Կարինե Կարինե » 13 июл 2019, 16:29
էՍ ԵՄ
Ես այն եմ, ինչ կամ,
Տերն է իմ վկան.
Մեկից մի քիչ ցած, մեկից առավել,
Արտառոց չեմ ես, իմ լավ բարեկամ,
Ունեմ այն, ինչն ինձ Աստված է կամել.
Տեսքով ինչ-որ չափ տարբեր կապիկից,
Խելքո՞վ, ո՞վ գիտե, կա՞րճ է, թե՞ երկար…
Դեռ գործիք չկա
Մարդկային խելքը չափելու համար:
Համեմատում են ամենքն իրենցին
Ու եզրակացնում միշտ անվերապահ,
Որ իրենք մի քիչ խելոք են քեզնից...
Առաքինության չափը չափում են
Լոկ իրենց ինչքով և ունեցածով
Ու դրանով էլ իրենց խաբում են`
Հպարտանալով մտավոր բացով…
Դե, հաշվել գիտեմ, տառեր` անկասկած,
Մի քիչ աչք ունեմ ու մի քիչ ականջ,
Լեզուս փորձում է մեկ մեկ կատակել
Ու մարդկանց ցավը դույզն ինչ փարատել…
Բայց պապանձվում եմ,
Հիշելով այլոց և իմ հոգսերը,
Քանզի այս կյանքում
Չքվել են իսպառ բարին ու սերը…
Ես ունկ եմ դնում ուրիշի խոսքին`
Տրվելով նրանց տրտունջի հոսքին..
Ու կուլ եմ տալիս ցավը ուրիշի,
Իմը պահ տալով անամոք հուշին…
Խոսում են մարդիկ սրա-նրանից,
Ծանր հոգսերից անվերջ բողոքում,
Մեկը չի ուզում խոսել լավ բանից,
Ու չի գովերգում երբեք լավ մարդուն…
Բայց գովերգումը թեկուզ և օտար
Մարդու լավ գործի, նման է լույսի,
Եվ մեր ստնտուն օրերում մթար,
Երբ մարդիկ նույնիսկ հույս չունեն Հույսի...
Վերուստ եմ պատրաստ նկատել լավը,
Բարության գովքը անել ամենուր,
Ու հաղթահարել մեզ այրող ցավը,
Օգնելով այլոց բարությամբ մաքուր…
Մարդիկ սիրում են ականջը կախել,
Պատրաստ լսելու գովեստներ տարբեր,
Չունեցած խելքի, անմեղ բնության,
(Երբ հենց իրենք են սերմը բռնության)
Եվ իրենց բարի գործերի մասին,
Թեև դրանում երբևէ չկան:
Ես լեզու չունեմ, ինձ գովերգելու,
Իմ գործերն առաջ տանելու համար,
Նույնիսկ, երբ մարդիկ պատրաստ են լսել,
Եվ պահն է հարմար…
Ամոթ է ծանոթ ու անծանոթի
Լոկ իմ հոգսերով խեղդամահ անել,
Երբ հենց նա ինքն է գուցե անոթի
Կամ ուրիշն արդեն գլուխն է տարել…
Դժվարինն այն է որ այդ ամենը,
Վաղուց, վաղուց եմ հասկացել, գիտեմ,
Սակայն չեմ կարող ինքս ինձ փոխել,
Ինչպես չեն կարող փոթորկի պահին,
Փոխել մաքառող նավի կայմերը:
Իմ ուսուցիչը կրկնում էր հաճախ,
Որ “Կարմիր կովը կաշին չի փոխում”,
Ինչ արած, թող ես կարմիր կով մնամ,
Եվ ոչ քամելոեոն շատերի նման,
Որոնք անընդհատ գույներն են փոխում,
Պատեհ առիթով, երբ պահն է հարմար…
Այսինքն Կով եմ ծնվել երևի,
Թեև Վարազի առաքելությամբ
Ճամփան եմ հարթում գունափոխների,
Անշահախնդիր իմ մերկ գոյությամբ:
Պապիս խոսքերն են,-” Լավություն արա
Ու ջուրը գցի, մի տեղ դուրս կգա”
Բայց մինչև հիմա
Մեռա լավություն անելով մարդկանց,
Ու չեմ զգացել, որ ինչ-որ մեկը,
Երբևէ նման պատասխան տա ինձ,
Անհանգստանա մեկի դրությամբ,
Թե ինքը հատուկ նպատակ չունի,
Նետաձիգը չէ իր ընտրած նետի….
Միայն տանում են, տանում բոլորից,
Առանց խղճմտանք, առանց ամոթի…
Բայց փույթ չէ, քանզի
Մարդիկ նման են անբացատրելի
Մի առեղծվածի,
Ում դու լավություն երբեք չես արել,
Օգնում է նա քեզ և ընդառաջում,
Իսկ նա ում համար կյանքդ ես դրել,
Անհրաժեշտ պահին քեզ չի ճանաչում:
Ու հայտնի չէ դեռ,
Թե բարեկամին ծառայե՞լն է հեշտ,
Թե՞ դիմանալը չարի հարվածին:
Թեև այս բառը մարդուն չի սազում,
Ամոլ եզի պես իմ լուծն եմ քաշում…
Շատերին հաճախ թվում է ճիշտ չէ
Իմ ընտրած ուղին,
Իմ արահետը ճշտել են ուզում,
Խոսքով ուզում են, որ ես էլ հասնեմ
Իրենց դավանած ինչ-որ արդյունքի,
Բայց հաճախ, հաճախ,
Ճամփաս են փակում
Տանող բաձունքին….
Կով եմ, թե եզ եմ,
Ինչ- որ կամ՝ ԷՍ ԵՄ…
Ս. Մալխասյան 12.07.2013