Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐԸ
Որտեղի՞ց ենք գալիս, դեպի ո՞ւր ենք գնում...
Հարցեր, հարցեր, հարցեր անպատասխան,
Մեկը` պոեմ ու վեպ, մեկը հուշ էր գրում,
Կապույտ մենության մեջ անապաստան…
Խավարամած օրեր, կոպտոնահաց օրեր,
Ավերակներ, խաղեր անմտածին,
Նախնյաց ավանդները մոռացման մեջ հորել
Ողորմության անցանք, ողբ ու լացի…
Բազմաչարչար էինք, բազմահանճար էինք,
Բազմաբովանդակ էր գալիքը մեր…
Հազար մեղքի համար հազար պատճառ բերինք
Ու նոր մեղքերի մեջ մեղք ենք դարձել…
Նոր բարքերի բեռը մեր ուսերը ճզմեց
Ու, կորացած մեր իսկ մեղքի ներքո,
Մեր սրտերը կապող ոգու սերը խզվեց
Անդուլ ավերակվող հույսի ձեռքով…
Իմաստության առաջ դռները միշտ փակ են,
Աներասան թողինք իղձը մեր հեզ…
Ո՞վ է մեղավորը և ու՞մ պիտի դատել,
Հարցեր հարցեր հարցեր…
- Ինքնե’րս, մե’զ:
Ս. Մալխասյան 25.08.2003
