Կարինե Կարինե » 27 июл 2019, 00:35
ԾՂՐԻԴԻ ԵՐԳԸ՝ ՑԱՎԻ ՇԱՐԱԿԱՆ․․․
Այս գիշեր մի ծղրիդ եկել ու մորմոքում էր պատուհանիս տակ։
Մի ողջ գիշեր հոգեհան արեց իր սրտամոոմոք երգերով։
Երգում էր արտերի մասին, իր հողի ու թփի մասին,
իր քնքուշ ծաղիկի մասին, որ մանգաղի զոհ էր դարձել․․․
Երգում էր իր սիրո մասին, որ անհաս երազ էր,
կարոտն ու սպասումն էր երգում, ու թախիծը ծանրանում էր հոգուս։
Մերթ ողբասաց երաժիշտ էր ասես, մերթ էլ՝ տաղասաց հեթանոս,
հասու էր բոլոր ժանրերին, երգում էր սրտի հանգերով։
Ծղրիդի երգը քո երգերին նմանեցրի, քույր,
քո երգերի բառերն էին, քո երգերի հանգն ու ռիթմը,
որ միահյուսվել էր մղձավանջիս:
Իսկ մղձավանջիս մեջ որոնում էի քեզ ու չէի գտնում․․․
Ուղեղս քրքրում էին երգիդ բառերը՝
« Ծղրիդի երգը մորմոք է ասես,
Ծղրիդի երգը՝ ցավի շարական․․․»
Ցավի շարական է նաև քո պոեզիան,
շարականի նման ներդաշնակ ու երգեցիկ․․․
Նամակներիս մեջ գտա քո « Ծղրիդի երգը»,
երևի մի այդպիսի ծղրիդ էլ քեզ էր հոգեհան արել․․․
/ Ն․ Ալավերդյան /
ԾՂՐԻԴԻ ԵՐԳԸ
Ծղրիդի երգը մորմոք է ասես,
Ծղրիդի երգը՝ թև առած մի ճիչ,-
Մեռնող ժպիտս աղի էր այնպես,
Տենչանքիս ծովը դարձել է ճահիճ։
Ծղրիդի երգը՝ կարոտի մի ծես,
Ծղրիդի երգը՝ հույսի կարկատան,-
Աղոթքի նման անունդ բերես,
Սիրուս խորանը դատարկ չմնա։
Ծղրիդի երգը տխուր է այնպես,
Ծղրիդի երգը՝ արցունքի մի շիթ,-
Շուրջս խավար է։ Չգիտեմ ինչպես,
Քեզ վերագտնեմ հուշերիս միջից։
Ծղրիդի երգը բողոք է անտիկ,
Ծղրիդի երգը՝ անեծք առ Աստված
Սիրուս հրդեհը թե պետք չէ, պիտի
Ծխով տաքանա սիրտդ անաստված։
Ծղրիդի երգը մորմոք է ասես,
Ծղրիդի երգը՝ ցավի շարական,-
Մենակությունս՝ մերժումի մի թել,
Պատարագում է երազիս վրա․․.