ԱՆԸՄԲՌՆԵԼԻ
Կորցրեցինք անցյալում ու ներկայում չգտանք,
Մաքառեցինք, տոկացինք` ձեռնունայն ենք մինչ այսօր,
Եկան, տեսանք, չքացան արհավիրքներ ու վտանգ,
Բայց այնպես չէ ինչ-որ բան, թե ճրագով, թե լույսով...
Մտավախ ենք մինչ այսօր, որ ուշացանք գնացքից,
Հեռու, մոտիկ նստեցին արևմտյան ճեպընթաց…
Կառչել էինք, կարծես թե, ժամանակի քղանցքից,
Բաց թողեցինք ու ընկանք քարե դարի գիրկը բաց...
Քարե դարի ճանկերից խուսափել ենք փորձում հար,
Սակայն բնույթը մեր հին անվերջ ներքև է քաշում.
Ավերողներ անհաշիվ, կեղեքիչներ անհամար,
Եվ ապագան են խլել, և անցյալն են տաշտշում...
Ս.Մալխասյան 14.07.2004
