Կարինե Կարինե » 31 июл 2019, 13:09
ԱՊՐԵԼՈՒ ՍՊԱՍՈՒՄ
Աղոտ, դալկացող աշնան գույներում,
Ամպամած ու մութ երկնքի պես գորշ,
Գալիք օրերը դառնում անորոշ,
Անհասկանալի
Թախիծ են բերում...
Երկար է օրը, անբարբառ ու խուլ,
Եվ խոտորնակին չկա խոտորնակ,
Անբեռ գրաստ են ժամերն անքանակ,
Հոգսը անգրգիռ,
Գործերը` ամուլ...
Հանգիստ են միայն թռչուններն անմիտ.
Գնում գալիս են բանից անտեղյակ,
Անհաս է նրանց մտքերին ներհակ,
Նվաստացումի
Մամլիչը այս բիրտ...
Խարխուլ նավակով ելնեմ ու գնամ,
Հարկ է կառանել մի հանգրվանի,
Բայց որտե՞ղ,
Ու՞մ,
Ե՞րբ,
Գրողը տանի,
Հոգու անդունդ է շուրջս անխնամ...
Մարմինդ մի տեղ, մտքերդ` ուրիշ.
Օրն ու գիշերդ անվերջ երկփեղկված:
Դատարկ է հոգիդ` հոգսերից խեղված.
Ոչ դերասան ես,
Ոչ բեմ,
Ոչ կուլիս...
Երազն է անգամ անհետ չքացել,
Չկա գալիքի սպասվող հեռուն,
Հոգուդ անդորրը բութ ցավն է խեղում,
Հոգսն է անամոթ
Իր գիրկը բացել...
Աչք տնկած նորին մեծություն հույսին`
Դեպի լուսայգն եմ վազում ամեն օր,
Բայց փակ են հույսի դռները բոլոր,
Անխորտակ է լոկ
Սպասումը սին...
Հոգի որոճող կիրճում այս խավար
Փակված են թվում ճամփեքը բոլոր...
Հույզերն` անմռունչ, Հավատն է լոկ խոր.
Ապրում եմ`
Մի օր ԱՊՐԵԼՈՒ համար...
Ս.Մալխասյան 18.11.2000