Генрих Бабаджанян » 16 ноя 2015, 12:32
ՏԱՐԱԳՐՎՈՂԸ
Հին խուրջինը ուսին,
Ուսը նույնպես մաշված,
Հոգնած հին հոգսերի անլուծելի դավից,
Ցավից դառնակսկիծ ու տոչորված տապից,
Բայց սրտի մեջ նիրհող խնկապարույր սիրով
Եվ արյունը ցնցող հուշով սրտակեղեք,
Իսկ արյան մեջ կյանքի կենսավարար ուժեր՝
Մաքառումի անզուսպ պոթկումով աննինջ:
Նա գնում է հեռու՝
Մատնությունից հոգնած, հետ դառնալու իղձով,
Անուրջներով լեցուն, բախտով վտարանդի.
Օազիսը լքող քարավանի նման,
Կորցածի ողբը, հեծեծանքը զսպած,
Անբարեհաճ բախտի որոգայթից գաղթող՝
Չկարեկցված , լքված որբի նման տխուր,
Ուր ավազ կա փխրուն
Ոտքերի տակ հոսող՝
Վատ ընկերոջ նման օձագալար պարով:
Հույսը նրան հաճախ խաբել է ու լքել,
Ու թողել է միայն տագնապ ու վախ անհաճ,
Ունայնություն հուզող, անբարեշուք ներկա:
Հին խուրջինը ուսին
Նա լքում է իրեն՝
Հետ դառնալու անզուսպ անուրջներով լեցուն,
Աստվածատուր ուժով, կամքով անապական,
Եվ եռանդով անխոնջ, մանկան նման չքմեղ:
Նա լքում է իրեն՝ հետ դառնալու իղձով,
Բայց էությամբ մի նոր՝ իմաստնացած: