.
ԱՐՋՆ ՈՒ ՄՈԼՈՐՎԱԾ ՔՈԹՈԹԸ
Հեքիաթ
Կորցրել է քոթոթին
Արջը ծմակում,
Որտեղ կածանը ձորի
Շատ է բարակում:
Մռնչում է ու կանչում
Մայրը քոթոթին,-
-Ո՞վ է տեսել, որտե՞ղ է
Իմ բրդոտ որդին:
Փոքր է դեռ, կես տարին
Նոր է բոլորել,
Ո՞վ է նրան անտառում
Խաբել, մոլորել:
Հոտոտում է ամեն թուփ
Ամեն արահետ,
Ու մռնչում, որ որդին
Լսի ու գա հետ:
Լսեց մռունչը իր մոր
Արջուկը բրդոտ,
Վազեց՝ թփեր ճեղքելով
Ու եկավ մոր մոտ:
Գրկեց որդուն մայր արջը,
Շոյեց մայրաբար,
Եվ խրատեց,- Չգնաս
Դու անծանոթ վայր:
Ձորը չիջնես առանց ինձ,-
Ասաց քոթոթին,-
Այնտեղ վտանգ կա բազում,
Խորն է ու մթին:
Տաքուկ որջում՝ ուր չկա
Վտանգ ու չարիք,
Ապրում են դեռ երկուսով
Գոհ ու երջանիկ:
.
