ երգիչն եմ դողդոջ․․․

Քու անունովդ պատանքեցին ծեր հոգիս,
Քեզ երգելեն արյունեցան, խենթեցան
Յոթը վերքերն իմ բարունակ սրինգիս,
Սրտիդ ճամփուն վրա մերկ ոտներս այրեցան,
Քու անունովդ պատանքեցին ծեր հոգիս․․․

Բա՛ց ինձ կարմի՜ր շրթներդ կարմիր վերքի պես.
Բա՛ց ինձ թևերդ, հավերժական բա՜նտ անուշ,
Բա՛ց ինձ հոգուդ հրաշքներուն մուտքն անտես
Ու տո՜ւր ինձ հոն անէանալ, լուռ, անհուշ,
Բա՛ց ինձ կարմիր շրթներըդ լայն վերքի պես․․․

Ահա թոշնած շուշաններով քեզ կուգամ,
Ահա ոտքիդ տակ փառքիս խեղճ Սարդենին.
Ահա սրտիս խոպան դաշտն, ուր մի՛ անգամ
Չըծաղկելով սիրո նիհար վարդենին,
Ահա իմ սև շուշաններովս քեզ կուգամ․․․

Եկո՜ւր, եկո՜ւր, եկուր սիրե՜նք կաթոգին,
Ով չի սիրեր պիտի մեռնի առհավետ.
Սերը պե՛տքն է, երազն է կյանքը կյանքին.
Սերը մահվան մեջ անուրջն է արփավետ.
Եկո՜ւր, եկո՜ւր, եկո՜ւր սիրենք կաթոգին։
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ռուբեն Սևակ

Сообщение Армине » 01 окт 2008, 00:15

Երթա՜լ

Երթալ, երթալ, երթալ անձայն, անհանդէս.
Երթալ առուին պէս մարզերու տակ անտես.
Կապոյտին մէջ՝ հեզ, հողմնավար ամպին պէս․․․

Երթա՜լ՝ առանց գիտնալու թէ դէպի ո՞ւր.
Երթալ հեռու ոստաններէն այս տըխուր,
Երթա՜լ խաւար գիշերին մէջ թաքթաքուր․․․

Երթա՜լ, երթա՜լ, երթա՜լ առանց ճրագի.
Երթա՜լ առանց սուգի, լացի, փափագի.
Երթա՜լ՝ առանց սովի, պապագի․․․

Երթալ՝ մարդոց կոյտին մէջէն լըռելեայն.
Օտար մընալ իրենց ցաւին, գիտութեան.
Երթա՜լ տգէտ, խուլ, համըր, կոյր յաւիտեան․․․

Չըգիտնալ որ հոս Իտէալը չիկայ․․․
Ուխտագնաց երթալ ափերն հեռակայ,
Դէպի ուղին Երջանկութեան մշտակայ․․․

Աննիւթանա՜լ, անրջանա՜լ, վըսեմ, վես.
Երթալ անցա՜յգ, անա՜յգ, երթալ վերջապէս
Աչքերը գոց՝ ցայգաշրջիկ խեղճին պէս․․․

Երթա՜լ՝ երթա՜լ չը ճանչնալ Մարդ ու Աստուած,
Զոյգ երթալ՝ քո՜յր ձեռքըդ ձեռքի մէջ դըրած
Անրջանքին ու Սիրոյն պէս Աքսորուած․․․
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ռուբեն Սևակ

Сообщение Армине » 01 окт 2008, 00:16

Ցնծուն մահ

Քերթողն ըսավ. ― «Անու՜յշ վըտակ,
Շյուղերու տակ, ճյուղերու տակ
Ո՞ւր կը վազես աննըպատակ...

Վարդեր կուլան շուրթիդ վերև,
Սեզեր կուտան քեզ բյուր բարև,
Քե՜զ կը կանչեն ծաղիկ, տերև...

Լուսնակի ցոլքը ծոցդ առած,
Դաշտերու մեջ լայնատարած,
Ո՞ւր կը վազես դուն շվարած...

Կյանքդ արդեն կարճ է, ա՛յ վըտակ,
Մի՛, մի՛ վազեր ծովն անհատակ
Պիտի թաղե քեզ ալյաց տակ...

Վտակն հծծեց.― «Թող անդադրում
Վազեն ջուրերս. մի՛, մի՛ տրտում
Արցունք կաթեր անոնց սրտում»:

Թո՛ղ, որ երգեմ լույսն ու մութին,
Ի՜նչ փույթ թե մահն է քայլ մ'անդին,
Ես սիրահար եմ մարմանդին...

Ու մինչ քերթողը կ'երազեր՝
Լալո՜վ, վըտակը եռուզեռ,
Երգով իր մահը կը վազեր...
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ռուբեն Սևակ

Сообщение Армине » 01 окт 2008, 00:17

Հոգիս

Հիվանդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն։
Ի՜նչ աղվոր էր գարունը, փափուկ հովեն օրորուն,
Սիրուն խոտերը դաշտին, ծաղիկներն ալ բյուր գույնով,
Կը խնդայի՜ն լռելյայն գաղջ արևին տաք գինով։

Բայց գարնային կենսավե՜տ այդ պահին մեջ օրորուն,
Հիվանդ տերև՜ մը տեսա, կանաչին մեջ դաշտերուն,
Չորցած տե՜րև մը նիհար, որ զեփյուռին հըպումով
Մեռելամերձ կը դողար մարգերուն մեջ ակնաթով։

Սիրտս անհո՜ւն ցավով լի, ես հեռացա սըգահար,
Մատներու մեջ առի զայն ու իր մարմինը նիհար
Գուրգուրանքով, արցունքով մոտեցուցի շըրթունքիս։

Անժամանա՜կ թարշամած գարնան տերև մ'է հոգիս.
Ծաղիկներու մեջ կյանքին, զեփյուռին տակ մայիսի,
Ա՛լ ժըպտալու անկարող, ան կը դողա՜, կը մըսի՜․․․

Հիվա՜նդ տերև մը տեսա կանաչին մեջ դաշտերուն․․․
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ռուբեն Սևակ

Сообщение Армине » 01 окт 2008, 00:18

Գիշերն իջավ

Գիշերն իջավ անամպ, անհուն,
Բյուր բյուրեղե ի՜նչ նուրբ անուն
Տալ անուրջի այս սուրբ պահուն.
― Ա՜խ, ապրելո՜ւ երջանկություն․․․

Կանէանա նավն հեռակա,
Լիճն երազ մ'է, կա ու չըկա.
Ջուրի շշունջն է լոկ վըկա,
― Շշնջելո՜ւ երջանկություն:

Վերն հազար աստղ, վարն հազար լույս,
Կիսաստվերին մեջ հոգեհույզ
Կը խոսակցին քար, վըտակ, բույս.
― Ա՜խ, իրերո՜ւ երջանկություն․․․

Ու կձայնե մատուռն հստակ.
― Սա ծերունի ծառերուն տակ,
Այս քաղցրության մեջ բովանդակ
Քարանալո՜ւ երջանկություն․․․
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ռուբեն Սևակ

Сообщение Армине » 01 окт 2008, 00:19

Դրամին աղոթքը

Հողագունտիս կեղևին վրա տրտմածին
Թափառահած իմ ոտքերս քալեցին ՝
Եղբայրության տաքուկ շունչը փնտրելեն,
Ու ամեն տեղ իմ հեգ աչքերըս լալեն
Տեսան փարթամ մեծատունին դըրան քով
Աղքատ մայր մը՝ որ կը սպասեր արցունքով։

Ո՞վ ես, ուրեմն, թշվառության դու գործի՝
Դըրամ, որուն լուռ ցոլքին մեջ կ'արծարծի
Ճակատագիրը տառապող մարդկության։
Ըսե՛, քու կամքդ պիտի իշխե՞ հավիտյան,
Ու պատմե ինձ, պիտի ըլլա՞ն միշտ, ավա՜ղ,
Ըզքեզ լալով մեռնողները անսըվաղ։

Մարդն, առաջին այն մարդը, որ տենչավար
Պեղեց, խուզեց հողին արգանդը խավար,
Ու չարանենգ թաքստոցեդ դարավոր
Խըլեց զքեզ, հղկեց, մաքրեց փառավոր,
Այն մարդը, վա՜խ, Ժանտ ցոլքերուդ մեջ Ժպտուն
Չը նշմարե՞ց տխուր անկումը Մարդուն։

Տառապանքի, անհուսության որբեր խուլ
Կը խեղդըվին քար պատերու տակ խարխուլ,
Սովալըլուկ բյուր թշվառներ տրտմորեն
Իրենց նիհար ձեռքերը քեզ կ'երկարեն,
Ու տենդահար, փողոցին վրա, ամեն դի
Քանի՜ փոքրեր կան ՝ մայրազուրկ, անոթի։

Իջի՛ր, իջի՛ր խոնարհորեն, մեղմորեն,
Իջիր ոսկի սանդուխներուդ մատներեն՝
Թշվառության խշտյակներուն մեջ խոնավ,
Ուր քու ցոլքերըդ նըշուլած չեն բընավ.
Ցամքած շյուղեր բոլորը քեզ կը դառնան.
Իջի՛ր, իջի՛ր անձրևներու պես գարնան․․․
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ռուբեն Սևակ

Сообщение Армине » 01 окт 2008, 00:19

Ինչո՞ւ

Ինչո՞ւ, ինչո՞ւ զիս սիրեցիր,
Փոքրիկ աղջիկ, քեզի մե՜ղք էր.
Փոքրիկ ծոցիդ թիթե՜ռ պետք էր.
Դուն ծեր արծի՛վ մի բանտեցիր…

Կապույտ աչվիդ երբ որ բացիր,
Կապո՞ւյտ աղջիկ՝ պլպլուն երգ էր.
Քե՜զ ալ սիրո մրմունջ պետք էր,
Դուն գուժկան մռունչս ընտրեցիր…

Ես կերթա՛մ մի՜շտ, անծայրածի՜ր
Դամբաններն են ոտքիս հետքե՛ր,
Քեզ սիրո մեղմ սյուք մը պետք էր,
Դուն փոթորկի՜ն կուրծքըդ բացիր…

Կայրի՜ն աչերըդ սևածիր,
Պիտի մեռնիս, այդպես մ'երգեր,
Քեզի փոքրիկ սեր մը պետք էր,
Դուն Սեր–Աստվա՛ծը սիրեցիր…
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор

Ռուբեն Սևակ

Сообщение Армине » 01 окт 2008, 00:21

Զանգակնե՜ր, զանգակնե՜ր…

Զանգակնե՜ր, բարի՜, բարի՜ զանգակներ,
Ի՞նչ բան կասեցուց ձեր գուժկան լեզուն,
Խոսք ելլել կ'ուզե արյունը վազուն…
Կը լռե՜ք, բարի՜, բարի՜ զանգակներ։

Արդյո՞ք, ձեր միսթիք հագագն արույրե,
Ուր կեղև՜ պատեց աղոթքի փոշին,
Եվ ուր կ'երազե՜ր խունկի գոլորշին,
Հեղակարծ ցավեն՝ անզո՜ր կը լռե՞։

Ո՛չ։ Ձեր դարավոր հոգին պղնձի-
- Որ շա՜տ, շա՜տ հաճախ տեսեր է Բարին,
Հաղթված Չարեն- այժմ իր բարբառին
Ու իր Աստծույն վրա կը կասկածի…

Ա՜խ, որովհետև տեսաք ձեր բարձրեն,
Հավատավորներ հազարով, բյուրով,
Ինկած հեթանոս տապարով, բիրով-
Ձեր ոտքերուն տակ, երկյուղածորեն…

Ու ձեր գմբեթեն դիտեցիք անձայն,
Թե ինչպես խնկոտ տաճարներու մեջ՝
Որբ, կին, ծերունի, բոցերով անշեջ,
Իրենց Աստծույն գահին զոհվեցան։

Բայց… գիտեք նաև, թե մեր դարավոր
Դիակներու բուրգը ամպերեն անցավ,
Ու մեր արյունի ժահրեն նեխեցավ
Սրբություններու ծույլ գունտն երկնավոր…

Արդ՝ ո՞ւր եք, չքնաղ խոստումներ Խաչին,
Եղբայրության զուր բարբառներ, ո՞ւր եք,
Կրակ կը փսխե հողն ամենուրեք,
Գետերն արյունով, դիակո՜վ կ'ուռչին…

Ու կիյնա այն, որ կը ծնկե ահով,
Զի թուրն ավելի արդար է Խաչեն,
Զի կյանքն անոնց է միայն, որ քաջ են,
Անոնց, որ կ'ապրին ուրիշի մահով…

Որովհետև դեռ հեռու է օրն այն,
Երբ գայլն ու գառնուկ սիրով արածին…
Թե ապրիլ կ'ուզե գառը նորածին ՝
Պետք է իր ակռան սրե լռելյայն…

Լուռ եք, զանգակնե՜ր, Աստված է մեռեր։
Գույժ տվեք վաղվան, զի հասկը մեռավ.
Գույժ տվեք հայուն, զի ազգը մեռավ։
Զանգակնե՜ր, ծերո՜ւկ, բարի՜ զանգակներ…

Ինչպե՜ս կ'ուզեի ես ձեր պարանին
Կախվիլ ու ցնցել երկաթ բազուկով.
Անոնք, որ ինկան բյուրով, քովե քով,
Ձեր ղողանջին հետ՝ լալու պետք ունին…

Հոգիիս հազար խուլ զանգակներով
Գոռացեք զանգեր ու կատաղորեն
Գահավիժեցեք ձեր երկաթ թառեն,
Ուրկե միայն լալ գիտցաք դարերով…
Аватара пользователя
Армине (Автор темы)
Супермодератор
Супермодератор



Вернуться в Բանաստեղծություններ



 


  • Похожие темы
    Комментарии
    Просмотры
    Последнее сообщение
  • ՌՈւԲԵՆ ՄԱՏԻՆՅԱՆ
    Вложения Harutin » 24 мар 2011, 23:14
    2 Комментарии
    723 Просмотры
    Последнее сообщение Harutin Перейти к последнему сообщению
    24 мар 2011, 23:15