ԲԵՌԱՆ ՆԵՐՔՈ
Անցնում էիր:
Ողջ երեկոն քոնն էր կարծես,
Ողջ երեկոն` իր բույրերով ու ջերմությամբ:
Երկարափեշ եթե լիներ հագուստը քո`
Ես կասեի,
Որ երեկոն քարշ էր գալիս քո ետևից`
Քո հագուստի փեշի նման:
Սակայն կարճ էր հագուստը քո:
Եվ երեկոն
Ամփոփվում էր քո ծնկների ծալքերի մեջ`
Կարճ հագուստիդ կարճ փեշերի կարի ներքո...
Վերջալույսի արևը շեղ գտել էր քեզ
Ու շուլալվել քո հագուստի կոճակներին:
Վերջալույսի շեղ շողերի միջնորդությամբ
Երկարում էր քո ստվերը` հմայքիդ պես,
Ու քայլում էր քեզնից առաջ` հմայքիդ պես...
Եվ արթնացավ մեջս հանկարծ
Ինքնաձաղկման և ամոթի
Տարօրինակ մի ցանկություն.
Եթե կյանքում կա քեզ նման մի թանակություն
Ես ինչպե՞ս եմ կյանքին նայել էժան աչքով`
Ոչ թե անուշ մի հիացքով,
Այլ մի տըտիպ,
Հաճախ դառըն,
Նաև կծու մի հայացքով:
Եվ ինչպե՞ս եմ հաճախ իջել-ստորացել`
Բարկանալու և դատելու աստիճանի,
Չարանալու և ատելու աստիճանի,
Ու թույլ տվել, որ նողկանքը տեղից հանի
Հիացմունքին:
Հոգով-սրտով ներողություն...
Այսուհետև, ինձ հավատա,
Էլ չպիտի ես խառնվեմ ոչ իմ գործին.
Էլ չպիտի այսուհետև
Հակվեմ կյանքի աղտ-աղարտի ծանրության տակ:
Առանց այն էլ ես հակված եմ բեռան ներքո
Այն վիթխարի երգեհոնի, որ ի ծնե
Սապատվել է իմ շալակին:
Թող հնչի նա:
Եվ անցիր դու:
Միայն թե դու ... "մե քիչ կամա՛ց գնա, գոզա՜լ",
Որ քո կամաց և անշտապ քելքի չափին համաչափվի
Մեր խեղճ սրտի տրոփյունը հաճախակված,
Որ քո տեսքից հանգստանան աչքերը մեր,
Եվ քեզ թաքուն ունենալուց
Ջղերը մեր քիչ խաղաղվեն,
Ու երկարի այս անդորրը` շուքիդ նման,
Ու կարճանա հոգնությունը` փեշերիդ պես ...