Генрих Бабаджанян » 12 сен 2016, 21:12
.
ՕՐԸ ԾՆՎՈՒՄ Է
Օրը ծնվում է, Օրն արարվում է՝
Լույսով թանձրացած՝ աղոթքով լեցուն,
Կրքերով բազում՝ մարված,-չմարված,
Ջահել այրիի մռմուռով անզուսպ՝
Մորմոքահալած ու սրտակեղեք,
Եվ սիրատոչոր կույս աղջների
Անքուն գիշերի տվայտանքներով,
Նուրբ սարդոստայնի շղարշով գունեղ՝
Եվ ծիրանագույն նարոտներով բյուր,
Եվ բոսորաթույր թևերով շաղոտ՝
Պատրաստ գրկելու աշխարհը համայն,
Հանդերում սփռած ցող ու շաղերով՝
Նման ուլունքի՝ ադամանդաշար:
Օրը ծնվում է, Օրն արարվում է՝
Ծեգի բարձրաձայն աքլորականչով,
Խոտհարքի ելած ծեր շենականի
Արարչին հայցված աղոթքաշարով,
Նաև՝ պառավի ցավոտ հառաչով՝
Տարագիր որդու կարոտից, մեկ էլ՝
Խոտհարքի ելած հիվանդ ամուսնու,
Քնած թոռների ջերմ սիրով լեցուն:
Օրը ծնվում է, Օրն արարվում է՝
Անտառից եկող հավքի դայլալով,
Կթելու պատրաստ, հորթին կաթ տալու
Քնից նոր ելած կովի բառաչով,
Բա՜ - ով գառների, Չալոյի հաչով,
Սիրով խտացած՝ աստվածաշնորհ,
Երազով բարի՝ մնացած կիսատ,
Բայց կրկնվելու ցանկալի իղձով:
Օրը ծնվում է, Օրն արարվում է՝
Նա սրբանում է Մայրության նման...
-Բարի Լույս, մարդիկ,
Բարի ողջություն
Եվ խաղաղությու՜ն ձեզ, ամենեցու՜ն: