Ծաղիկ է, ծաղիկ է, Դեղին ծաղիկ է, Ողջ դաշտը ասես Ծաղկած թաղիք է: Շուրջը կակաչ է՝ Կարմիր ու սևաչ է, Քամու բերածն էլ Դեղին հառաչ է: Դեղին ծաղիկ է Ոսկե թաղիք է, Ոսկե շաղի տակ Արևածաղիկ է:
Կովը եկավ արոտից՝ Տխրած՝ հորթի կարոտից, Եկավ կաթ տա իր հորթին, Լիզի նրա չալ մորթին: Կաթ էր արել հոտերից, Հանդի ծաղկուն խոտերից, Կարկաչներից գետերի, Կռոցներից գորտերի, Աղբյուրներից, ցողերից, Արևի վառ շողերից, Անձրևներից ամպերի, Եվ քերծերից անբերրի, Երիցուկի ճերմակից, Ձորի ծաղկե վերմակից, Երգից մեղվի ու լորի, Եվ աղոթքից հնձվորի: Կովը եկավ արոտած, Իր չալ բալին կարոտած, Եկավ կաթ տա իր հորթին, Որ չմնա անոթի:
Հիվանդը տատս է, Իսկ ես բուժողը, Բայց, տես, պապս է Այստեղ տուժողը: Հոգսեր ունեմ շատ, Պիտ բուժեմ տատիս, Քրտինքն է հատ-հատ Շարվել ճակատիս: Շուտ արա, խմի՛ր Դեղահաբերը, Տատ, կանցեն հիմի Բոլոր ցավերը: Տաքացրել եմ Երեկվա խաշուն, Դ՛ե, չխանգարեք՝ Պապս է ճաշում: Առողջ է տատս - Երբ ես եմ բուժում, Սխալ բան՝ պապս, Օ՜, չի հանդուրժում: Տատս ասում է,- -Փոքր ես թեև, Խելքդ հասուն է, Իմ փոքրիկ Տաթև:
Ուր ասես, որ չի գնում, տե՛ս, Կապիկը, Մեկ կապույտ է, մեկ՝ վարդերես Շապիկը: Վարդ է քաղել՝ տեսեք հրակ Ծոպիկը*, Բայց ճանկռել է վարդը նրա Ափիկը: Ուր էլ գնա- չար է ու զեռ* Ճարպիկ է, Չի խրատոմ նրան իր ծեր Պապիկը: Կապկից կապիկ այդ մճճի* Պապիկը Իրեն նման չարաճճի Կապիկ է:
Ձմեռ պապի, Կաղանդ ապի, Որ ապրում ես Ծովի ափին, Որտեղ ցուրտ է Ամռան տապին, Քուրքդ հագիր, Գոտիդ կապիր, Նվերներդ Տասնապատկիր, Արի Ավան Ու Արաբկիր, Արցախ, Լոռի, Վայք ու Տաշիր, Մանուկների Հոգսը քաշիր, Սիրով օծիր, Սիրտդ մաշիր, Մանուկներին Մեր արժանի Նվերներ դու Բեր, բաժանիր: Եկավ մեզ մոտ Ձմեռ պապին, Նվեր բերեց Նվեր ապին, Հազար ձմեռ Թող նա ապրի, Բարիքները Բազմապատկի: