Կարինե Կարինե » 30 июн 2019, 11:26
ԱՆՀԱՆԳԻՍՏ ԳԻՇԵՐ
Այսօր հոռի, վաղն անգո,
Մոլորության շղարշում,
Մի տեղ հնչում է տանգո,
Մի տեղ աթոռ են մաշում...
Միևնույն է շատերին`
Տերևաթափ կամ գարուն,
Մեկն ուզում է համբերի,
Մյուսն` էլ չի համբերում..
Հոգսի համար դուռը բաց,
Հույսի համար չկա դուռ,
Զատզատված են խինդ ու լաց,
Դղյակի մեջ կամ անտուն...
Գեների կապն ընդհատվել,
Թույնով է լոկ աչքը լի,
Իրար կարող են ատել,
Չարն է և' հաց, և' գինի...
Այդ չարագույժ ոլորտում
Փրփրաբաշ է ամեն ցավ,
Հոգսն` ալիքվող, անհատնում,
Նախանձն` անկուշտ, անկործան...
Անեզր է ու անվախճան
Երթն ալեկոծ օրերի`
Մտքեր անշունչ ու անբավ,
Հոգին անբույր ու հոռի...
Մարդիկ դառնում են մժեղ,
Որկրամոլները` ագահ,
Կարոտախտ է ողջ գիշեր,
Հայի կյանք է, Հայի բախտ...
Ս.Մալխասյան 20.10.2005