***
Կյանք, դու այսքա՞ն դատարկ էիր,
Այսքան փուչ ու այսքան սի՞ն,
Գերանի՛ պես, ախր, տարա
Փխրուն ու կախ իմ ուսին․․․
Ո՞նց խաբեցիր հեշտուգնա,
Առանց խղճի մի խայթի,
Թե՝ վերելքին լինեմ վհատ,
Վայրէջքին էլ չեմ գայթի․․․
Ու քայլեցի վեր ու վարով,
Անիրական այս ուղին,
Քո հորինած փառքի սարով,
Ապավինած իմ տողին․․․
Գոնե մի բան լավ է, ասի,
Ե՛ս չեմ բեռ քո շալակին
Ու խմեցի թույնը թասիդ,
Իբրև խաղը շահած կին․․․
Արդեն գիտեմ, բայց, հավատա ,
Սովորել եմ այս դերին,
Որ միշտ պիտի կոճերիս տաս,
Թե՝ մի նստիր, վեր ելիր․․․
Հիմա ես եմ քեզնից կախվում,
Թե՝ մի սուտ էլ դեռ պատմիր,
Երբ տեսնում եմ ո՞նց է մաղվում,
Օրս ինչպես կհատնի․․․
Դեռ գնալով թանկանում է
Անգամ փուչդ անիմաստ,
Երբ գերանիս ծանրանում է
Խաբեության մի նոր փաստ․․․
Քեզ գուցե էլ տանող չկար,
Ինձ պես մեկն էր հարկավոր,
Ինձ էլ բեռ էր երևի պետք,
Մարդ զգայի՝ «բախտավոր»․․․
2017
